Նախագահ Արմեն Սարգսյանը նախորդ շաբաթ հանդիպել էր հայաստանցի մի խումբ գործարարների հետ, նրանց հետ քննարկելով կորոնավիրուսի համավարակի պայմաններում տնտեսական մարտահրավերներն ու հեռանկարները, բարդ իրադրությունում ապագա կառուցելու համար անհրաժեշտ հարցերը:

Կորոնավիրուսի համավարակի առողջապահական ասպեկտից զատ, տնտեսական ճգնաժամի հանգամանքը, անշուշտ, առանցքայինն է, որ պահանջում է ուշադրություն և ջանք: Մեծ հաշվով, առողջապահական մարտահրավերն այդ իմաստով կարող է լինել առավել կարճաժամկետ, քան տնտեսականը, որն իր հերթին սպառնում է այլ, այդ թվում՝ առողջապահական ոլորտների վրա բացասական իմաստով մուլտիպլիկատիվ էֆեկտով: Ըստ այդմ, ներկայումս համավարակին զուգահեռ, էական անհրաժեշտություն է տնտեսության առողջության հանդեպ հոգատարությունը: Դա իր հերթին ենթադրում է ոչ միայն տնտեսական հետևանքների չեզոքացման աջակցային քաղաքականություն, որն, անշուշտ, հույժ կարևոր է: Խոշոր հաշվով, տնտեսական մարտահրավերի չեզոքացումը նոր իրավիճակում ունի խորքային այլ բնույթ:

Հայաստանը պետք է պատրաստվի ոչ թե տնտեսական ռիսկեր չեզոքացնելուն, այլ տնտեսական հեռանկարներ կառուցելուն, որը պետք է լինի նոր աշխարհակարգի կառուցման համաշխարհային գործընթացին զուգահեռ հանգամանք: Մեծ հաշվով, տնտեսությունն ու աշխարհակարգը հայելային արտացոլումներ են, փոխկապակցված և փոխադարձաբար պայմանավորվող զարգացումներ, ըստ այդմ՝ Հայաստանի տնտեսական հեռանկարները պահանջում են ոչ միայն ներքին տնտեսական քաղաքականություն, այլ նաև աշխարհաքաղաքականություն: Այդ իմաստով հատկանշական է նախագահ Արմեն Սարգսյանի մի նախաձեռնություն, որի մասին նա խոսել է գործարարների հետ: Նա հիշատակել է սննդի անվտանգության միջանցքի իր գաղափարի մասին: «Օգտագործելով իմ կապերը՝ փորձում եմ ստեղծել մթերքի անվտանգության միջանցք», նշել է Արմեն Սարգսյանը:
Ըստ նրա՝ դրա նպատակն է Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի, Քուվեյթի և այլ երկրների հետ գործակցությամբ առևտրային միջանցքի բացումը: «Որպեսզի մենք ոչ միայն ռուսական մեծ շուկան ունենանք, այլ նաև դեպի հարավ շուկան։ Իմ դերը լինելու է աջակցել, որ այդ միջանցքը երկկողմանի բացվի, որ մենք կարողանանք արտահանել ու ներկրել»,- հայտարարել է նա: Խոշոր հաշվով, առևտրային գործընկերության և հաղորդակցության այդօրինակ միջանցքի հաջողումը կարող է դառնալ Հայաստանի համար ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական և ընդհուպ աշխարհակարգային նշանակության ճեղքում՝ հաշվի առնելով թե՛ տնտեսական հանգամանքները, թե՛ հարավային՝ մերձավորարևելյան և ծոցի տարածաշրջանների ուղղությամբ հայկական քաղաքակրթության պատմա-քաղաքակրթական հետքը:
Գործնականում, Արմեն Սարգսյանը խոսում է Հայաստանի, հայկական պետականության հարավային ճեղքման մասին, որը, մեծ հաշվով, կարող է վերածվել քաղաքակրթական հաղորդակցության միջանցքի, միաժամանակ նաև դիտարկվելով իբրև հայկական առաջարկներից մեկը աշխարհակարգային լայն քննարկումների սեղանին:
Spread the love