Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի հարցին ի պատասխան անդրադարձավ խնդրին, թե ինչո՞ւ են էապես տարբերվում Հայաստանի և Վրաստանի կորոնավիրուսով հիվանդների թվերը ու մահացությունները:

«Հնարավոր է, որ, օրինակ, Վրաստանի արած 40 հազար թեստերը դրանք pcr թեստեր չլինեն, այլ մի մասը լինեն արագ թեստեր, որոնցից մենք պրակտիկորեն չենք օգվում, քանի որ դրանք հավաստի ու վստահելի չեն: Երկրորդը, դա այն քաղաքացիներն են, ովքեր թեստավորվում են ըստ ցուցումների: Օրինակ՝ արդյոք սուր շնչառական վարակ ունեցող քաղաքացիները, որոնք հնարավոր է ունենային կորոնավիրուսային վարակ, բայց տանեին շատ թեթև, ընդհանրապես թեստավորվե՞լ են, թե՞ ասել են՝ հարգելի քաղաքացի, դու ունես թեթև հարբուխ, մնա տանը և լավացիր: Ես այդ հարցի պատասխանը չունեմ»,- ասաց Արսեն Թորոսյանը:

Անդրադառնալով Վարստանում կորոնավիրուսով մահացության ցածր թվերին՝ նախարարն ասաց. «Արդյոք Վրաստանում թոքաբորբով ախտորոշումով մահվան դեպքը, եթե նրա մոտ նաև կորոնավիրուսային վարակ կա, համարվո՞ւմ է կորոնավիրուսից մահացած քաղաքացի, թե չի համարվում: Մեզ մոտ համարվում է միանշանակ: Այսինքն՝ մենք անխտիր կորոնավիրուսից մահացած բոլոր քաղաքացիներին գրանցում ենք որպես կորոնավիրուսից մահացած քաղաքացիներ»:

Թորոսյանը հավելեց, որ չգիտի այն հարցի վերջնական պատասխանը, թե արդյոք Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի բոլոր դեպքերն են լինում վիճակագրության մաս: «Բայց եթե նույնիսկ ենթադրենք իրենց մոտ ամեն ինչ լավ է: Հիմա իրենք բացել են սահմանները ու պատրաստվում են տուրիստներ ընդունել, արդյոք լավ արդյունքները այդպես հարատև պահպանվելու են, թե՞ ոչ»,- հավելեց նա:

Արսեն Թորոսյանն  այսօր պատասխանում է Հանրային խորհրդի անդամների հարցերին: Անդրադառնալով կորոնավիրուսով ծանր դեպքերին՝ նախարարն ասաց, որ այս պահին ունենք 202 ինտենստիվ թերապիայի մահճակալ մոբիլիզացված հիվանդանոցներում, որից զբաղված է 152-ը:

«Այո, դեռ ազատ մահճակալներ կան, սակայն նրանց զբաղվելը և ազատվելը շատ հակառակ տրամաբանությամբ է տեղի ունենում: Այսինքն՝ դրանք շատ արագ զբաղվում են, կարող է հենց այսօր միանգամից 50-ն էլ զբաղվի, բայց կազատվեն շան դանդաղ, որովհետև այն քաղաքացիները, որոնք վերակենդանացման բաժանմունքներում են, մոտավորապես 20 օր մնում են այնտեղ: Միայն այն դեպքերում է կարճ լինում ռեանիմացիոն մահճակալների զբաղվածությունը, եթե հիվանդի վիճակը կտրուկ վատանում է, և մենք չենք կարողանում փրկել»,- նշեց նա:

Այսինքն՝ ըստ նախարարի՝  մոբիլիզացված ռեսուրները հնարավոր է՝ ինչ-որ պահի չհերիքեն: Եվ այդ դեպքում իրենք ունեն իրենց մարտավարությունը, բայց դա ամենաանցանկալի բանն է, որ կուզեին անել: «Դա առողջապահական ամբողջ համակարգի ներգրավումն է պրոցեսի մեջ՝ բոլոր հիվանդանոցների, բոլոր ռեանիմացիաների ամբողջ բժշկական անձնակազմի: Դա կարող է լինել անխուսափելի, եթե մենք շարունակաբար ունենանք նման բարձր թվեր: Դա ստիպված քայլ կլինի, որն իր հետ բերելու է վատ սցենարների նաև բուժաշխատողների վարակվածության առումով, որն անխուսափելիորեն բարձրանալու է»,- ասաց նա: Ըստ նախարարի՝ մինչ օրս կորոնավիրուսով վարակված է մոտ 350 բուժաշխատող: Նաև մեկ այլ վատ սցենար կարող է լինել՝ հիվանդանոցներում բուժվող այլ խրոնիկական հիվանդություններով ծանր քաղաքացիները ներհիվանդանոցային վարակի պատճառով կվարակվեն, իրենց առողջական առանց այն էլ վատ վիճակը կվատթարանա:

«Հետևաբար, մենք գերնպատակն է այդ սցենարը թույլ չտալ՝ կառավարելի պահելով իրավիճակը»,- նշեց նա: Նախարարը դարձյալ ասաց, որ այս իրավիճակը երկար է տևելու, մի քանի ամսում կորոնավիրուսը չի վերանալու, իսկ դեղամիջոցն ու պատվաստանյութը շուտ չեն հայտնաբերվելու:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •