ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը եւ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը դատի են տվել Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին։ Այս մասին հայտնում է Armtimes.com-ը։

Աննա Հակոբյանն ու Հրաչյա Հակոբյանը Մինասյանից պահանջում են հրապարակային ներողություն խնդրել եւ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքել: Նրանք նաեւ պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառած վնասի փոխհատուցում են պահանջում։

Պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ հայցի պատճառը մաքսանենգ ծխախոտի վերաբերյալ Միքայել Մինասյանի տարածած սուտ լուրերն են։

Հակոբյանը նշեց, որ իր կողմից հայցը ներկայացվել է զրպարտության համար, իսկ Աննա Հակոբյանի կողմից՝ զրպարտության եւ վիրավորանքի։

«Ես պահանջում եմ հերքում եւ 2 մլն դրամի փոխհատուցում, իսկ Աննա Հակոբյանը՝ հրապարակային հերքում, ներողություն, 2 մլն դրամ զրպարտության եւ 1 մլն դրամ վիրավորանքի համար»,- մանրամասնեց պատգամավորը։

Spread the love