Ժամանակակից աշխարհաքաղաքական միտումները վկայում են, որ իրավացի է նա, ում ձեռքին ուժն է, հայտարարել է Ալիեւը Մինգեչաուրում նոր զորամասի բացմանը: Ալիեւը հայտարարել է, որ միջազգային իրավունք այսօր գոյություն չունի եւ ուժն է իրավունքը: Ալիեւն այդ իմաստով փաստորեն ցիտում է Գարեգին Նժդեհին՝ ուժն է ծնում իրավունք:

Այստեղ իհարկե փիլիսոփայական վեճի դաշտ է, բայց Ալիեւն անշուշտ ներկայում այլ՝ ռուս-թուրքական վեճի դաշտում է, որին միանում է նաեւ Իրանը: Մինգեչաուրի նոր զորամասում, եւ ընդհանրապես վերջին շրջանում Ադրբեջանի նախագահի ելույթները հուշում են այդ մասին: Դա էր մատնում նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարարի վերջին հարցազրույցը:
Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ ադրբեջանական բանակը պետք է ամեն րոպե պատրաստ լինի վերականգնելու «տարածքային ամբողջությունը»: Իրականում, Ալիեւի վերջին շրջանի ելույթների տողատակում այլ բան է՝ «փրկել Ադրբեջանի տարածքային ամբողջությունը» նոր աշխարհակարգի զարգացումներում:

Հայտարարելով, որ ներկայումս չկա միջազգային իրավունք եւ ուժն է որոշողը, Ալիեւը պարզապես խոստովանում է Արցախի եւ ազատագրված տարածքների հանդեպ Ադրբեջանի իրավունքի բացակայությունը: Իրավունք, որի վրա էր կառուցվել նրա ամբողջ քաղաքականությունը, եւ ընդհանրապես բանակցային ամբողջ անցյալ քառորդ դարը: Հայկական կողմը բանակցում էր մի տրամաբանությամբ, որտեղ ուղղակի թե անուղղակի արձանագրվում էր տարածքների հանդեպ Ադրբեջանի «իրավունքը», իսկ ահա Արցախի ինքնորոշման իրավունքը քննարկումների հարց էր:

Այդ տրամաբանությամբ Բաքուն քայլ առ քայլ փորձում էր լեգիտիմացնել ուժի կիրառումը, կամ այլ կերպ ասած՝ ուժի իրավունքը կառուցում էր իրավունքից բխող ուժի տրամաբանությամբ: Դա էր ապրիլյան ագրեսիայի կառուցման եւ որոշակի միջազգային լեգիտիմացման հիմքերից մեկը:

Ապրիլի ագրեսիային ի պատասխան հայկական բանակը հասցրեց այդ հիմքին առաջին ուժեղ հարվածը: Երկրորդ ուժգին հարվածը Ադրբեջանին հասցվեց թավշյա հեղափոխությամբ, որից հետո հայկական կողմը գործնականում սկսեց մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցությունից հրաժարվելու, Արցախի բանակցային սուբյեկտության շեշտադրման քաղաքականությունը:

Այդ քաղաքականությունը ներկայում միջազգայնորեն լեգիտիմ է, ինչի վկայությունն են Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարություններն այն մասին, որ միջազգային իրավիճակը իրենց խանգարում է ուժով լուծել Արցախի հարցը, իսկ «հովանավոր» ԱՄՆ օգնությամբ հայերը զրկել են իրենց առաջնագծում մարդասպան շանտաժի քաղաքականությունն արդյունավետ շարունակելու հնարավորությունից:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, որ Արցախի դեմ պատերազմ սանձազերծած Ադրբեջանը դրա հետեւանքով երկու անգամ հայտնվել է կազմաքանդման շեմին, ակնարկելով, որ դա տեղի չի ունեցել լոկ այն պատճառով, որ ռեգիոնալ ստատուս-քվոյի հարցերը լուծվել են ռուս-թուրքական պայմանագրերի տրամաբանությամբ:

Այդ տրամաբանությունը դե ֆակտո խափանված է, ընդ որում լայն համաշխարհային քաղաքականության մակարդակում: Ըստ այդմ, համաշխարհային նոր զարգացումների տրամաբանության շրջանակում կասկածի տակ է հայտնվել Ադրբեջան պետության ներկայիս ձեւով գոյությունը: Եթե այն պետք էր Ռուսաստանին ու Թուրքիային, ապա ներկայում պետք չէ անգամ նրանց:

Ալիեւը Հայաստանին չի սպառնում, Ալիեւը աշխարհաքաղաքական դերակատարներին սպառնում է ռեգիոնալ պատերազմով եւ աղետով, փորձելով ապահովագրվել նոր աշխարհակարգին զոհաբերվելու հասունացող ռիսկից: Դա իհարկե վտանգավոր վիճակ է, որը Հայաստանից պահանջում է գերզգոնություն, քանի որ Ալիեւը ընդհուպ մոտեցել է վերջին կամ վերջն է ընդհուպ մոտեցել նրան:

Spread the love