Քաղաքականության ահռելի դեֆիցիտ, կա քաղաքական տեքստերի, քաղաքական բանավեճերի ահռելի պակաս

- in Վերլուծական

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հրաժարվել է մանդատը, այսպես ասած, համատեղ վայր դնելու իմքայլական առաջարկից, որ հնչեցրել էր մեծամասնության խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Խոսքը վերաբերում է հայտնի աղմկոտ միջադեպին և դրա առանցքային մասնակիցներին: Կասկածից վեր է, որ Մարուքյանի դրական արձագանքը Հայաստանում ստեղծելու էր որակապես այլ քաղաքական իրավիճակ, ինքնին փոփոխություն չբերելով խորհրդարանական ստատուս-քվոյի հարցում: Թե ինչպես կզարգանար այդ իրավիճակը, հնարավոր է իհարկե դիտարկել ամենատարբեր դասավորություններով, սակայն քայլը կլիներ բավականին ուժեղ:

Մյուս կողմից, այստեղ, իհարկե, հատկանշական է հարցը, թե ինչ էր լինելու խորհրդարանի հետ ընդհանրապես:

Ակնառու է, որ Հայաստանի թիվ մեկ քաղաքական կառույցում, թիվ մեկ քաղաքական ամբիոնում, իշխանության միակ առաջնային մանդատի կրող ներկայացուցչական մարմնում կա քաղաքականության ահռելի դեֆիցիտ, կա քաղաքական տեքստերի, քաղաքական բանավեճերի ահռելի պակաս:

Ըստ այդմ, խնդիրը բռունցքներով միջադեպի մասնակիցների մանդատը չէ, առավել ևս, որ ակնառու դարձավ քաղաքական մշակույթի խորքային խնդիրը միջադեպի առնչությամբ արձագանքների առումով: Ի վերջո, մենք ունենք քաղաքական կառույցի, քաղաքական և ներկայացուցչական թիվ մեկ, իսկ ներկայացուցչականության առումով էլ բացառիկ ամբիոնի քաղաքականացման հարց, գաղափարականացման հարց, որը հնարավոր չէ լուծել մի քանի մանդատի փոփոխությամբ: Սրան զուգահեռ, սակայն, կա հարց, իսկ ի՞նչ պատկեր կարող ենք ունենալ, եթե դնենք բոլոր մանդատների կամ, այլ կերպ ասած, խորհրդարանի արտահերթ ընտրության հարց: Գործնականում ոչ մի այլ պատկեր, որովհետև այն, ինչ այսօր կա խորհրդարանում, գործնականում հասարակական-քաղաքական դաշտի գերակշռող համայնապատկերի մի մասն է: Ըստ այդմ, քանի դեռ փոխված չէ այդ համայնապատկերը, մեծ հաշվով, ունենալու ենք նույն խորհրդարանը, պարզապես հնարավոր է այլ անվանումներով խմբակցություններով: Ըստ այդմ, հանրային օրակարգի թիվ մեկ հարցը պետք է դառնա հասարակական-քաղաքական համայնապատկերի որակական փոփոխությունը, բովանդակային փոփոխությունը:

Ինչպե՞ս: Դա է հարցը, և դրա շուրջ քննարկումներ Հայաստանում այսօր չկան, որովհետև քննարկումների, այսպես ասած, «տրենդային» հարթակները՝ լինեն դրանք իշխանական, թե, այսպես ասած, նախկին իշխանական, զբաղված են բոլորովին այլ օրակարգերով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments