Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ուժերի համախմբան թեմայի համատեքստում մամուլում հետաքրքիր տեղեկություններ են հայտնվում համախմբման գործընթացից, որից կարելի է եզրակացնել, որ ծրագրվել է ինչ որ գործողություն, որը սակայն տապալվել է: Ինչի՞ մասին է խոսքը:

Ըստ ԶԼՄ-ների, երեք ուժերի՝ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ Հայրենիքի խոստացված հուշագիրը չի ստացվել ինչ որ հանգամանքներից ելնելով, որոնք կապված են եղել այդ ուժերի որոշակի պարտավորությունների հետ: Մասնավորապես, հիասթափեցրել է ԲՀԿ-ի ակցիան Գագիկ Ծառուկյանի կալանավորման հարցը դատարանում քննելու ժամանակ, երբ, ըստ ԶԼՄ-ների, 1000 հոգի էլ չի հավաքվել: Իր հերթին, ըստ ընդդիմադիր գործիչներից մեկի, Ծառուկյանին խոստացել են, որ խորհրդարանում քվեարկության ժամանակ Իմ քայլը խմբակցությունը «կիսվելու» է, եւ մասնավորապես իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցը անհրաժեշտ քվեները չի հավաքելու:

Իմ քայլը խմբակցության թեման այս ողջ ժամանակահատվածում ակտիվորեն քննարկվում էր մամուլում, մասնավորապես՝ դրա պառակտման ուղղությամբ: Նշվում էր, որ բազմաթիվ իմքայլականներ լքելու են խմբակցությունը, եւ դրա վրա կառուցվում էր առաջիկա իշխանափոխության սխեման՝ անցումային կառավարության ստեղծմամբ: Ընդ որում, դատելով տարբեր ուժերի ներկայացուցիչների հրապարակային հայտարարություններից, դրա վերաբերյալ խորը համոզվածություն է եղել:

Ավելին, խոսակցություններ կային անգամ հստակ պայմանավորվածությունների մասին: Իր հերթին, մամուլը գրում էր, որ Նիկոլ Փաշինյանը կազմել է կասկածելի պատգամավորների «սեւ ցուցակ» եւ իրավապահներին հանձնարարել հետեւել նրանց, այդ թվում՝ կոմպրոմատների տեսանկյունից:

Եղե՞լ է արդյոք նման դավադրություն, եւ ավարտվա՞ծ է ամեն ինչ: Համենայնդեպս, Իմ քայլը խորհրդարանում անցկացրեց իր համար մի քանի կարեւոր որոշումներ, որոնք որոշակիորեն ամրապնդեցին կառավարության դիրքերը ներքաղաքական դիմակայության այս շրջանում: Իսկ ընդդիմադիր շրջանակների ներկայիս ելույթներից տպավորություն է, որ նման մի սխեմա չի աշխատել:

Ընդհանրապես, այս ճամբարում տեղի ունեցողը ցույց է տալիս, որ այս ուժերը շատ չեն հեռացել նախահեղափոխական ժամանակների դիսկուրսից: Կրկին փոխադարձ կշտամբանքներ, քանակական մտածողություն, ընդդիմադիր պահվածքի պրիմիտիվ նշաձողեր, անբովանդակ ու անհամարժեք հայտարարություններ հիմնարար հարցերի շուրջ, եւ այլն: Նման իրավիճակում սովորաբար բաց է մնում «զանգ կախողի» հարցը: Այդպես «հեղաշրջում» չեն անում:

Spread the love