Պարզվում է՝ հայաստանյան հասարակական-քաղաքական առօրյա անցուդարձի մասնակիցներից մինչեւ կենաց-մահու պայքարի ելածների շարքում ամենաամուրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նյարդերն են:

2018 հեղափոխությունից մինչ օրս նախագահ Սարգսյանին հաջողվել է չներքաշվել նախկիններ – ներկաներ, իշխանություն-ընդդիմություն ձեւաչափով ջղագրգիռ ու հայհոյախոսությամբ համեմված հանրային խոսքի հորձանուտ: Սա հայաստանյան երեսնամյա իրողությունների համատեքստում խիստ անսովոր բան է:

Հավանաբար նաեւ այդ անսովորությունն է պատճառը, որ Արմեն Սարգսյանը դարձել է անխնա հարձակումների թիրախ: Նրա արտաքուստ «անգլիական» անհաղորդությունը կարծես ավելի է հունից հանում քաղաքական թատերաբեմում դերերի «քասթինգում» պայքարող առանց այդ էլ դյուրագրգիռ դերակատարներին: Անգամ օրերս նոր ուժով բռնկված Սահմանադրության «ճակատամարտի» բարեկրթության սահմանները վերջնականապես լքած մասնակիցների հրապարակային վիրավորանքները ՀՀ նախագահի հասցեին ի զորու չեղան նրան հավասարակշռությունից հանել:

Սա շատ կարեւոր եւ գնահատման արժանի դրվագ է, քանզի Արմեն Սարգսյանն ըստ էության հանդարտ, բարեկիրթ ու զուսպ խոսքի ու վարքի «մաստեր կլաս» է ցուցադրում դրա այնքան մեծ դեֆիցիտ ունեցող Հայաստանում:

ՀՀ Նախագահի պաշտոնի մարմնավորումը նման ֆորմատի անհատի կողմից, անգամ այդ պաշտոնի գործառույթների նոր Սահմանադրութամբ զուտ խորհրդանշական դարձած լինելու պարագայում,  հետհեղափոխական երկրում, կարելի է ասել, բարեբախտություն է: Դժվար չէ պատկերացնել, թե ներկա իրավիճակը խճողվածության ինչ նոր աստիճանի կհասներ, եթե ՀՀ նախագահն էլ հայաստանյան քաղաքականության երեսնամյա ավանդական եղանակներով եւ հաղորդակցության մեթոդներով առաջնորդվեր…

Ափսոս, որ գլխավորապես նախկինների ու ներկաների պաշտպանությամբ կամ քարկոծմամբ տարված հասարակության ուշադրությունը չի հերիքում այս «մանրուքը» նկատելու եւ արժեւորելու համար:

Իրինա Ղուլինյան-Գերց

Spread the love