«ԲՀԿ» ղեկավար Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ վարակվել է կորոնավիրուսով:

«Փաստորեն բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում)))

Առողջություն բոլոր վարակակիրներին:

Աստված պահապան մեզ բոլորիս»,- գրառել է Ծառուկյանը եւ կցել հայտնի տեսանյութը, որտեղ ասում է, որ բարի մարդկանց կորավիրուսը չի դիպչում:

Երեկ հայտնի դարձավ, որ վարակվել է  նաեւ Գագիկ Ծառուկյանի որդին:

Կորոնավիրուսը բարի մարդկանց չի կպնում, ամիսներ առաջ հայտարարել էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, երբ լրագրողները նրան հարց էին ուղղել հանրային անվտանգության համատեքստում: Հետո իհարկե դա չէր խանգարել, որ Գագիկ Ծառուկյանն ու նրա ղեկավարած ուժը նույն համատեքստում քննադատեին կառավարությանն ավելի վաղ արած հակասական հայտարարությունների առնչությամբ:

Հունիսի 30-ին տարածվեց տեղեկություն, որ ԲՀԿ նախագահը վարակվել է կորոնավիրուսով: Փաստորեն, վիրուսը չվախեցավ բարի մարդուց եւ վարակեց նրան: Մաղթենք ԲՀԿ նախագահին առողջություն եւ շուտափույթ ապաքինում, ինչպես եւ նրա ընտանիքի բոլոր անդամներին ու կուսակիցներին:

Շատերը կարծում են, որ ԲՀԿ շրջակայքում վարակի բռնկման պատճառն այն էր, որ հայտնի իրադարձությունների ժամանակ կուսակցականներն ու համակիրները հոծ խմբերով հավաքվում էին մեկ տեղում, ակցիա իրականացնում, հաճախ առանց համաճարակային կանոնի պահպանման, խախտելով նաեւ արտակարգ դրության ռեժիմը:

Իհարկե անհասկանալի էր, թե ինչու՞ են նրանք գնում այդ քայլին, ի՞նչ կլիներ, եթե Գագիկ Ծառուկյանի հետ կապված իրավական գործընթացներն ուղեկցվեին առանց խմբակային ակցիաների: Հազիվ թե նրա հետ որեւէ ավելի խիստ գործողության մտադրության պարագայում իրավապահներին կամ քաղաքական ղեկավարությանը կասեցներ մի քանի տասնյակ բողոքավորի ներկայությունը:

Ավելի ուշ մամուլում տեղեկություն եղավ, թե Գագիկ Ծառուկյանի հին ու նոր գործընկերները՝ ՀՅԴ եւ Հայրենիք կուսակցությունները, դժգոհ են, որ ԲՀԿ-ն անկարող է եղել ակցիայի դուրս բերել գոնե 1000 բողոքավորի: Այդ տեղեկությունն ի դեպ որեւէ մեկը չի հերքել, ինչը նշանակում է, որ բողոքի ակցիան եղել է Գագիկ Ծառուկյանի որեւէ քաղաքական պարտավորության շրջանակում, որի համատեքստում էլ թերեւս նրա հայտնի «պարտավորվածությունն» էր հետ չկանգնելու վերաբերյալ: ԱԱԾ տեսանյութից պարզ դարձավ, որ Ծառուկյանի տանը հայտնաբերվել էին ԲՀԿ-ականների երդմնագրեր: Գործնականում մի հրապարակային երդում էլ Ծառուկյանի հայտնի խոսքն էր իր տան դիմաց, թե ինչ է հետ կանգնողը:

Չէ՞ր կարողացել Ծառուկյանը հանել փողոց 1000 մարդ, թե՞ նա այդուհանդերձ հետ չկանգնեց, բայց իր հետեւում էլ չկանգնեցրեց այնքան մարդ, որը կարող էր իրադարձություններն անցկացնել անդառնալիության կետից՝ թե առողջապահական, թե քաղաքական իմաստով:

Ի վերջո, Ծառուկյանը ոչ միայն բարի մարդ է, այլ նաեւ բանական մարդ եւ շատ լավ է պատկերացնում, որ քաղաքական դաշտում իր առաքելությունը «հունանավետիսյանական» է, այսինքն գնդացիրը կրծքով փակելը:

Spread the love