Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերով ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե հնարավո՞ր է տնտեսությունում դարձյալ սահմանափակումներ մտցվեն։

«Մենք քննարկում ենք դա, քննարկում ենք մի քանի սցենարներ։ Ընդ որում, քննարկում ենք նաև այդ սցենարների տնտեսական հնարավոր հետևանքները և տնտեսական հնարավոր բեռը։ Եվ այս համատեքստում է, որ կկայացնենք որոշումներ։ Մենք այսօր քննարկում էինք, որ նույնիսկ այդ հաշվարկների արդյունքներով մենք կարող ենք գալ այն եզրակացության, որ տնտեսապես այդ բեռը կլինի անտանելի, և մենք ստիպված կլինենք այլ ճանապարհ գտնել։ Ամեն դեպքում. մենք հիմա մի քանի սցենարներ ենք քննարկում և, այո, այդ սցենարներից մեկով որոշում կկայացվի»,- ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երկու օր է գործարկվել է հանրային վերահսկողության հարթակը, և այն ոչ թե մարդկանց դատապարտելու համար է, այլ մեր պրոբլեմը հնարավորինս խորը հասկանալու։

«Երբ տեսնում եմ ընդհատակյա Վերջին զանգ կազմակերպած դպրոցի տնօրենի, ինքս ինձ հարց եմ տալիս՝ իսկ որտե՞ղ է սխալվել կառավարությունը։ Իհարկե, կան մարդիկ, ովքեր այս հարցի պատասխանն ունեն աներկբա կամ միանշանակ։ Օրինակ՝ շատերը կասեին՝ այ, օրինակ, եթե նախորդ իշխանության օրոք նշանակված տնօրեններն ազատված լինեին, այսպես չէր լինի, եթե նախորդ իշխանության ժամանակ ազատված ոստիկաններն ազատված լինեին, այսպես չէր լինի, դատավորները, պաշտոնյաները և այլն։ Բայց ես ուզում եմ ասել, որ սա բավական կասկածելի ճանապարհ է»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ այս բոլոր հարցերը շատ լուրջ մտածելու տեղ են տալիս մեզ։ «Իմ կարծիքով՝ այս կորոնավիրուսի առումով մեր հանրության խորքում շատ կարևոր փոփոխություններ են տեղի ունենում, որովհետև մենք կարծես քայլ առ քայլ սկսում ենք վերանայել մեր վերաբերմունքը կարգի, օրենքի նկատմամբ, կանոնների պահպանման նկատմամբ, հանրային համակեցության կանոնների և ընդհանրապես մեր սովորությունների նկատմամբ։ Ես համոզված եմ, որ այս ամենից հետո մենք բոլորովին այլ կերպ սկսենք վերաբերվել կանոններին, օրենքներին և հանրային համակեցության կանոններինլավ իմաստով։ Ցավոք,դա տեղի է ունենում զոհերի ու մարդկային կորուստների գնով»,- ասաց նա։

Վարչապետը նաև նշեց, որ Հայաստանում գտնվող օտարերկրացիներից մեկը նամակ է հղել իր խորհրդականին։ Նա նամակում նշել է, որ Հայաստանում կորոնավիրուսը տարածվում է այն պատճառով, որ Հայաստանի քաղաքացիների համար շատ դժվար է հրաժարվել ձեռքով բարևել, շատ դժվար է հրաժարվել իրար տեսնելիս իրար գրկելուց ու համբուրելուց։ «Սա մի տեսակետ է, որն ուշադրության արժանի է»,- ասաց Փաշինյանը։

«Անցել ենք մանրամասն բժշկական հետազոտություն և այս պահի դրությամբ որևէ ախտանիշ չունենք, այսինքն՝ մեր ընտանիքի մոտ վիրուսն անցնում է անախտանիշ պայմաններում, չունենք ջերմություն, թոքաբորբ կամ որևէ այլ երևույթ։ Թեև հավանականություն կա, որ մեր վիճակը կվատանա, բայց այդ հավանականությունը շատ փոքր է գնահատվում», – այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերով ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Spread the love