Աշխատանքը անորոշ ժամանակով դադարեցնելու մասին է հայտարարել ադրբեջանական պրոպագանդայի ռուսալեզու առաջամարտիկներից մեկը, որի խմբագրությունն այդ որոշումը պատճառաբանել է անվտանգության նկատառումով, կապված կորոնավիրուսի համաճարակի հետ:

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված վիճակը Բաքվում հակասական է: Վիճակագրական առումով Ադրբեջանում ծավալները զգալիորեն քիչ են, քան օրինակ Հայաստանում: Խոսքը մոտ 8-9 հազար դեպքի մասին է, մի քանի տասնյակ մահերով:

Ադրբեջանի կառավարությունը կիրառում է խիստ սահմանափակումների քաղաքականություն, հատկապես շաբաթ-կիրակի օրերին կիրառելով խստագույն պարետային ժամ՝ ուրբաթ երեկոյից:

Միեւնույն ժամանակ, տարօրինակ է, որ Ադրբեջանը մուտքի հնարավորություն չի տալիս մի քանի հարյուր ադրբեջանցիների, որոնք Ռուսաստանի տարբեր քաղաքներից հավաքվել են Դաղստանի սահմանին եւ ուզում են անցակետով վերադառնալ Ադրբեջան: Բանը հասել է այնտեղ, որ Ալիեւին այդ հարցով զանգահարել է Պուտինը, իսկ Լավրովը զանգահարել է Մամեդյարովին: Սակայն, պատկերն ըստ էության չի փոխվում:

Միթե Բաքվում չեն կարողանում լուծել մի քանի հարյուր քաղաքացու հարցը, թե՞ Ադրբեջանն այդ առումով այլ խաղի մեջ է, որով փորձ է արվում ճնշում բանեցնել Ռուսաստանի վրա, օգտագործելով Դաղստանում կորոնավիրուսային բարդ վիճակը: Ճնշման աղբյուրն իհարկե Թուրքիան է, որը Ռուսաստանի հետ հարաբերություն պարզելու բավական բարդ փուլում է եւ այդ փուլը կարող է ենթադրել մարտահրավերներ Կովկասում:

Ինչպես նշում է բազմափորձ քաղաքագետ, մերձավորարեւելյան մասնագետ, թուրքական եւ ադրբեջանական իրականությանը քաջածանոթ Ստանիսլավ Տարասովը, մերձավորարեւելյան, հյուսիսաֆրիկյան ռեգիոններում Թուրքիան ու Մոսկվան սպառել են ռազմավարական ալյանսի ռեսուրսը:

Դա նշանակում է, որ նրանք գնում են կամ աստիճանական առճակատման, կամ դրանից խուսափելու համար պետք է փնտրեն նոր ռեսուրս, վերադառնալով «արմատներին»: Իսկ ռուս-թուրքական ռազմավարական ալյանսի արմատը Կովկասն է, որտեղ նրանք սկզբունքային պայմանավորվածություն են ձեռք բերել հայերի հաշվին: Այնքան սկզբունքային, որ այն շարունակվել է գործնականում մի ամբողջ դար, եւ կողմերն առ այսօպր հավատարիմ են դրան:

Սակայն, մյուս կողմից, հարցն այն է, առավել եւ ամերիկա-չինական դիմակայություն-տանդեմի պայմաններում, որ Մոսկվան ու Անկարան ունեն նոր ռազմավարական արմատի կարիք, կամ պետք է թարմացնել եղածը՝ նոր իրավիճակի տրամաբանությամբ:

Այստեղ բուն հարցն այն է, որ Հայաստանը դա թույլ չի տա, եւ ունի թույլ չտալու հնարավորություն: Ահա այդ համատեքստում, Ռուսաստանի ու Թուրքիայի համար բարդանում է «առանցքը թարմացնելու» հանգամանքը, քանի որ դա նշանակում է նոր համաձայնություն հայերի հաշվին կամ հայերի հաշվին: Դա բավական բարդ է:

Մնում է նոր համաձայնություն Ադրբեջանի հաշվին, որտեղ ըստ ամենայնի սեղանին են Բաքվում իշխանության եւ Նախիջեւանի ռուս-թուրքական փոխանակումը: Կամ Մոսկվան ու Անկարան թեւակոխում են արդեն ռազմավարական անհամաձայնության տեւական փուլ:

Ի դեպ, հատկանշական է, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառաբանությամբ փակված ադրբեջանական պրոպագանդայի ռուսալեզու միջոցը աչքի էր ընկնում Ռուսաստանի քաղաքականության հանդեպ արհամարհանքով եւ Թուրքիայի հանդեպ համակրանքով: