ՀՀ Ընտրական օրենսգրքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն առաջին հերթին այն նպատակն ունի, որ կարողանանք հանրության մեջ կոտրել այն մտածողությունը, որը հենված է ազգակցական, հաճախ նաև կրիմինալ կապերի վրա: Այս մասին ԱԺ նիստում ասաց ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը:

Այս նախագծով, հիշեցնենք, սահմանվում է, որ 4000 և ավելի ընտրող ունեցող բոլոր համայնքներում պետք է լինեն համամասնական ընտրակարգով ընտրություններ, որին մասնակցելու են քաղաքական կուսակցությունները և դաշինքները:

«Տեղական ինքնակառավարման մարմիններում այս ընտրակարգը ներդնելով՝ մենք պետք է նպաստենք, որ տեղերում ժողովրդավարությունը վեր բարձրանա ու հաղթի:  Մենք հետհեղափոխական շրջանում ունենք ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություն, բայց գիտենք, որ շատ համայնքներում շարունակում են պաշտոնավարել նախահեղափոխական շրջանում ընտրված համայնքապետեր: Ես որևէ համայնքապետի հետ երբևէ որևէ խնդիր չեմ ունեցել»,- ասաց նա: Բայց, ըստ Պապիկյանի, մի բան հստակ է՝ հասարակության տարբեր շերտեր, նաև տարբեր կուսակցություններ իշխանություններին մեղադրում են, որ հարմարվողականություն են ցուցաբերում և շարունակում են աշխատել նախկին համայնքապետերի հետ:

«Այդ համայնքապետերին ընտրել է ժողովուրդը՝ տարբեր կերպ: Բայց մենք հիմա հնարավորություն ենք ընձեռելու, որպեսզի Հայաստանի քաղաքացին իր համայնքում հաստատի իր իշխանությունն ամբողջությամբ, ինքը որոշի՝ ով լինի իր համայնքի ղեկավարը: Կարող են նաև այդ համայնքի ղեկավարները լինել նախկինում ընտրվածները, ես չգիտեմ, դա կախված է տվյալ մարդկանց հեղինակությունից, անցած ճանանպարհից: Այս կարգավորումը շտկում է մտցնելու բոլոր խնդիրների մեջ, և նաև այս թեման մեկընդմիշտ փակելու է»,- հավելեց Պապիկյանը:

Spread the love