Երեկ ողջ օրը դրամատիկ ու լարված իրավիճակ էր Կապանի ոստիկանության դիմաց, որտեղ հավաքվել էին քաջարանցիները, ովքեր պահանջում էին գիշերը ձերբակալված քաջարանցիներին չտեղափոխել Երեւան:

Ըստ Քննչական կոմիտեի պարզաբանման՝ քաջարանցիներին ձերբակալել են առեւանգման ու ծեծի գործով, նրանցից մեկի բնակության վայրում խուզարկությամբ հայտնաբերվել է մեծ քանակի մարիխուանա տեսակի թմրանյութ:

Ըստ ՔԿ-ի՝ պարզվում է համայնքի ղեկավարի առնչությունն այս գործին: Խոսքը Քաջարանի քաղաքապետի մասին է, ում տանը նույնպես խուզարկություններ են կատարվել: Նա երեկ ներկա էր բողոքի ակցիաներին եւ ավելին, հանդես եկավ հայտարարությամբ, որում տեղի ունեցածը համարեց քաղաքական հետապնդում իր հանդեպ:

Տեղեկություն տարածվեց, որ ձերբակալվածների հանդեպ ոստիկանությունում բռնություն է կիրառվել: Ոստիկանությունը հայտարարել է ծառայողական քննություն անցկացնելու մասին: Միաժամանակ տեղեկություն եղավ, որը արձանագրեց ՄԻՊ-ը, որ Երեւանից ոստիկանական զորք է տեղափոխվել Կապան:

Երեկ Ֆեյսբուքի իր էջում գրառում արեց Նիկոլ Փաշինյանը, որը թերեւս կապված էր Կապանի իրադարձությունների հետ: Կրիմինալի ու կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու։ Լինելու է չոր, օրինական ու ըստ անհրաժեշտության նաեւ կոշտ հակազդեցություն, գրել էր նա: Թերեւս այս հայտարարությունն էր պատճառը, որ ենթադրվեց, թե ցուցարարների դեմ ուժ է կիրառվելու:

Վերջին օրերին բազմաթիվ խուզարկություններ են կատարվել ոչ միայն Քաջարանի, այլեւ Սյունիք մի շարք այլ համայնքների ղեկավարների տներում: Խոսվում է նաեւ Գորիսի ու Կապանի քաղաքապետերի հանդեպ իրավական գործընթացների մասին: Արդյոք նման լայնածավալ գործողությունները կապված են առեւանգման ու ծեծի գործի հետ, թե այդ գործն ինչ որ այլ, առավել լայնածավալ խնդրի է առնչվում:

Այս համայնքների ղեկավարները իշխող ուժի ներկայացուցիչներ չեն, մյուս կողմից՝ ինչ որ առումով արտառոց է, երբ քաղաքապետը կառավարությանը մեղադրում է քաղաքական հետապնդման համար:

Ի՞նչ է կատարվել, եւ ո՞րն է այս իրադարձությունների պատճառը: Ոչ յուրային համայնքապետերին հեռացնելու ցանկությո՞ւնը, որը պնդում են համայնքապետերն ու «ընդդիմադիր» շրջանակները, թե՞ գործ ունենք իրապես լուրջ քրեածին իրավիճակի հետ: Բոլոր դեպքերում, իրավիճակը լուրջ է եւ պահանջում է իրավական, պատասխանատու ու թափանցիկ մոտեցում, առավել եւս նկատի առնելով Սյունիքի կարեւորությունն ու առանձնահատկությունը որպես ռեգիոն:

Spread the love