Արթուր Վանեցյանի քաղաքական փորձառությունն այնքան քիչ է, որ նա մոտ 5-7 տարի պետք է լռի եւ ուսումնասիրի քաղաքական գործընթացները, վարչապետի, նախագահի եւ մնացածի տարբերությունը։ Ուսումնասիրի քաղաքական դաշտը եւ ձեւավորի նորմալ թիմ՝ քաղաքականությամբ զբաղվելու համար։

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարություններին:

«Ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու մասին լսել եմ, կարծում եմ, որ եթե նման առաջարկ կա, պարոն Վանեցյանն իր կուսակցությունով «Սասնա ծռեր» կուսակցության եւ ՀՀԿ-ի հետ քննարկի եւ կոնկրետ առաջարկ ներկայացնի»,- ասաց Սիմոնյանը՝ խոստանալով, որ հնարավորության դեպքում այդ առաջարկը կհնչեցնի իրենց վարչության նիստի ժամանակ։

Ինչո՞վ է Վանեցյանը տարբերվում մյուս արտախորհրդարանական ուժերից․ Սիմոնյանի պնդմամբ՝ որ մի պահ ասոցացվել է իրենց հետ, մի պահ եղել է ԱԱԾ տնօրեն։ Նրա կարծիքով՝ մի քիչ ուռճացված է մեկ անձի շուրջ ձեւավորված դիսկուրսը եւ հավելեց, որ ՀՀ-ն խաղալիք չէ՝ մեջը փողով խաղալու համար։ «ՀՀ-ում գումարով քաղաքականություն ձեւավորելը եւ մարդկանց եւ երկրի ճակատագրի հետ խաղալն անընդունելի է։ Իսկ եթե գա մի պահ, որ որեւէ կուսակցություն հասնի այն փուլին, երբ մենք բաց բանավեճ կունենանք, ես շատ ասելիքներ կունենամ»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ որեւէ մեկի անունը չի նշում, այլ՝ տալիս է ընդհանուր գնահատական։

Սիմոնյանն օրինակ բերեց դաշնակցականներին եւ ասաց, որ նրանք ունեն քաղաքական երկար ճանապարհ եւ կարող են գնահատվել որպես լավ կամ վատ քաղաքական ուժ, իսկ ինչ վերաբերում է Վանեցյանին՝ ԱԺ փոխնախագահի համոզմամբ՝ նա հիմնվել է այն բագաժի վրա, որ մի կարճ ժամանակահատվածում եղել է բարձր վարկանիշ ունեցող իշխանության անդամ։

Spread the love