Hashvark

Ապրիլին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն արձանագրել է 17,2 տոկոս անկում: Սա խոշորագույն անկումն է այդ ցուցանիշի չափման պատմության մեջ երբևէ: Տնտեսական այդ ցուցանիշը չափվում է 2011 թվականից սկսած:

Այն ուղիղ չի նույնացվում տնտեսական աճի, ՀՆԱ աճի ցուցանիշին, սակայն ըստ էության որոշակիորեն համադրելի է: Այդպիսով ստացվում է, որ ապրիլին Հայաստանի տնտեսական ցուցանիշները իջել են ավելի, քան 2008 թվականի ճգնաժամից հետո 2009-ի տնտեսական անկումը, որը խոշորներից մեկն էր աշխարհում: Իհարկե, այդ երկու իրողությունների պատճառահետևանքային կապի առումով համեմատության եզր անգամ չկա, քանի որ այն ժամանակ իրավիճակը մեղմ ասած շատ հեռու էր այն ճգնաժամային պատճառներից, որ եղել են ընթացիկ մարտին-ապրիլին:

Ըստ այդմ, պատճառների համեմատության առումով այն ժամանակ թերևս կլիներ արդեն եռանիշ անկում: Իհարկե պայմանականորեն, սակայն խնդիրը ամենևին համեմատությունը չէ, այլ ուղղակի մասշտաբը պատկերացնելը, թե ինչ կլինի Հայաստանի տնտեսության հետ, եթե շարունակվի տնտեսության փակ ռեժիմը: Եվ դա այն հարցի պատասխանն է, թե ինչու անգամ համավարակի ամենևին ոչ գագաթնակետի պայմաններում Հայաստանը ստիպված է բացել տնտեսությունը: Որովհետև մի քանի ամիս շարունակ այդօրինակ ծավալի անկումը ուղղակի կբերի տնտեսական աղետի, որից վերականգնվելը լինելու է գերդժվար, ու անկասկած դարձյալ մարդկային կյանքերի գնով:

Հետևաբար, տնտեսական փակ ռեժիմը Հայաստանին չի տալու որևէ արդյունք, փոխարենը խորացնելու է շատ խնդիրներ: Ըստ այդմ, վերադառնալ սահմանափակումների խիստ ռեժիմի, նշանակում է Հայաստանի տնտեսությունը դնել աղետի ռիսկի առաջ: Հակառակը գուցե նշանակում է առողջապահական ռիսկ Հայաստանի համար: Բայց, ամբողջ հարցն այն է, որ լայն իմաստով առողջապահական ռիսկի կառավարումը հենց պահանջում է նաև տնտեսական կարողություններ, այդ թվում ծանր հիվանդների համար մահճակալային հնարավորությունների, ռեանիմացիոն հնարավորությունների աճի տեսանկյունից: Եվ ուրեմն, մեզ պետք է տնտեսություն՝ այդ թվում կորոնավիրուսի դեմ պայքարի համար:

Ի վերջո, ակնառու է, որ դրա կարիքը զգում են բոլորը: Աշխարհում եզակի երկրներ կարող են խոսել վարակի ցածր ցուցանիշի մասին, բայց տնտեսությունը բացում են գործնականում բոլորը, որովհետև հնարավոր չէ փրկել որևէ բան՝ շնչահեղձ անելով երկիրը: Որովհետև դա ունենալու է ոչ միայն տնտեսական, ներքաղաքական, այլ անգամ ռազմա-քաղաքական հետևանք:
Spread the love