Tank

Վրաստանի ադրբեջանաբնակ Մառնեուլի շրջանում վերականգնվել է ադրբեջանցի գործիչ Նարիմանովի արձանը: Նարիմանովը 1922-ին կարեւոր դեր է ունեցել Վրաստանի որոշ շրջաններ Ադրբեջանին փոխանցելու գործում:

Թե այդ, թե պարզապես նրա կոմունիստա-խորհրդային անցյալի համատեքստում խիստ ուշագրավ է, որ Վրաստանում հնարավոր է դարձել այդպիսի հուշարձանի վերականգնումը:

Դա տեղի է ունեցել կորոնավիրուսի քողի տա՞կ, երբ Թբիլիսին գերադասել է այս շրջանում չգնալ կոնֆլիկտի թե Բաքվի, թե առավել եւս Մառնեուլի շրջանի ադրբեջանցիների հետ: Ի դեպ, հետաքրքիր է, որ Վրաստանի հենց այդ շրջանն էր կորոնավիրուսի մեծ օջախներից մեկը:

 

Օրեր առաջ համացանցում հայտնվեց տեղեկություն, որը Վրաստանի հատուկ ծառայության զեկույցի մասին էր: Ըստ այդմ, Վրաստանի հատուկ ծառայությունը արձանագրում է, որ կան շրջանակներ, որոնք փորձում են Կախեթի շրջանում հրահրել վրաց-ադրբեջանական բախում: Ադրբեջանական պրոպագանդան անմիջապես որսալով տեղեկությունը, փորձել էր հրապարակ նետել «թեզը», թե Վրաստանի հատուկ ծառայությունն ակնարկում է հայերին:

Իրականում սակայն, Ադրբեջանն իրեն մատնել է վաղուց, դեռեւս 2018 թվականից բավականին ագրեսիվ վարքագիծ դրսեւորելով Կախեթիի՝ վրաց-ադրբեջանական սահմանի ուղղությամբ: Խոսքն այն մասին չէ, որ Բաքվի պատմաբանները հայտարարել են, թե դրանք ադրբեջանական տարածքներ են, իսկ Թբիլիսին՝ ադրբեջանական քաղաք:

Բանն այն է, որ Բաքուն բավականին ագրեսիվ է եղել բառի բուն իմաստով: Եվ խոսքը դարձյալ միայն այն մասին չէ, որ արգելվում էր վրաց ուխտավորների մուտքը Գարեջիի վանական համալիրի տարածք, որը նրանք համարում են ոչ թե վրաց ուղղափառ, այլ այսպես ասած ալբանական հուշարձան: Բաքուն նաեւ սահմանապահ զորք է տեղակայել սահմանին: Մինչդեռ հայտնի է, որ իր ռազմա-տեխնիկական հագեցածությամբ Բաքվի սահմանապահ զորքը գրեթե չի տարբերվում ցամաքային բանակային ստորաբաժանումներից:

Ավելին, մի քանի ամիս առաջ եղան տեղեկություններ, արբանյակային լուսանկարով ուղեկցվող, որ ադրբեջանական զինուժը դիրքեր է վերցրել հենց Վրաստանի վարչական տարածքում:

Բաքուն իհարկե «գտածո» է համարում հայկական գործոնը՝ իբրեւ թե վրաց-ադրբեջանական հակամարտություն եւ բախում հրահրելու առումով: Իրականում խմբերը, որոնց մասին խոսում է Վրաստանի հատուկ ծառայությունը, եթե ադրբեջանական չեն, ապա թուրքական են եւ գործում են Ադրբեջանի պաշտոնական քաղաքականության հետ համակարգված: Բանն այն է, որ Բաքուն մեծացրել է ռազմական ներկայությունը Վրաստանի սահմանին, պատրաստվելով թերեւս «պաշտպանել» Վրաստանի տարածքում գտնվող ադրբեջանցիներին, երբ վրացիները կոնֆլիկտի մեջ կմտնեն նրանց հետո: Ահա դրա համար է պետք հրահրել այդ կոնֆլիկտը՝ Ադրբեջանին Վրաստանի տարածք ռազմական ներխուժման «լեգիտիմ» իրավունք տալու համար: Ադրբեջանն այդպիսով կարող է նաեւ կտրել Հայաստանի ճանապարհը, որ անցնում է Մառնեուլիով, միաժամանակ գերակա դիրքի հասնել Տավուշի նկատմամբ:

Ընդ որում բարդ է պատկերացնել, թե այդպիսի սցենարի պարագայում ինչ կլինի վիճակը Բաթումում, որտեղ եւս կա ադրբեջանա-թուրքական մեծ ներկայություն: Վատագույն դեպքում զուգահեռ լարումն էլ մյուս կողմից ներխուժման իրավունք կտա Թուրքիային, որն առավել եւս չի թաքցնում Բաթումի հանդեպ հավակնությունը:

Մեծ հաշվով, Հայաստանը միակն է ռեգիոնում, որին ամենեւին շահեկան չէ Վրաստանում այդօրինակ բախումնային իրողություններն ու զարգացումները: Մյուս կողմից, այդօրինակ սցենարներից ապահովագրվելու համար Վրաստանը չունի այլընտրանք, քան սերտ գործակցել ռեգիոնում միակ բնական դաշնակցի՝ Հայաստանի հետ, երկուստեք ավելի ամրանալու համար:

Spread the love