aac

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, շարունակվում է ԱԱԾ երկու նախկին աշխատակիցների՝ Էդիկ Ափոյանի ու Գևորգ Գաբրիելյանի, ինչպես նաև ըստ մեղադրանքի՝ նրանց օժանդակած երրորդ անձի՝ Գոռ Մարտիրոսյանի գործի դատական քննությունը:

Ամբաստանյալները նախաքննության սկզբից կալանքի տակ են եղել, կորոնավիրուսի համավարակի հետ կապված, պաշտպանական կողմի միջնորդություններով դատարանը գրավի դիմաց ազատ է արձակել  նրանց: Էդիկ Ափոյանն ու Գևորգ Գաբրիելյանն ազատ են արձակվել յուրաքանչյուրը 5 միլիոն դրամ գրավի դիմաց:

Երրորդ ամբաստանյալի՝ Գևորգ Գաբրիելյանի ընկեր Գոռ Մարտիրոսյանի մասով դատարանը խափանման միջոցին անդրադարձել է սեփական նախաձեռնությամբ և նրան ազատ է արձակել 2 միլիոն դրամ գրավով:

Ըստ մեղադրանքի՝ ՀՀ ԱԱԾ երկու պաշտոնատար անձինք, նախնական համաձայնության գալով, շորթմամբ  Հնդկաստանի Հանրապետության քաղաքացուց պահանջել և ստացել են առանձնապես խոշոր չափերով գումար, ինչպես նաև, դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից, էական վնաս են պատճառել անձանց իրավունքներին և պետության օրինական շահերին:

Ըստ առաջադրված մեղադրանքների` Էդիկ Ափոյանը, զբաղեցնելով ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության Էրեբունու բաժանմունքի պետի պաշտոնը, նախապես տեղեկացված լինելով, որ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Սանդիպ Կաուշիկը ֆինանսապես ապահովված է և հայրենիքում իրավապահ մարմինների հետ խնդիրներ ունի, նախնական համաձայնության է եկել նույն բաժնի օպերլիազոր Գևորգ Գաբրիելյանի հետ` Ս. Կաուշիկից առանձնապես խոշոր չափերով գումար ստանալու հարցի շուրջ:

Այդ նպատակով Գ. Գաբրիելյանը 2019թ.  հուլիսի 24-ին այցելել է Ս. Կաուշիկի բնակարան, որտեղ, դուրս  գալով իր լիազորությունների շրջանակից, ապօրինի գործողություններ է կատարել. առանց համապատասխան վարույթի առկայության և առանց արձանագրման զննել է Ս. Կաուշիկին պատկանող իրերը՝ համակարգիչը, հեռախոսը, փաստաթղթերը և հայտնել է, թե  Հնդկաստանի Հանրապետության իրավապահ մարմիններից գրություն է ստացել ՀՀ-ից նրան արտաքսելու վերաբերյալ:

Այնուհետև Գ. Գաբրիելյանը Ս. Կաուշիկին, ինչպես նաև բնակարանում գտնվող Հնդկաստանի Հանրապետության ևս երկու քաղաքացու ուղեկցել է ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության Էրեբունու բաժանմունքի պետ Էդիկ Ափոյանի աշխատասենյակ:

Ըստ մեղադրանքի՝ Գ. Գաբրիելյանն ու Է. Ափոյանը, Ս. Կաուշիկի իրավունքներն ու օրենքով պաշտպանվող շահերը ոտնահարելու, ՀՀ-ից նրան արտաքսելու, վերջինիս կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության մասնակցության վերաբերյալ կեղծ ապացույցներ ստեղծելու և քրեական պատասխանատվության ենթարկելու սպառնալիքով,  շորթմամբ պահանջել են 50  հազար ԱՄՆ դոլար: Նրանք ձեռնաշղթա են հագցրել Կաուշիկին, վերցրել են նրա և ընկերների անձնագրերը ու ստացել են Կաուշիկի համաձայնությունը՝ պահանջված 50 հազար դոլարը տալու վերաբերյալ:

Հաջորդ օրը Գ. Գաբրիելյանը հանդիպել է Կաուշիկին, նրանից ստացել է 7900 դոլար: Կաուշիկն ասել է, թե պահանջված 50 հազար դոլարը տալ ի վիճակի չէ, համաձայնության են եկել 20 հազար դոլարի  շուրջ…

Վերջին հաշվով, ըստ մեղադրանքի, Հնդկաստանի քաղաքացի Կաուշիկից հափշտակել են 17 հազար 700 ԱՄՆ դոլար:

ԱԱԾ նախկին պաշտոնատար անձանց՝ Էդիկ Ափոյանին և Գևորգ Գաբրիելյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ նրանց օժանդակելու համար Գոռ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 1-ին մասով և 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

Առաջադրված մեղադրանքներն ամբաստանյալները չեն ընդունում:

Տուժող Սանդիպ Կաուշիկը հայտնել է, թե Հայաստան էր եկել ռեստորանային բիզնեսով զբաղվելու համար… 2019 թվականի հուլիսի 24-ին իր բնակարան է եկել խաղատաներից մեկում իր հետ ծանոթացած Ռաջվիլը, ապա՝ նրա ծանոթ Գևորգ Գաբրիելյանը: Իր բնակարանում էին  իր հայրենակիցներ Սունիլը, Ռաջվիլը, վերջինիս ծանոթուհի Լիլիթը: Գևորգն ասել է, որ ԱԱԾ աշխատակից է, ցույց է տվել համապատասխան վկայական: Նա իրենց հետ խոսում էր անգլերեն: Ասել է, թե պետք է ստուգի իրենց բոլորի փաստաթղթերը, իր համակարգիչը, հեռախոսը, տանը եղած… ամբողջ գումարը:

Ինքը գնացել է հարևան սենյակ՝ փաստաթղթերն ու գումարը բերելու: Իր հետ այդ սենյակ է մտել նաև Ռաջվիլն ու խորհուրդ է տվել տանը եղած ամբողջ գումարը ցույց չտալ ԱԱԾ աշխատողին, առաջարկել է տանը եղած գումարի մի մասը պահ տալ Լիլիթին, ով հաջորդ օրը գումարը կվերադարձնի:

Ըստ տուժող Կաուշիկի՝ ինքը տանը եղած գումարներից Լիլիթին է տվել 3700 դոլար ու 300 հազար դրամ: Փաստաթղթերի հետ միասին Գևորգին է ներկայացրել 5 հազար դոլար: Տանը մնացել է ևս 1900 դոլար: Գևորգը պահանջել է փաստաթղթերն ու գումարը դնել պոլիէթիլենային տոպրակի մեջ, ասել է, թե գնալու են ԱԱԾ գրասենյակ, դա էլ իրենց հետ են տանելու: Իրենց հետ տարել են նաև իր դյուրակիր համակարգիչը:

ԱԱԾ տվյալ գրասենյակի պետի աշխատասենյակում Գևորգն իրեն  ծանոթացրել է պետի՝ Էդիկի հետ: Նրա առաջ՝ սեղանին դրված էին փաստաթղթեր, Գևորգը նրան ներկայացրել է իր փաստաթղթերը: Պետը հարցրել է, թե ինքը Հայաստանում ինչ գործունեություն է ծավալում: Նա իրեն ասել է, թե Դելիի ոստիկանության կողմից ծանուցում են ստացել՝ իրեն արտաքսելու վերաբերյալ:

Ըստ տուժողի՝ ինքը խնդրել է, որ իրեն ցույց տան Դելիից ստացված ծանուցագիրը, բայց ցույց չեն տվել: Պետը՝ Էդիկը, հարցրել է՝ ինչքան գումար ունի ինքը իր հաշիվներում՝ հնդկական, հայկական ու Դուբայի: Նա ասել է, թե տեղեկացված է, որ ինքը խաղում է «Շանգրիլա» խաղատանը , մի գիշերվա մեջ կարող է շուրջ 20 հազար դոլար տանուլ տալ:

Ինքը ԱԱԾ աշխատղների հետ խոսել է խնդրող տոնով, ասել է, որ խաղատանը երբեք այդքան գումար տանուլ չի տվել, այդքան գումարով խաղատուն չի գնացել: Իրեն վախեցրել են: Ինքը խնդրել է, որ ցույց տան Դելիից ստացված ծանուցագիրը:

Իր վրա ավելի են բարկացել, Գևորգն իր ձեռքերին հետևից  ձեռնաշղթա է հագցրել, գոռացել, վախի մթնոլորտ են ստեղծել: Ասել են, թե իրեն Հայաստանում 10 տարով «կփակեն» թմրանյութերի կամ այլ շինծու գործով:

Գևորգն իրեն կարգադրել է, որ գնա, կանգնի պատի մոտ:

Պարզվել է, որ ԱԱԾ աշխատողներն իր ծանոթ Ռաջվիլին ասում են «Ջոյ»: Էդիկն ասել է, թե Ջոյն իրենց ընկերն է: Ինքը չէր հասկանում, թե ինչ է կատարվում, ու Ջոյին հարցրել է՝ ի՞նչ են ուզում ինձանից: Ջոյն էլ ասել է, թե նրանց գումար պիտի տա:

Ջոյն առանձին խոսում էր Էդիկի հետ, հետո՝ իր հետ: Առանձին խոսելու համար կամ սենյակից դուրս էին գալիս կամ գնում, դռան մոտ էին խոսում:

Ջոյն ասել է, թե նրանց 50 հազար դոլար պիտի տա: Ինքն էլ ասել է, թե այդքան գումար չունի:

Ջոյը Էդիկի հետ առանձնացել, հետո իրեն ասել է, թե համաձայն են, որ ինքը 20 հազար դոլար տա, իսկ Սունիլը՝ 10  հազար: Նրանք պահանջել են, որ այդ գումարը տալուց անմիջապես հետո ինքը Հայաստանից գնա որևէ հարևան երկիր, մի քիչ մնա, որոշ ժամանակ անց վերադառնա: Դա բացատրել են նրանով, իբր՝ Դելիին պատասխանելու են, թե  ինքը Հայաստանում չէ: Ինքն ասել է, թե Հայաստանից գնալ չի կարող, ռեստորան ունի, չի կարող թողնել-գնալ: Նրանք ասել են՝ դու գումարը տուր, հետո կտեսնենք:

Ըստ տուժողի՝ ինքը Գևորգին ասել է, թե գումարը հաջորդ օրը կտա: Նրանք իր տանից վերցրած 5 հազար դոլարն ու իր անձնագիրը պահել են, համակարգիչն են միայն վերադարձրել:

Էդիկն ասել է, որ առավոտյան ժամը 10-ին գումարն արդեն իրենց մոտ պիտի լինի:

Հաջորդ օրը՝ հուլիսի 25-ի առավոտյան, Ռաջվիլ-Ջոյը եկել է իր տուն, որ գումարը վերցնի, տանի Էդիկին տա: Ինքն ասել է, թե առանց անձնագրի բանկերն իրեն գումար չեն տա: Ջոյը զանգել է, քիչ անց Գևորգը բերել է իր անձնագիրը: Ինքը վերցրել է տանը եղած 1900 դոլարը, Թումանյան փողոցի բանկերից մեկում ստացել է ևս 6000 հազար դոլար: 7900 դոլարը Ջոյի ներկայությամբ տվել է Գևորգին: Ջոյին խնդրել է, որ նախորդ օրը Լիլիթին իր տված 3700  դոլարն ու 300 հազար դրամը վերադարձնեն, որպեսզի դա էլ տա Գևորգին: Երբ 7900 դոլարը տվել է Գևորգին, նա բարկացել է, որ գումարն իրենց պահանջած ամբողջ գումարը չէ, նա զանգել, խոսել է՝ ինքը ենթադրում է՝ Էդիկի հետ, ապա իրեն հարցրել է՝ մնացածը ե՞րբ կտա: Ինքն ասել է՝ երկուշաբթի՝ հուլիսի 29-ին: Էդիկն ասել է, թե ևս 8 հազար դոլար պիտի ավելացնի:

Ինքն ու Ջոյը գնացել են Լիլիթի տան մոտ, նրան չեն գտել, գնացել են «Դալմա»: Այնտեղ է եկել Լիլիթը, ասել է, թե հենց այդ պահին գումարը տալ չի կարող, բայց կտա: Ինքը Ջոյին խնդրել է, որ նա Լիլիթից վերցնի նրա մոտի գումարը:

Շաբաթ օրը՝ հուլիսի 27-ին, Ջոյն ասել է, թե Լիլիթի մոտի գումարը վերցրել ու տվել է ԱԱԾ աշխատողներին, կարող է հաշվել՝ 4300 դոլարը տվել է: Ուրեմն երկուշաբթի իրեն մնացել էր նրանց տալ 3700 դոլար…

Դատական այս նիստին դատարանը հարցաքննեց գործով վկա, վերը հիշատակված Լիլիթին՝ Ջոյի մտերմուհուն:

Վերջինս հայտնեց, թե Հայաստանում է կարճ ժամանակով, աշխատում է արտերկրում:

2019 թվականի հուլիսի 24-ին, երբ ինքը Ջոյի հետ էր, նա ասել է, թե համերկրացի ծանոթն իրեն մեծ գումար է պարտք, ինքը չի կարողանում նրանից ստանալ պարտքը: Ջոյն ասել է, թե պարտապանը գումար ունի՝ ծախսեր է անում, նրա երեխաները թանկ ուսումնական հաստատություններում են սովորում, բայց նա իր պարտքը չի վերադարձնում: Ջոյը նույնիսկ հարցրել է՝ չե՞ն կարող իր բարեկամի միջոցով, որը ոստիկանության ծառայող էր, վախեցնեն այդ պարտապանին ու նրանից ստանան պարտքը: Ջոյն ասել է, թե բավական է, որ ոստիկանը Սանդիպին ինչ-որ փաստաթուղթ ցույց տա, վախեցնի, «սթափեցնի»: Վկա Լիլիթն ասաց, թե ինքը չի համաձայնել Ջոյի առաջարկին: Վերջինս ասել է, թե  ծանոթներից մեկին է խնդրելու, որպեսզի վախեցնի պարտապանին…

Գնացել են Սանդիպի տուն: Նրան տեսնելով՝ ինքը հիշել է, որ նախկինում նրան տեսել էր, Ջոյն իրեն ասել էր, թե այդ համերկրացին հետաքրքրված է իր հայաստանյան բիզնեսներով, ուզում է ձեռք բերել դրանք: Ջոյը այդ հանդիպման ժամանակ իրեն չի ասել, որ Սանդիպը մեծ գումար է պարտք:

Սանդիպի տանը Ջոյը զբաղվել է հեռախոսով, ինքը չգիտեր, որ նա ինչ-որ մեկին կանչել է: Ջոյն ու Սանդիպը խոսում էին հնդկերեն, ինքը նրանց խոսակցությունից ոչինչ չէր հասկանում… Նրանք կարծես չէին վիճում…

Մոտ 20 րոպե անց դռան զանգը տվել են: Ջոյը պահանջել է, որ ինքը գնա հարևան սենյակ: Երբ ինքը գնում էր այդ սենյակ, իսկ Ջոյը բացում էր Սանդիպի տան դուռը, ինքը մուտքի մոտ տեսել է ամբաստանյալներից՝ Գևորգին:

Վկան նշեց, թե հարևան սենյակում առանձնանալով՝ ինքը զբաղվել է հեռախոսով, չի լսել, թե կողքի սենյակում ինչ խոսակցություն է գնում: Սանդիպը մի քանի անգամ մտել է իր գտնված սենյակ, բացել-փակել է դարակները: Վերջին անգամ սենյակ մտնելով՝ նա դարակից գումար է հանել՝ դոլարներ ու հայկական դրամներ՝ խառը, պահանջել է, որ ինքը բացի պայուսակը, այդ գումարը դրել է իր պայուսակի մեջ: Հենց այդ պահին սենյակ է մտել Ջոյն ու իրեն ասել է՝ արա, ինչ ասում է: Նա իրեն ասել է, որ գնա, հետո կզանգի ու կվերցնի Սանդիպի կողմից իր պայուսակը դրված գումարը:

Վկա Լիլիթն ասաց, թե Սանդիպի տանից դուրս գալու ժամանակ չի տեսել, թե ինչ է կատարվում հյուրասենյակում: Գնացել է տուն, որտեղ ապրում էր իր բարեկամների հետ: Ինքը պայուսակից չի հանել ու չի հաշվել Սանդիպի դրած գումարը, չի ցանկացել, որ բարեկամները իր մոտ տեսնեն այդ փողը:

Այդ երեկո Ջոյը զանգել է, որ գումարը վերցնի, բայց իրեն հարմար չէր դուրս գալ: Իրենք հանդիպել են հաջորդ օրը, ինքը վերադարձրել է Սանդիպի տված ամբողջ գումարը՝ առանց հաշվելու, թե ինչքան էր: Այդ գումարը հաշվել է Ջոյը, ինքը նրանից է իմացել, որ Սանդիպն իր պայուսակի մեջ էր դրել 3700 դոլար և 300 հազար դրամ: Ինքը Ջոյին հարցրել է՝ դա՞ է եղել Սանդիպի պարտքը, Ջոյն ասել է՝ չէ:

Վկա Լիլիթը նաև հայտնեց, թե բավական մտերիմ է եղել Ջոյի հետ, այնքան մտերիմ, որ երբ ինքը 2019 թվականի հուլիսի 9-ին ռեստորանում նշում էր բուհ ավարտելն ու դիպլոմ ստանալը, Ջոյը, որ իր համար նվեր չէր գնել, իրեն տվել է 4 հազար դոլար, որ ինքը այդ գումարով իր ցանկացածը գնի: Այդ գումարն ինքն անմիջապես չի ծախսել իր վրա, հետագայում այդ գումարը խառնվել է Սանդիպի ու Ջոյի՝ իրեն տված գումարների հետ…

Լիլիթի պատմությունից ստացվում էր, որ նա բոլորովին հետաքրքրություն  չէր ունեցել գումարների նկատմամբ, որոնք Ջոյը, վստահելով, տալիս ու հետո վերցնում էր: Նա, ըստ սեփական վարկածի, երբեք չէր հաշվել իրեն տրված գումարները, դրանք խրձով ստացել ու խրձով վերադարձրել էր՝ չվախենալով, որ իրեն որևէ մեկը կմեղադրի այդ գումարներից ինչ-որ բան վերցնելու համար…

Լիլիթը նշեց, որ նկարագրվող  օրերին Ջոյը վթարի էր ենթարկվել, նրա վիճակը շատ ծանր էր, նրան վերակենդանացման բաժանմուն էին տարել: Նրա մոտ եղած ամբողջ գումարն ու փաստաթղթերն ինքն էր վերցրել, գումարը չէր հաշվել: Այդ գումարին էր խառնվել նաև Ջոյի՝ իրեն նվիրած 4 հազար դոլարը: Հիվանդանոցում եղած ժամանակ Ջոյն իրեն տվել է նաև 800-900 դոլարի կարգի գումար՝ ընթացիկ ծախսեր կատարելու համար: Հիվանդանոցում Ջոյի մոտ շատ մարդ էր գալիս՝ նրա բիզնեսներում աշխատողները, ուրիշ հնդիկներ: Մի օր ինքը Ջոյի սենյակում տեսել է ամբաստանյալ Գևորգին, իսկ հիվանդանոցի միջանցքում՝ ամբաստանյալ Գոռին:

Լիլիթը պնդեց, թե ամբաստանյալ Էդիկին չի տեսել, նրան ծանոթ չի եղել:

Ըստ Լիլիթի՝ այն օրը, երբ ինքը հիվանդանոցում տեսել է Գևորգին, դրանից առաջ՝ նաև այլ մարդկանց, որ Ջոյի մոտ էին, Ջոյին ասել է՝ տես, քո վիճակով ինչքան մարդ է անհանգստացած, ինչքան մարդ է քեզ տեսության գալիս: Իսկ Ջոյն ասել է, թե այդ մարդկանց չի հետաքրքրում իր վիճակը, նրանք իրենց «փորացավն» ունեն…

Հարցաքննության ընթացքում պաշտպանական կողմի հարցերին պատասխանելով՝ վկա Լիլիթն ասաց, որ իրեն տարել են հարցաքննության ԱԱԾ «գլխավոր շենք, որտեղ հարցաքննում էին Գագիկ Ծառուկյանին»: Վկան ասաց, թե իրեն առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան ժամը 22-23-ը պահել են ԱԱԾ-ում, իր հետ խոսել են լարված, պահանջել են «մաքսիմալ անկեղծ» հայտնել իմացածը, ասել են նաև, թե լուրջ հանցանքի մեջ է մեղադրվում, էնպես չանի՝ իրեն էլ «փոշիացնեն»…

Պաշտպանական կողմից կարծիք հնչեց, թե վկայի՝ առնվազն առաջին ցուցմունքը պետք է ճանաչվի անթույլատրելի ապացույց, քանի որ ձեռք է բերվել վկայի իրավունքների խախտումներով:

Մեղադրող դատախազն իր կողմից փորձեց վկային նախազգուշացնել սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին՝ ասելով, թե դատական նիստում հնչածի վերաբերյալ զեկուցագիր կներկայացնի, եթե վկան, նախազգուշացված լինելով, պնդի ասածները: Վկան սկսեց պնդել, թե ինքը ոչ մի բողոք չունի…

Նախագահողը դատախազին թույլ չտվեց վկային նախազգուշացնել, իսկ պաշտպանական կողմին պարզաբանեց, որ որևէ ապացույց առանց հետազոտման չի կարող անթույլատրելի ճանաչվել:

Տուժող Սանդիպը հարցի միջոցով փորձեց վկային հիշեցնել, որ նրա ներկայությամբ է իր տանը 5 հազար դոլարը հանձնել Գևորգին, բայց վկան նման բան չհիշեց…

Մեղադրող դատախազը նշեց, որ վկայի դատաքննական ու նախաքննական ցուցմունքների  միջև էական հակասություններ կան, միջնորդեց հրապարակել ու հետազոտել վկայի նախաքննական ցուցմունքները:

Դատարանը վկայի նախաքննական ցուցմունքները կհրապարակի ու վկայի հարցաքննությունը կշարունակի հաջորդ դատական նիստին: