Cuyc

Հայաստանյան իրադարձությունները թույլ չեն տալիս ուշադիր հայացք գցել աշխարհին, որտեղ, իհարկե, ինչպես Հայաստանում շարունակում են հաշվել կորոնավիրուսը, սակայն արդեն դրան զուգահեռ հաշվում են նաև, թե ամերիկյան քանի քաղաքներում է բռնկվել ապստամբությունը և ինչ ավերածություններ գործել իր ճանապարհին, ու դեռ քանի օր կշարունակվի այն:

Իսկ «ապստամբության» պատճառը հայտնի ողբերգական միջադեպն է, երբ սպիտակ ոստիկանը դաժանորեն է վարվում սև քաղաքացու հետ, չանսալով նրա խնդրանքին, որ խեղդվում է: Ոստիկանը, բառի բուն իմաստով, ծնկով խեղդում է սևամորթ քաղաքացուն, սառնասրտորեն, կարծես հիպնոսի ազդեցության տակ: Այդ ողբերգությունը դարձավ համընդհանուր բողոքի առիթ, չնայած այն հանգամանքին, որ ոստիկանն ազատվել է անմիջապես, և հարուցվել է քրեական գործ: Միջադեպ է, որն ԱՄՆ-ում առաջինը չէ, այդ խնդիրը Նահանգներում առկա է վաղուց: Մյուս կողմից, առաջին անգամ է, որ բողոքը վերածվում է այդպիսի մասշտաբի «ապստամբության» և այն էլ համապետական մասշտաբով, վերածվելով նաև թալանի, ավերի, վանդալիզմի և այլն:

Ինչո՞ւ էր ոստիկանը սառնասրտորեն սպանում: Սարսափելի է մտածել, թե գիտակցված: ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ այն, ինչ տեղի է ունենում, ներքին ահաբեկություն է: Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է կիրառել բանակը իրավիճակը հանդարտեցնելու համար: Նա տեղի ունեցողը ներկայացնում է իր դեմ արշավի տրամաբանությամբ: Այդպես է, թե ոչ, բարդ է ասել: Այն, որ նախընտրական տարում առկա վիճակը ամենևին նպաստավոր չէ Թրամփի համար, այն էլ կորոնավիրուսի պայմաններում, անկասկած է: Նա փորձում է անել հնարավորը չտուժելու համար: Բայց ամբողջ հարցն այն է, որ ներքին այդ հանգամանքներից վեր, ԱՄՆ-ում մոլեգնողը ունի խորքային և համաշխարհային նշանակություն: Եվ ոչ այն պատճառով, որ կարող է ազդել նախագահի ընտրության ելքի վրա՝ որևէ կերպ, կամ ներքին իրավիճակի:

ԱՄՆ-ն, անկասկած, համաշխարհային առաջատարն է, միջազգային ասպարեզում ինքնավստահության, կառավարման արդյունավետության ամենևին ոչ իդեալական, սակայն ուղենշային առաջատար համակարգ, դեմոկրատական-արժեհամակարգային, տնտեսական, քաղաքական, անվտանգային հզորություն՝ սիրում եք Ամերիկան, թե ոչ, այդպես է:

Եվ ահա տեղի է ունենում այդ համակարգի խափանում, և որքան այն շարունակվում է, միջազգային հանրությունը կանգնում է համաշխարհային առաջատարի ճգնաժամային մերկության առաջ, որը կրկնապատկվում է կորոնավիրուսի ամերիկյան տագնապալի պատկերի ֆոնին: Համակարգային ճգնաժա՞մ է Նահանգներում: Այդ հարցից շատ բան է կախված ժամանակակից աշխարհում, որովհետև դա անխուսափելիորեն բերելու է համաշխարհային ճգնաժամի:
Ըստ այդմ, ամենևին չափազանցություն չի լինի ասել, որ այն, ինչ տեղի է ունենում ԱՄՆ-ում այժմ, համաշխարհային կյանքի համար որևէ պարագայում ունենալու է վճռորոշ նշանակություն, որովհետև խորքային հետևություն չանելու և քայլեր չկատարելու դեպքում ԱՄՆ անխուսափելի հայտնվելու է հաջորդ ճգնաժամի մեջ, իսկ հետևություն ու անհրաժեշտ քայլերի պարագայում դիմելու է նախաձեռնությունների, որոնք իրենց համակարգային ազդեցությունը տարածելու են առնվազն համաշխարհային կյանքի ահռելի տարածությունների վրա:
Spread the love