Turky

Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարեց, որ Ամերիկան այլեւս չի զբաղվելու հակամարտությունների լուծմամբ այն երկրներում, «որոնց անունները ոչ ոք չգիտի», սկսվեց Թուրքիայի աննախադեպ ակտիվությունը։ Անկարան ներխուժեց Իրաք՝ սկսելով «Վագրի ճանկ» գործողությունը քրդերի դեմ։

Երեկ Թուրքիայի նախագահի աշխատակազմի բարձրագույն խորհրդատվական մարմինը 5 ժամանոց նիստ է գումարել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, հայտնում է Ermenihaber-ը։ Էրդողանի խորհրդական Ֆահրեթթին Ալթունը հայտնել է, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են այն գործողությունները, որոնք պետք է իրականացվեն ընդդեմ «1915թ դեպքերի վերաբերյալ Թուրքիայի նկատմամբ ներկայացվող պնդումների»։

Ալթունը նշել է, որ քննարկվել են քայլերը, որոնք վերաբերում են հայկական լոբբիին, որը Թուրքիային սևացնելու համար 1915-ի դեպքերը որպես գործիք է օգտագործում, և այս հարցը քաղաքական նպատակով շահարկում են այլ երկրներ։ Քննարկվել են նախագծեր և գործողություններ, որոնք հնարավորություն կտան հարցի պատմական և իրավական ապեկտները փաստերով ներկայացնել միջազգային հանրությանը»։

Տեղեկատվական տարածությունում կրկին ակտուալացել է տեղեկությունը, որ Թուրքիան Հայաստան ու Հունաստան ներխուժման ծրագրեր է մշակել։ Այս մասին գրում է Jerusalem Post-ը՝ հղում անելով Nordic Monitor-ի հրապարակած գաղտնի փաստաթղթերին։ «Թուրքիայի զինված ուժերի գործողությունների ծրագրման մասին» անվանումով նախագիծը ստեղծվել է 2014 թվականի հունիսի 14-ին։ Nordic Monitor-ի համաձայն՝ սա վկայում է, որ ծրագիրը, ամենայն հավանականությամբ, թարմացվել ու վերանայվել է որոշ նախնական քննարկումներից հետո, եւ ծրագիրը դեռ կարող է ակտիվ լինել։

Փաստաթուղթը ներառում է նաեւ Հայաստան ներխուժման ծրագրերը։ TSK Altay Harekât Planlama Direktifi անվանումով գործողությունը թվագրված է 2000 թվականի օգոստոսի 15-ով։

Թուրքիայի իշխանությունները ցանկանում են ամենահայտնի ուղղափառ տաճարը՝ Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆյան, մզկիթի վերածել։ Այս կապակցությամբ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը՝ նշելով, որ տաճարը մզկիթ դարձնելիս դրա մի մասն անհրաժեշտ է եկեղեցի դարձնել, որտեղ կարող են աղոթել քրիստոնյաները։ Այդ ծրագրերի դեմ է հանդես եկել նաեւ Պոլսի հայոց պատրիարքը։

Հայտնի ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովն այս առթիվ ենթադրել է, որ երբ Թուրքիան խոսում է Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու մասին, անմիջապես խոսակցություններ են սկսում Բյուզանդիայի նոր կայսրության ձեւավորման մասին։

Հայաստանն օրերս միացել է ԱՄՆ նախաձեռնած Կրոնական ազատությունների դաշինքին։

Թուրքիան ակտիվացրել է իր ագրեսիվ մտադրությունները նաեւ այլ ճակատներով։ Վրացական Բաթումիում մի քանի շաբաթ առաջ հայտնաբերվել են Թուրքիայի զինված քաղաքացիներ։ Անցած շաբաթ հակահայկական ակցիաներ են տեղի ունեցել Իրանում եւ Լիբանանում, եւ նրանց հետեւում կանգնած են թուրքական ուժեր։

Երեկ Իսրայել է մեկնել Հունաստանի արտաքին գործերի նախարարը, իսկ հունիսի 23-ին այնտեղ կլինի նաեւ Կիպրոսի ԱԳՆ-ը։ Իսրայելը, Կիպրոսն ու Հունաստանը փորձում են տարածաշրջանում հակաթուրքական դաշինք ստեղծել։

Մինչդեռ, Իրանն արտաքին գործերի նախարար Զարիֆին գործուղել է Թուրքիա եւ Ռուսաստան։ Տարածաշրջանի երկրները երբեք չեն թաքցրել, որ տարածաշրջանի «ներքին գործերին» ԱՄՆ միջամտությունը ցանկալի չէ իրենց։ Նրանք ցանկանում են թույլ չտալ, որ ԱՄՆ-ը մասնակցի նոր աշխարհակարգի ստեղծմանը եւ պահպանել մինչեւ հիմա եղած դասավորությունը։

Ռուսաստանն ու Իրանը հռչակագիր կստորագրեն միջազգային իրավունքի դերի բարձրացման մասին, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իրանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո։

«Փաստաթուղթը շատ արդիական ենք համարում՝ հաշվի առնելով մի շարք երկրների պարբերական փորձերը՝ առաջ տանելու «կանոնների վրա հիմնված աշխարհակարգի» վնասաբեր հայեցակարգը», որը տապալում է արդարության ու փոխադարձ հարգանքի անկյունաքարային սկզբունքները, որոնք մեր նախորդները դրել են միջազգային իրավունքի եւ ՄԱԿ Կանոնակարգի հիմքում», – ասել է Լավրովը։

Նախքան Մոսկվա մեկնելը Մոհամմադ Զարիֆը եղել է Անկարայում, որտեղ նույնպես քննարկել է տարածաշրջանի ապագայի հարցերը։ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո հռչակագրերի մասին հայտարարություններ չեղան, բայց Լավրովն ազդարարեց Սիրիայի հարցով Աստանայի գործընթացի վերսկսման մասին։