Շողակաթ խոշորացված համայնքի պահպանված պատմամշակութային արժեքներն ու մեր օրերը – Լուսանկարներ

- in Հասարակություն

Գեղարքունիքի մարզի խոշորացված Շողակաթ համայնքը՝ կենտրոնը Շորժա, հիմնադրվել է 1810 թվականին: Գյուղը նախկինում կրել է Նադեժդինո անվանումը, 1932 թ. այն վերանվանվել է Շորժա:

Համայնքի շրջակայքում պահպանվել են պատմամշակութային արժեք հանդիսացող՝ մ.թ.ա. առաջին հազարամյակի՝ բերդի ավերակներ, դամբարաններ, 17-րդ դարի եկեղեցի, մատուռներ և այլ հնություններ:

Շողակաթ խոշորացված համայնքն այսօր ղեկավարում է 2017թ. ընտրված, գյուղի և գյուղացու հոգսերին լավ ծանոթ, փորձառու գյուղապետ՝ Սուլիկո Շահենի Շուշանյանը:

Ծնվել է 1953 թվականին Կրասնոսելսկի շրջանի Հին Բաշգենդ գյուղում: 1972 թ. ավարտել է Երևանի Ռադիոէլեկտրակապի տեխնիկումը:

1991-1994 թթ. մասնակցել է մարտական գործողություններին:

1996 թ. ընտրվել՝ 1999թ, 2002թ., 2005թ., 2012թ., 2014թ. վերընտրվել է Շորժա համայնքի ղեկավարի պաշտոնում:

2006 թ. Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից պարգևատրվել է շնորհակալագրով:

2008 թ. ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:

2012 թ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից՝ <Ծովակալ Իսակով> մեդալով:

2014 թվականին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման գուրծում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից պարգևատրվել է շնորհակալագրով:

2018 թվականին Երկրապահ կամավորականների միության կողմից հայոց բանակի ստեղծման 26-րդ տարելիցի կապակցությամբ պարգևատրվել <ԵԿՄ 20 ՏԱՐԻ> հոբելյանական մեդալով:

Համայնքում իրականացված աշխատանքների մասին պատմեց համայնքի ղեկավար՝ Ս. Շուշանյանը:

Պարոն Շուշանյան, ո՞ր համայնքների միավորումից է ստեղծվել Շողակաթ խոշորացված համայնքը:

Տասնամյակներ առաջ հիմնադրված Շորժա, ներկայիս խոշորացված Շողակաթ համայնքը, տարիների ընթացքում զարգացել է, ունեցել բազում ձեռքբերումներ: Այժմ այն իր մեջ է միավորում Սևանա լճի արևելյան ափերին տեղակայված Աղբերք, Շողակաթ, Արտանիշ, Դրախտիկ, Ծափաթաղ և Ջիլ բնակավայրերը: Այս բնակավայրերից յուրաքանչյուրն ունի իրեն հատուկ կենսագրություն, պատմություն ու կենսափիլիսոփայություն, սակայն միավորվում է մեկ գաղափարի շուրջ՝ զարգանալ և օրեցօր ստեղծել կայուն տնտեսություն, բարեկեցիկ կյանք հայրենիքում և նրա թևերի ներքո:

Շողակաթի բնակիչները գաղթել են Արծվաշենից ու Ադրբեջանից: Ինչ վերաբերում է սկզբնավորումից մինչև ներկա Շողակաթի անցած ճանապարհին, ապա այդ տարիները եղել են կայացման և զարգացման համար ամուր հիմք ստեղծելու տարիներ: Համայնքի ղեկավարից մինչև բնակիչ մտահոգ են Շողակաթի կայացման համար, և մեր բոլորի ջանքերն ուղղված են մեր համայնքն էլ ավելի զարգացած, էլ ավելի կայացած դարձնելուն: Թերևս մարդուն բնորոշ է միշտ էլ ավելի լավի սպասելիքը: Մենք էլ փորձում ենք արդարացնել բնակիչների սպասելիքները, ձգտում ենք օրեցօր ավելի լավը դարձնել մեր համայնքը: Պետական և համայնքային միջոցների շրջանակում ձգտում ենք անել լավագույնը. մեր համայնքում կենսական կարևորություն ունեցող բոլոր աշխատանքներն առաջնային տեղում են:

Ձեր ղեկավարած ժամանակահատվածում՝ խոշորացումից հետո, ի՞նչ աշխատանքներ են կատարվել համայնքում, որոնք թեթևացրել են բնակչության հոգսը:

Բավական շատ աշխատանքներ են կատարվել սուբվենցիոն ծրագրերով, համայնքի սեփական միջոցներով: Արտանիշ, Դրախտիկ և Շողակաթ գյուղերում անցկացվել է փողոցային լուսավորություն, Շողակաթի և Դրախտիկի որոշ փողոցներում իրականացվել է ասֆալտապատում: Հիմա էլ կան հաստատված ծրագրեր, որոնք միտված են անցկացնել տարբեր բնակավայրերի փողոցային լուսավորությունը, ջրագծի ներքին ցանցը, ասֆալտապատումը, ֆոտովոլտային կայանները և այլն: Ծափաթաղ և Դրախտիկ բնակավայրերի նախադպրոցական կրթության զարգացման, նորարարական համակարգերի ներդրման բնագավառում իրականացվել է «Շողակաթ համայնքի մոբայլ մանկապարտեզների էներգախնայողության արդյունավետության ապահովում և հարմարավետության բարձրացում» ծրագիրը:

Համայնքում բոլոր աշխատանքները միտված են համաչափ զարգացման ապահովմանը, քանի որ մինչ խոշորացումը շատ բնակավայրերում հնարավոր չէր որևէ աշխատանք իրականացնել: Գրեթե բոլոր բնակավայրերում ներդրում է կատարվել՝ Ջիլում մանկապարտեզի ջեռուցում է անցկացվել, Ծափաթաղում կառուցվել է համայնքային կենտրոն, Աղբերքում և Արտանիշում՝ հանդիսությունների սրահ, Դրախտիկում, Ջիլում և Աղբերքում ՝ համայնքային կենտրոնների ստեղծում և կահավորում և այլն: Դրախտիկում իրականացվել են գազաֆիկացման, ներքին ցանցի կառուցման աշխատանքներ:

Պիլոտային ծրագրով հիմնվել են ծիրանի այգիներ, տնկվել են ընկուզենիներ՝ մոտ 50 հա: Սրանք դեռևս փորձնական ծրագրեր են, թեև հուսով ենք՝ դրանք իրենց կարդարացնեն և կապահովեն ժամանակավոր ու մշտական աշխատատեղեր: Վերջին ժամանակներում օգտագործվում է արևի էներգիան, կառուցվում են ֆոտովոլտային կայաններ, ինչը հնարավորություն է տալիս լիարժեքորեն օգտագործել նաև այլընտրանքային էներգիան: Շողակաթի բնակչության հիմնական ապրուստի միջոցը գյուղատնտեսությունն է: Հուսանք՝ նոր տնկված այգիները և մյուս ծրագրերը ևս կտան իրենց դրական արդյունքները:

Մեր տարածաշրջանը զբոսաշրջության զարգացման առումով բավական լուրջ հնարավորություն ունի: Մեր համայնքում է գտնվում Թուֆենկյանների հյուրանոցը, համայնքի բոլոր ափամերձ տարածքները հանգստյան գոտիներ են, կան լավ հյուրատներ, հանգստյան գոտիներ և այլն: Մեր մեծագույն ցանկությունն է՝ Սևանը միշտ հյուրընկալ լինի, քանզի առողջ Սևանը մեր համայնքի, ինչպես նաև ամբողջ մարզի բնակչության բարօրության գրավականն է:

Ի՞նչ կրթամշակութային, մարզական օջախներ են գործում համայնքում, համայնքապետարանը, ինչպե՞ս է աջակցում կրթօջախների աշխատանքներին:

Համայնքում գործում են վեց միջնակարգ դպրոցներ, Ջիլ գյուղի մսուր –մանկապարտեզը, Դրախտիկ և Ծափաթաղ գյուղերի մոբայլ մանկապարտեզները, Աղբերք գյուղի վաղ զարգացման կենտրոնը: Համայնքի միջոցներով 2019 թվականին Արտանիշ գյուղի միջնակարգ դպրոցում անց է կացվել ջեռուցման համակարգ, Դրախտիկ գյուղի միջնակարգ դպրոցում թվով 25 դասարաններում կառուցվել է էլէներգիայով սնվող ջեռուցման համակարգ: Շողակաթ գյուղի միջնակարգ դպրոցում կատարվել է ճաշարանի կապիտալ վերանորոգում:

Դպրոցներում ֆիզկուլտուրայի դասերը անցկացնելու համար, ի՞նչ պայմաններ կան՝ մարզադահլիճ, մարզահրապարակ, մարզական գույք:

Դպրոցներում ֆիզկուլտուրայի դասերը անց են կացվում դպրոցների մարզադահլիճներում և դպրոցներին կից մարզահրապարակներում, սակայն մարզադահլիճները գտնվում են ոչ բարվոք վիճակում, համարյա բոլոր դպրոցներում բացակայում է մարզագույքը:

Համայնքում իրականացվող աշխատանքներին ո՞ր կազմակերպություններն են օգնում

Համայնքում իրականացվող աշխատանքներին հիմնականում աջակցում է ՀՀ կառավարությունը, մարզպետարանը և որոշ միջազգային կազմակերպություններ:

Մանվել Կիրակոսյան

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments