Իրանում Հայաստանի դեսպանը մայիսի 31-ին հանդիպել է այդ երկրի նավթի նախարարի հետ, քննարկելով հայ-իրանական էներգետիկ գործակցության հարցեր:

Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը, խոսելով այն մասին, որ 2020 թվականին կավարտվի հայ-իրանական բարձրավոլտ 3-րդ էլեկտրահաղորդագծի կառուցումը, նշել է, որ հնարավոր կլինի բարձրացնել գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ծավալն ու ավելացնել այդ շրջանակում հայ-իրանական գազամուղով եկող գազի ծավալը: Մեկ-երկու շաբաթ առաջ Հայաստանի դեսպանը Իրանում հանդիպել էր նավթի նախարարության պաշտոնյաների հետ:

Դա, ի դեպ, ԵՏՄ տեսավեհաժողովի նախօրեին էր, որտեղ Հայաստանն ու Բելառուսը բարձրացրել էին գազի գնի հարցն ու այնուհետև ստացել Պուտինի մերժումը: Երևանը, կարծես թե, ինտենսիվ երկխոսություն է սկսել Իրանի հետ: Չի խոսվում, որ այն վերաբերում է գազի մատակարարմանը՝ ներքին սպառման տրամաբանությամբ, սակայն կարո՞ղ է արդյոք լինել այդպիսի քննարկում՝ Ռուսաստանի մերժման ֆոնին: Իրանի հետ հարաբերությունը, սակայն, այդ առումով ունի շատ ավելի խորքային նշանակություն: Գազի հարցում հայ-ռուսական և ընդհանրապես Հայաստանի էներգետիկ անկախության խնդիրը, եթե չասենք ընդհանրապես անկախության և տնտեսական անվտանգության առանցքային խնդիրներից մեկը, գազի հայտնի պայմանագիրն է, որ պարտադրվեց Հայաստանին 2013 թվականին: Կասկածից վեր է, որ այդ պայմանագրի վերանայումը չունի այլընտրանք, եթե մենք խոսում ենք Հայաստանի ինքնիշխանության հեռանկարի մասին:

Միաժամանակ, սակայն, Հայաստանին պետք է բավականին ամուր դիրք այդ պայմանագրի վերանայման հարց բարձրացնելու համար: Միայն լեգիտիմ իշխանությունը բավարար չէ: Դա կարևորագույն, սակայն ոչ բավարար գործոն է: Ահա այդ առումով Իրանը կարող է լինել Հայաստանի համար առանցքային գործոններից մեկը, եթե դրվի «Գազպրոմ»-ի հետ պայմանագրի վերանայման հարց: Որովհետև դա կարող է նշանակել ճգնաժամ հայ-ռուսական գազային հարաբերությունում, իսկ երկարատև ճգնաժամը կքայքայի Հայաստանի տնտեսությունը։ Ըստ այդմ, մենք պետք է ունենանք հուսալի երկարաժամկետ այլընտրանք, և այդպիսին կարող է լինել իրանական ուղղությունը: Այդ հարցն ամենից կարևորն է, և Իրանի հետ Երևանի բանակցությունը նշանակալի կարող է լինել տվյալ համատեքստում, ոչ միայն զուտ ընթացիկ տրամաբանությամբ՝ Ռուսաստանի հետ գազի տարեկան գին քննարկելու շրջանակում:
Spread the love