Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, որ տեղի է ունեցել հունիսի 19-ին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում բավական կոշտ հիշեցումներ է արել Ադրբեջանին, կապված ընդհանրապես Ադրբեջան պետության հեռանկարի հետ:

«Քանի որ վերջին շրջանում Ադրբեջանի նախագահը սիրում է անդրադառնալ պատմությանը, ես նույնպես կցանկանայի ձևակերպել իմ միտքը որոշակի պատմական օրինաչափության մատնանշմամբ: Իր պատմության ողջ ընթացքում, այսինքն՝ վերջին 100 տարում, Ադրբեջանը ենթարկվել է 2 մեծ փորձությունների՝ 1920 թվականի ապրիլին, երբ Ադրբեջանը կորցրեց իր՝ 2 տարի առաջ ձեռք բերած պետականությունը, և 1993 թվականի հունիսին, երբ Ադրբեջանը վերստին մոտեցել էր 2 տարի առաջ ձեռք բերված պետականության կորստի եզրագծին», հայտարարել է Հայաստանի վարչապետը:

ԱԽ համատեղ նիստում նրա ելույթը մեծ հաշվով ուղղված է ադրբեջանական հանրությանը կամ ժողովրդին, քան պաշտոնական Բաքվին: Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ նոր պատերազմը ավարտվելու է Ադրբեջան պետության կազմաքանդումով, որովհետեւ այն այլեւս ռեգիոնալ եւ աշխարհքաղաքական առումով դարձել է պատմա-քաղաքակրթական անհրաժեշտություն:

Դրա պատճառն այն է, որ 2003 թվականին իշխանության եկած Իլհամ Ալիեւը որոշել է պետական ինքնություն կառուցել պատերազմի եւ ատելության գաղափարների վրա: Մի բան, որը ոչ միայն չի տեղավորվում քաղաքակրթության, այլ նաեւ միջազգային հարաբերությունների տրամաբանության շրջանակում: Այն իմաստով, որ Ադրբեջանը չի ունեցել եւ չունի այդ հարաբերություններում այնպիսի կշռի հնարավորություն, որը թույլ կտար ուսերին վերցնել ու երկար ժամանակ տանել «պատերազմի եւ ատելության գաղափարախոսության» վրա կառուցված ինքնությամբ պետության բեռը:

Այդ պարագայում, պատերազմը Ադրբեջանին ոչ թե օգնելու է կրել այդ բառը կամ տանել այն թեկուզ մի քիչ էլ, այլ ընդամենը արագացնելու է անկման ընթացքը: Փաշինյանի պատմական հիշեցումներն ունեն նաեւ բավականին նուրբ տողատակ, այն իմաստով, որ Ադրբեջան պետության կազմաքանդումը կանխվել է ռուսական միջամտությամբ՝ նաեւ Հայաստանի վրա ռուսական ազդեցության համատեքստում, երբ հայկական պետականության անվտանգության շահը ստորադասվել է ռեգիոնալ դասավորության ռուսական մեծապետական պատկերացումներին:

Ներկայումս Հայաստանը դնում է հայ-ռուսական հարաբերությունում այդ պատկերացումները փոխելու խնդիրը, ու թեեւ դա ենթադրում է բավականին բարդ ու տեւական անցում, այդուհանդերձ անկասկած է, որ հայկական պետականության անվտանգային ապագան կախված է դրանից, ըստ այդմ նահանջը լինելու է ոչ թե կայունության ճանապարհ, այլ վտանգի գեներացում: Դրա ցավալի ու վառ օրինակը 2016-ի ապրիլն էր:

Միեւնույն ժամանակ, Ռուսաստանը հայտնվում է մի վիճակում, երբ մի կողմից բնազդաբար առավել ագրեսիվանալով Հայաստանի հանդեպ ազդեցության հարցում, ժամանակի ընթացքում գիտակցաբար գալու է այն եզրահանգման, որ միայն Հայաստանի հետ պետական գործընկերության մակարդակի հարաբերությունն է թույլ տալու նոր աշխարհակարգում էական դերակատարում ունենալ Կովկասի անվտանգության համակարգում:

Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանն ակնարկում է, որ ոչ միայն Հայաստանն այս անգամ կանգ չի առնի եւ թույլ չի տա Ռուսաստանին պահել Ադրբեջան պետությունը՝ եթե Բաքուն որոշի պատերազմի փակուղին ճեղքել նոր ագրեսիայով, այլ Ռուսաստանն ինքը գործնականում հրաժարվելու է այդ պետության անհրաժեշտությունից:

Ընդ որում, Բաքուն թերեւս զգում է այդ վտանգը վաղուց, ինչի մասին վկայում են Դաղստանի ուղղությամբ Ալիեւի նյարդային ակնարկները: