Օրերս կարդացի նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջում կատարված գրառումն ու իմ բոլոր ջանքերը թողնել այն անպատասխան՝ հաջողություն չունեցան: Եվ որպեսզի հետագայում ինքս ինձ չմեղադրեի անտարբերության ու անազնվության մեջ, ստպված էի հրապարակավ արձագանքել:

Եվ այսպես՝ Արտակ Զաքարյան: Թերևս այն հազվագյուտ ՀՀԿ-ականներից, որոնք պաշտոնավարման ընթացքում աչքի չեն ընկել որևէ սկանդալային կամ պետական բարձր պաշտոնյաին ոչ հարիր վարքագծով: Համեստ վարքով, կշռադատված խոսքով, ակտիվությամբ առանձնապես աչքի չնկնող կուսակցական մարդ, որի տեսակը պոզիտիվ  էր նայվում իր քաղաքական գորշ ու մերժված շրջապատում:

Ներկայումս հոդվածիս հերոսը ամբողջությամբ կերպարանափոխվելով զարմանալիորեն համալրել է մարտնչող նախկին ընդիմադիր առաջամարտիկների շարքը:

Որպեսզի ասածս համոզիչ լինի, բերեմ վերջինիս ֆեյսբուքյան գրառումներից առանձին հատվածներ՝.
    • Կասեմ միայն, որ որևէ մեկը թող չերևակայի, իբր Հայաստանի ներկա իրավիճակով ու ապագայով ավելի մտահոգ է, քան երկրորդ և երրորդ նախագահներն ու նրանց թիմակիցները:
    • Հայաստանում պետական կառավարումը վերածվել է մանիպուլյացիաների մեթոդական լաբորատորիայի։ Սակայն «հեղափոխությունը» վերաիմաստավորելու փորձերը այլևս չեն երկարաձգելու մարդկանց սպասումները։ Որովհետև մարդիկ հիմար չեն, ու տեսնում են, որ հենց փաշինյանական կառավարող «էլիտայի» տաղանդավոր դիլետանտներն ու անտաղանդ պրոֆեսիոնալներն աղավաղեցին, գրոշի արժեքի վերածեցին այսպես կոչված հեղափոխության իմաստը։
  • Ոչ մի զարմանալու բան չկա: Ունենք էյֆորիկ տրամադրությունների հիման վրա, քաղաքացիների մոտ 30%-ի կողմից, ամբոխավարական եղանակով ձևավորված մեծամասնություն՝ առանց քաղաքական կենսագրության ու պատկերացումների:
  • Որևէ մեկն ինձ չի կարող ապացուցել, որ 2018թ. ընտրությունները տեղի են ունեցել մարդկանց գիտակից ընտրության միջոցով՝ մտածված ու հավասարակշռված:
  • 2018թ. դեկտեմբերի 9-ի ընտրություններում իրենց որոշման պատճառով շատերն այսօր սկսել են հայհոյել, փոշմանել, տարակուսել, ափսոսել, հիասթափվել ու դժգոհել:
  • Ոչ միայն դատարկության, այլ նաև գաղափարա-քաղաքական բոմժության: Այն, որ Նիկոլակենտրոն իշխանափոխությունը ծառայեցվում է ազգային-ավանդական արժեքների հետևողական ոչնչացմանը՝ նույնիսկ ոզնիներին է հայտնի:
  • Հայաստանի քաղաքական գործընթացներն առաջ են քաշում կառավարման ռեժիմի նոր տեսակ, որը կոչվում է բառադիզմ, որի դրսևորումներն ակնհայտ են կառավարման գրեթե բոլոր ոլորտներում։ Բառադիզմի ռեժիմը դեմոկրատիզմի, ավտորիտարիզմի և տոտալիտարիզմի անորակ խառնուրդ է։ Քաղաքագիտությունը դեռ երկար ժամանակ ուսումնասիրելու է, այս քաղաքական նորագոյացության բացասական ազդեցությունը Հայաստանի և Հայ ժողովրդի կենսագործունեության վրա։

Եվ վերջապես ծննդյան օրվա կապակցությամբ ՀՀ վարչապետին ուղղած Ա. Զաքարյանի գրառումից մեջբերում, որին չարձագանքել չկարողացա՝.

– Երկու տարի, որպես ընդդիմություն քեզ հետ քաղաքական կռիվ ենք տալիս,…. Հրաժարվիր ու թույլ տուր, որպեսզի կարգի բերվի այս քաոսային միջավայրը և պետությունը դուրս բերվի կառավարման բնականոն հուն։…Երևի չես էլ պատկերացնում, թե որքան մարդու արժանապատվություն ու բարի համբավ ես վնասել… Քեզ մոտ ստացվել է միայն մեկ բան՝ իշխանափոխությունը, որի թավշյա լինելը բացառապես մեր իշխանության կամքն է եղել։ Այլապես դու պատրաստ էիր փողոց ելած ժողովրդին տանելու նույնիսկ ամենավատ սցենարների՝ հանուն քո սկսած գործի։

Այստեղ են ասել՝ մարմանդ գետից վախեցիր: Եվ սա համեստ ու զուսպ քրիստոնյաի խոսքերն են՝ ողղված  մեկ այլ քրիստոնյաին՝ նրա ծննդյան ու միաժամանակ հիվանդության օրը: Որ, մի խումբ նախկիններ իրենց պատառոտում են, պատեպատ տալիս, հասկանալի է՝ կորցնելու շատ բան ունեն, հարգելիս դուք ինչու՞ եք քափ ու քրտինք կտրած ձեզ զոհաբերում: Չլինի՞  կրկին նժդեհական վեհ գաղափարներն են ձեզ առաջնորդում:

Ո՞վ է ձեզ բարոյական իրավունք տվել ժողովրդական հեղափոխությանն անվանել այսպես կոչված, իսկ մեծամասնությանը՝ ամբոխավարական  եղանակով քաղաքացիների մոտ 30%-ի կողմից ձևավորված: Էլի՞ սկսեցիք ձեր տոկոսների սպեկուլյացիան՝ ինչքան ուզեք խփեք: Որպեսզի տոկոսների մեջ չխճճվեք, նորից վերհանեք Հանրապետության հրապարակի միտինգների բարձրությունից արված լուսանկարները, հետո դրանց կողքին դրեք Հանրապետության մարզերում նույն պահին ընթացող միտինգների մյուս լուսանկարները, հետո սփյուռքի նկարներն ու բոլորը գումարելուց հետո, հարցրեք ինքներդ ձեզ՝ նման բան գոնե երազում երբևիցե տեսե՞լ եք: Թե՞ միայն ձեր պարտադրաբար բերված դպրոցականներով, պետական պաշտոնյաներով, գյուղապետերով ու մարզպետներով լցված հրապարկն էք կարևորում, երբ միտինգի ժամանակ փուչիկները պայթում ու տասնյակ երիտասարդներ այրվածքներով հիվանդանոց էին տեղափոխվում կամ երբ միտինգը չավարտված ՀՀԿ-ական դրոշներն ու պլակատները թափելով մարդիկ գնում միանում էին ընդդիմության միտինգին: Եվ դուք դեռ տոկոսից ե՞ք խոսում:

Ո՞վ է ձեզ բարոյական իրավունք տվել կասկածի տակ դնել 2018թ. ընտրությունները, որ դրանք տեղի չեն ունեցել մարդկանց գիտակից ընտրության միջոցով՝ մտածված ու հավասարակշռված: Թե՞ գիտակից ու հավասարակշռված ընտրողները 5-10 հազար դրամ կամ բնամթերք վերցնողներն էին, բակում նախընտրական խաշլամա ուտողները, հետընտրական ապօրինի շինարարություն իրականացնողները կամ նոր աշխատանքի տեղավորվածները, պաշտոնը կորցնելուց վախեցողներն ու ասֆալտված բակի բնակիչները:

Ո՞վ է ձեզ բարոյական իրավունք տվել հայտարարել, որ 2018թ. դեկտեմբերի 9-ի ընտրություններում իրենց որոշման պատճառով շատերն այսօր սկսել են հայհոյել, փոշմանել, տարակուսել, ափսոսել, հիասթափվել ու դժգոհել: Շատերը ասելով դարձյա՞լ նկատի ունեք այն շատերին, որոնք նախորդ Ազգային Ժողովի արդար ու թափանցիկ ընտրությունների ժամանակ իբրև թե հարյուր հազարավոր ձայներ էին տվել ՀՀԿ-ին, իսկ ձեր եղբայր ԵԺԿ-ն, միջազգային ու ԱՊՀ կառույցները հաստատել արդյունքները: Հետագայում այն դարձրել էիք ձեզ տրված վստահության և լեգիտիմության դրոշակ:  Այդ դեպքում ինչպե՞ս պատահեց, որ ընդամենը ամիսներ անց այդ գիտակից ընտրազանգվածն իր ակտիվ մասնակցությամբ միլիոնների հետ ձեզ դուրս շպրտեց իշխանությունից, իսկ ԱԺ հաջորդ արտահերթ ընտրություններում՝ ձախողվեցիք վերջնականապես ու անվերադարձ:

Նիկոլ Փաշինյանին խորհուրդ եք տալիս հրաժարական տալ, որ կարգի բերվի այս քաոսային միջավայրը և պետությունը դուրս բերվի կառավարման բնականոն հուն… չլինի՞ նկատի ունեք ձեր ժամանակների բնականոն հունը: Ձեր ժամանակներում ամեն ինչն էր անբնական՝ աշխատողը սոված էր, շինարարը տուն չուներ, ուսանողը ուսման վարձը չէր կարողանում վճարել, ասֆալտ անողի տան ճանապարհն էր քանդած, դատավորը կաշառակեր էր, գողերը՝ հարգված, պաշտոնյաներն ու գողերը՝ ախպերացած,  նախագահները՝ երբևէ չընտրված, անբարոյականությունն ու մուտիլովկան՝ տարածված, փողն՝ աստված, թալանածը՝ սրբություն, բարոյական մարդը՝ մերժված, օրահացով աշխատելն՝ ապրելակերպ, մտավորականը՝ աղքատ ու մոռացված, քուչա նայողը` մտավորական, օլիգարխը՝ հասարակության այցեքարտ, թիկնապահ դառնալը՝ նպատակ:

Թողեք Նիկոլ Փաշինյանին և մեր երիտասարդ իշխանությանը հանգիստ աշխատեն, առանց այն էլ ծանր ժամանակներ են: Անգղների պես ամեն կողմից ձեր թունավոր կտուցներով մի կտցահարեք, միևնույն է ոչինչ չի ստացվելու: Մենք երկու տասնյակ տարի ենք սպասել այս հեղափոխության հաղթանակին, կրելով բազմաթիվ զրկանքներ ու տառապանքներ ու այն որևէ կերպ չենք զիջի, մանավանդ ձեզ կամ ձեզ սատարողներին: Ձեզ չեն օգնի ծախսված ահռելի գումարները, սատարող օտար երկրներն ու նրանց հատուկ ծառայությունները, իշխանության մեջ մուտիլովկաներով պառակտում  գցելը, Փաշինյանին և ընտանիքին վարկաբեկելու փորձերը, հասարակությունը սևի ու սպիտակի բաժանելու, սորոսականների ունեցած ազդեցության, Արցախի շուրջ բանակցություններում զիջողական դիրքորոշման և այլ մեղադրանքները: Ընդամենը երկու տարի է, որ իշխանությունն ու ժողովուրդը օտարված չեն, միասնական են: Այո, առկա են սխալներ, թերություններ, բայց սա մեր իշխանությունն է՝ չգողացող, չթալանող մեր նկատմամբ հոգատար ու ցավող: Հիմա նա մեր կարիքը շատ է զգում, ինչպես զավակը ծնողի: Դա լավ են ըմբռնում բոլոր նրանք, ովքեր հեղափոխությունը անցկացրել են իրենց երակներով ու նյարդերով: Այն այլևս անշրջելի է:

Ամնեզիան, եթե շատ չի խորանում, բուժվում է: Մի հապաղեք, վերանայեք ձեր անցած ճանապարհն ու գործընկերներին, մանրամասն կշռադատեք անցյալն ու ներկան և որոշեք՝ արժե՞ նույն գետը երկրորդ անգամ մտնել:

Արմեն Գևորգյան

Spread the love