ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նշել է, թե ԱԱԾ նախկին պետ, այժմ Հայրենիք նորաբաց կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ազգային համաձայնության կառավարության հարցը կարող է քննարկել բոլոր արտախորհրդարանական ուժերի, մասնավորապես «Սասնա ծռերի», ՀՀԿ, ՀՅԴ հետ, նաև Վերնատուն խմբի հետ, որ բացել է Վազգեն Մանուկյանը:

Թեման առնչվում է իհարկե վարչապետի փոփոխության այն հարցին, որ փորձում են ներքաղաքական օրակարգ, կամ ավելի շուտ ներքարոզչական օրակարգ բերել ներկայիս կառավարող մեծամասնության ընդդիմախոսները: Այդ համատեքստում, Ալեն Սիմոնյանի դիտարկումը, թե Արթուր Վանեցյանը կարող է հարցը քննարկել «Սասնա ծռերի», ՀՀԿ, ՀՅԴ, Վենատան հետ, ունի մի հատկանշական նրբերանգ: Ինչո՞ւ է փոխխոսնակը մատնացույց անում նաև «Սասնա ծռեր»-ին:

Բանն այն է, որ մնացյալ երեք ուժերը տեղավորվում են այսպես ասած նախկին իշխող համակարգի մեկ շրջանակի մեջ, իսկ ահա «Սասնա ծռերը» եղել են այդ համակարգի արմատական ընդդիմություն: Իհարկե նրանք ներկայումս էլ արդեն իրենց հայտարարել են արմատական ընդդիմություն նոր իշխանությանը, և ի դեպ՝ դրանով հանդերձ նաև նախաձեռնել են ազգային ժողովրդավարական ուժերի դաշինքի ձևավորում: Եվ այդ հանգամանքը առավել հետաքրքիր է դարձնում, որ ԱԺ «Իմ քայլի» ներկայացուցիչ փոխնախագահը Արթուր Վանեցյանին «տալիս» է ոչ միայն ՀՀԿ, ՀՅԴ, Վերնատան, այլ նաև «Սասնա ծռերի» «հասցեն»:

Չէ՞ որ «Սասնա ծռերը» լինելով արմատական ընդդիմություն նոր իշխանությանը, այդուհանդերձ առնվազն հռետորաբանության մակարդակում արմատական ընդդիմություն են նաև նախկին համակարգին, ինչպես նաև դրա մաս են դիտարկել ու դիտարկում Արթուր Վանեցյանին, չասած այն մասին, որ նրան գուցե և դիտարկում են մինչև անգամ «ռուսական գաղութատիրության» շրջանակում, որի մասին ծռերը խոսում են պարբերաբար: Եվ, ի դեպ, խոսել են 2016-ի հուլիսի 29-ին՝ ՊՊԾ գնդի գրավման 13-րդ օրն արած իրենց հայտարարության մեջ, այդ օրը հայտարարելով, որ իրենց քայլն այդ գաղութատիրության դեմ է: Երկու օր անց նրանք վայր դրեցին զենքը՝ իշխանության ներկայացուցիչների հետ տևական բանակցության կամ քննարկումների արդյունքում կայացված որոշումով: Մեկ այլ հետաքրքիր բան է այն, որ այդ քննարկումների շրջանակում արվող անցուդարձում իր ներկայությունն է ունեցել այն ժամանակ դեռևս ԱԱԾ Երևանի վարչության պետ Արթուր Վանեցյանը: Արդյո՞ք Ալեն Սիմոնյանն ինչ-որ բան է ակնարկում այդ իրադարձություններից, թե՞ պարզապես թվարկել է իր կարծիքով ներկայիս իշխանության ամենաարմատական ընդդիմադիր ուժերի շրջանակը:

Spread the love