Անցնող շաբաթների ներքաղաքական բուռն եւ թեժ զարգացումը հունիսի 14-ին թվում է թե հասել էր գագաթնակետին, երբ ԲՀԿ եւ նրա առաջնորդը հայտնվեցին ԱԱԾ անմիջական գործողության թիրախում, Գագիկ Ծառուկյանն էլ մի քանի ժամ հարցաքննվեց ԱԱԾ-ում: Հարուցված քրգործերը, որոնցով Ծառուկյանն անցնում է որպես վկա, կապված են բիզնեսների եւ ընտրակաշառքի հետ:

ԲՀԿ պատգամավորները ինտենսիվ տեղեկություն են տարածում, որ կայացվել է Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու որոշում: Նախ նշվում էր, թե այդ հարցը խորհրդարան կտանեն հունիսի 15-ին: Այժմ խոսվում է, որ դա կլինի 16-ին:

Կզրկվի՞ Գագիկ Ծառուկյանն անձեռնմխելիությունից, կգնա՞ կառավարող ուժը նրա ազատազրկման: Ընդհանրապես, ԲՀԿ նախագահի առաջ ազատազրկվելու՞, թե՞ ազատագրվելու «երկընտրանքն» է:

Ինչի մասին է խոսքը: Հայաստանում ներքաղաքական բուռն զարգացումները զուգորդեցին կորոնավիրուսի համաճարակին: Կա ընդհանուր գնահատական, որ Հայաստանի ներքին ընդդիմության համար կորոնավիրուսը դարձավ առիթ, որպեսզի հաղթեն բարդ վիճակում գտնվող իշխանությանը:

Հայաստանի ներքաղաքական սուբյեկտների մասին հանրությունն ունի բավական մեծ կարծիք, հատկապես այն սուբյեկտների, որոնք եղել են հայաստանյան այսպես ասած ընթացիկ քաղաքականության հիմնական դերակատարներ մինչ այժմ, այդ թվում ԲՀԿ-ն:

Հայաստանում չկա ներքաղաքական շատ թե քիչ ազդեցիկ սուբյեկտ, կամ դրա առաջնորդ, որը պատրաստ է իշխանության համար այսպես ասած «ինքնաբավ» պայքարի, առանց ռուսական դաշտից եկող ազդակի, լինի դա որեւէ իրողությունից ձեւավորվող ակնկալիքի, որեւէ ակնարկի կամ ուղղակի ցուցումի, հրամանի կամ հանձնարարության տեսքով:

Այդ իմաստով, թյուր է տպավորությունը, թե Հայաստանում կորոնավիրուսի բարդություններն են եղել ներքաղաքական բռնկման խթան: Հայաստանի ներքաղաքական բռնկման խթանը եղել է ապրիլի 21-ին Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ հնչեց Արցախի կարգավորման գործընթացի առնչությամբ Մինսկի խմբի համանախագահների եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների տեսակոնֆերանսից ժամեր առաջ: Լավրովը խոսեց ոչ միայն իբրեւ թե փուլային փաթեթի քննարկման մասին: Նա խոսեց նաեւ հայ-ռուսական հարաբերության խնդիրների մասին:

Դա եղավ կամ ազդակ, կամ ցուցում, կամ հրաման: Կորոնավիրուսն այստեղ իհարկե կապ ունի, բայց համաշխարհային մասշտաբով: Բանն այն է, որ կորոնավիրուսի համաշխարհային ճարակը նոր խթան է եղել երկրորդ աշխարհամարտին հաջորդած աշխարհակարգի վերանայման համար: Այդ վերանայումը տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզումով արդեն մոտ երեք տասնամյակ, սակայն այժմ գործընթացը նոր փուլում է, որովհետեւ կա առնվազն մի շատ էական նոր հանգամանք՝ Չինաստան:

Ռուսաստանը դուրս է մղվում առաջին շարքից, դուրս է մղվում արդեն տարիներ, եւ այդ հանգամանքը մոտ ապագայում կարող է արձանագրվել ամերիկա-չինական դիմակայությամբ: Ռուսաստանն այդ մարտահրավերն ընդունելու է իր ավանդական ազդեցության, առավել եւս կենսական նշանակության գոտի դիտարկող ռեգիոններում որոշակի ագրեսիվությամբ: Այստեղ առանձնակի թիրախում է Հայաստանը, առավել եւս թավշյա հեղափոխությունից հետո ինքնիշխանության պաշարի էական ավելացման պարագայում:

Մնացյալը, թե ում վրա խաղադրույք կարվի Հայաստանի հանդեպ ճնշումը ուժեղացնելու համար, արդեն կախված է սուբյեկտիվ մի շարք հանգամանքներից: Գագիկ Ծառուկյանն այդ իմաստով գլխավոր հավակնորդներից է:

Ինչու՞ ազատազրկում, թե ազատագրում: Որովհետեւ Ծառուկյանը մի անգամ զգացել է, կամ պետք է որ զգար ու պատկերացներ թե իր, թե առավել եւս Հայաստանի Հանրապետության համար այդ «ընտրության» խիստ վտանգավոր ու վատ հետեւանքը՝ 2012-15-16 թվականների ճակատագրական, բախտորոշ շրջափուլում: Ըստ այդմ, Ծառուկյանը թերեւս երկրորդ անգամ պետք է աներ ամեն ինչ «ընտրությունն» իր վրա չկանգնեցնելու համար:

Չի՞ ուզել, թե՞ չի կարողացել: Հնարավոր է թե մեկը, թե մյուսը, այսինքն Ծառուկյանն այդ առումով չունի ընտրության հնարավորություն: Այդ դեպքում նրան այդ վիճակից կարող է հանել, ազատագրել հենց Հայաստանում իրավական գործընթացով անցնելը, երբ Ծառուկյանը համոզիչ կերպով ցույց կտա, որ ինքն արեց ամեն ինչ, բայց Հայաստանի Հանրապետությունն ուժեղ էր: Այդ ուժեղ հանրապետությունն է ապագայում լինելու նաեւ Գագիկ Ծառուկյանի ուժը, ոչ մի այլ բան կամ ոչ մի այլ մեկը:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •