Bzhishk

Ամիսներ առաջ, երբ Հայաստանում հաստատվեց կորոնավիրուսի վարակման առաջին դեպքը, օրեր անց մի բժշկուհու աղմկահարույց ու հուզառատ լուսանկար հայտնվեց սոցցանցերում, որն սկսեցին անխնա տարածել եւ որի առթիվ սրտաբուխ մեկնաբանություններ գրել։ Լուսանկարն արվել էր պատահական, որում պատկերված բժշկուհին հոգնատանջ հայացքով փակել էր դեմքը եւ, կարծես, արտասվելիս լիներ։

Նկարի հերոսուհին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ եւ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի համաճարակաբանության վերահսկողության պատասխանատու Ռոմելլա Աբովյանն էր, ով «ՀՀ» օրաթերթի հետ զրույցում վերհիշեց ապրումներն ու ասաց, որ երկրի առողջապահական համակարգն իր ողջ՝ թե՛ կադրային ներուժով, թե՛ ֆունկցիոնալ կարողություններով պատրաստ էր առաջին վարակակրին ընդունելու։ Մարտի 1-ից՝ կորոնավիրուսի արձանագրման առաջին իսկ օրից մինչեւ մայիսի 10-ը, նա եղել է առաջնագծում, պացիենտների կողքին։

«Մարտի 13-ին, երբ վարակակիրների հոսքը սկսեց աճել, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը դատարկվեց, եւ պատրաստվեցինք ընդունելու միայն կորոնավիրուսով հիվանդների, առանց պատկերացնելու, թե ինչ պացիենտների հետ ենք գործ ունենալու։ 24 ժամ վազքի մեջ էինք, որպեսզի կարողանայինք շտապ օգնության ավտոմեքենաները նշանակված ուղիներով ուղարկել։ Կորոնավիրուսով առաջին վարակվածների շրջանում կար հուզմունք ու վախ, ինչը հոգեբանական շատ մեծ ազդեցություն էր թողել ինձ վրա։ Մի մասնաշենքից մյուսը գնալուց հոգու պոռթկում ունեցա, գլուխս դրեցի քարե պատնեշին, այդ պահին էլ լուսանկարել էին»,–պատմեց բժշկուհին՝ մի կերպ թաքցնելով հուզմունքն ու վերապրածը։

Մինչ առաջին հաստատված դեպքը, նախապատրաստական աշխատանքներ էին կատարվում երկրում թե՛ փաստաթղթային, թե՛ անձնակազմի ուսուցման ուղղությամբ։ Երբ արձանագրվեց վարակի առաջին դեպքը, ըստ զրուցակցիս, առողջապահական համակարգում արդեն ներդրված էին վարակի վերահսկողական բոլոր գործընթացները։

«Լուրը, որ Հայաստանում կորոնավիրուսի վարակման դեպք է գրանցվել, հոգեբանական մեծ հարված էր։ Որքան էլ ենթագիտակցորեն մտածում էինք, որ հնարավոր էր, այդուհանդերձ, խուսափել վարակի ներթափանցումից, սակայն իրականում հասկանում էինք, որ դա անհնար կլիներ։ Հասկացանք, որ ամեն ինչ սկսվում է, եւ պետք է պատերազմենք կորոնավիրուսի դեմ։ Արդեն իրականացվել էր կարողությունների գնահատում, ստեղծվել էր միջգերատեսչական հանձնաժողով, միջազգային փաստաթղթերն էին տեղայնացվել, ցուցումներ էին տրվել։ Խնդիրը ինքնագիտակցության մեջ էր, նման սցենարների եւ նման ընթացքի չենք սպասել, չգիտեինք՝ բնակչությունն ինչպես կարձագանքի, ինչպիսի վարքագիծ կդրսեւորի կանխարգելիչ միջոցառումների պահպանման հետ կապված»,–ասաց Ռոմելլա Աբովյանը։

Ի տարբերություն համաշխարհային վիճակագրության թվերի, կորոնավիրուսով մահացության ցուցանիշը Հայաստանում, բարեբախտաբար, ցածր է, ինչը տիկին Ռոմելլան պայմանավորում է վարակակիրների վաղ հայտնաբերման գործընթացով։ Նրա խոսքով՝ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի առջեւ դրված էր ահռելի աշխատանք՝ յուրաքանչյուր դեպքի ժամանակ անհապաղ կատարել համաճարակաբանական հետազոտություն, շտապ հայտնաբերել կոնտակտավորներին եւ մեկուսացնել։

Ինչ վերաբերում է թոքերի օդափոխման սարքավորումների թվաքանակին, ապա, բժշկուհու խոսքով, դրանց սակավության խնդիր առողջապահական համակարգում այս պահին չկա։

«Եթե հասարակությունը սթափվի եւ հասկանա, որ սա համընդհանուր պայքար է, ապա սարքավորումների խնդիր հետագայում չենք ունենա։ ՀՀ-ում շատ բարձր պատրաստվածությամբ բժիշկներ են աշխատում, ովքեր անգամ չմտածելով ընտանիքի, երեխաների մասին, առաջնագծում են եւ պատրաստ են պայքարել մինչեւ վարակի ավարտը։ ՀՀ-ում ապրող քաղաքացիները պետք է վստահեն ՀՀ կառավարությանը եւ առավելագույնս հետեւեն պարետատան հորդորներին՝ նվազագույնի հասցնելով լայնամասշտաբ շփումները։ Եթե հորդորներին չհետեւենք, ապա վարակը կներթափանցի արդեն յուրաքանչյուրիս ընտանիք։ Ժամանակավոր սահմանափակենք շփումները՝ այդպիսով բնակչությունը հարգանք կցուցաբերի այն բուժաշխատողների նկատմամբ, ովքեր կորցրել են 2020 թ. իրենց գարունը։ Թո՛ւյլ տանք նրանց տուն, ընտանիք վերադառնալ»,–ասաց «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի համաճարակաբանության վերահսկողության պատասխանատու Ռոմելլա Աբովյանը՝ եվս մեկ անգամ սթափվելու կոչ անելով հանրությանը։