Գույքահարկի ռեֆորմի վերաբերյալ առաջարկներ են ստացվել, որոնց մեծ մասը ոչ թե եղել է մեղմացնող բնույթի, այլ խստացնող։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

Արդյոք կոնկրետ դիմումներ եւ առաջարկներ ստացե՞լ են գույքահարկի ռեֆորմի վերաբերյալ, եւ դրանցից քանի՞սն են առնվազն քննարկման ենթակա։

«Առաջարկ է եղել դիտարկել, թե կոնկրետ անձը քանի գույք ունի, դրանց ընդհանուր գումարը հաշվել, այդ ամբողջական արժեքով հարկել, ինչի հետեւանքով շեմն ավելի բարձր կլիներ, ու, բնականաբար, ավելի բարձր տոկոս կվճարեին։ Չենք ընդունել այդ առաջարկն այս պահին, որովհետեւ կարծում ենք, որ դրա տեխնիկական իրագործումը ավելի մեծ խնդիրների առաջ է կանգնեցնելու, բացի այդ, այս պահին չենք ցանկացել լրացուցիչ ծանրացնել բեռը»,- նշեց Թունյանը։

Նրա խոսքով՝ առաջարկ է եղել սահմանել օգտագործվող եւ չօգտագործվող հասարակական եւ արտադրական նշանակության օբյեկտների տարբերակված գույքահարկ։

«Այսինքն, եթե այդ շինությունը օգտագործվում է, այդ գույքահարկը լինում է ինչ-որ գումար, եթե չի օգտագործվում, այդ գումարը լինի մի քանի անգամ ավելի շատ, որպեսզի դա լրացուցիչ խթան լինի, որ մարդիկ աշխատեցնեն։ Այդ դեպքում էլ, քանի որ հստակ չափորոշիչներ սահմանելու խնդիր կա՝ իրագործելիության հետ կապված, թողել ենք այդ համակարգը հետագայի համար, այսինքն՝ առաջարկներ եղել են, ու դրանց մեծ մասը եղել է հենց այսպիսի բնույթի։ Մյուս թեւի առաջարկը հիմնականում եղել է այնպիսին, որ պետք չէ այս պահին ռեֆորմ անել, իսկ մենք կարծում ենք, որ այս ռեֆորմը դեռ մի բան էլ ուշացած էր»,- ասաց Թունյանը։

Արդյոք տնակները ե՞ւս ենթակա են հարկման, այս հարցին պատասխանեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ նշելով, որ Կոմիտեում հաշվառված եւ գրանցված յուրաքանչյուր գույք հարկման բազայում ներառված է։

«Այսինքն՝ նույնիսկ այն գույքերը, որոնք ինքնակամ կառուցված շինություններ են, սակայն դրանք հաշվառված են եւ ներկայացված են Կադաստրի կոմիտե, դրանք ընդգրկված են ամբողջությամբ հարկման բազայում։ Ինչ վերաբերում է վագոն-տնակներին, դրանք ամրակցված չեն հողին, եւ հարկման հիմքեր չկան որպես այդպիսին»,- ասաց Թովմասյանը։

«Շրջանառվում է թեզ, թե պետությունը ճգնաժամային պայմաններում գույքահարկ է բարձրացնում: Դա կամ սխալ ընկալման արդյունք է, կամ որոշ դեպքերում միտումնավոր մանիպուլյացիա է: Բուն նախագիծը, որը հանգեցրել է գույքահարկերի ավելացման, կադաստրային արժեքների մոտարկման նախագիծն է, որն ընդունվել է անցյալ տարի: Եվ հիմա այս նախագծով մենք այդ նախագծի էֆեկտը փորձում ենք մեղմել»,-ասաց Թունյանը:

Նա նկատեց, որ հակառակ դեպքում հարկը բազմապատիկ անգամներով էր ավելանալու, այս պահին այդ ազդեցությունն են մեղմում, ընդ որում դնում սահուն ժամանկահատված՝ 6 տարի, որ մարդիկ այդ բեռը չզգան: Նոր կանոններով՝ առաջին վճարումը քաղաքացիները կատարելու են 2021 թվականի դեկտեմբերին՝ ընդ որում նոր գույքահարկերի 25 տոկոսի չափով: «Այսինքն` խոսել ճգնաժամային պայմաններում գույքահարկի բեռի բարձրացման մասին, այդքան էլ արդարացի չէ»,-ասաց պատգամավորը:

Թունյանը նաև նշեց, որ պետք է անպայման նկատի ունենալ, որ այդ գումարները գնալու են համայնքային բյուջեներ: «Եվ եթե մենք ցանկանում ենք ունենալ ֆինանսապես անկախ, գոնե սեփական որոշակի միջոցներ ունեցող համայնքներ, պետք է նաև ընդունել, որ այդ համայնքներին որոշակի եկամուտներ են պետք, և այդ գումարները չեն ծախսվում նախարարների կամ պատգամավորների անձնական նպատակներով: Դրանք ծախելու է համայնքի ավագանին»,-ասաց նա ու նշեց՝ այլ հարց է, որ պետք է  հաշվետվողականության ավելի խիստ պայմաններ դնել ավագանիների առջև:

Spread the love