Gaz

Ցանկացած պայմանագիր էլ կարող է վերանայվել՝ «Գազպրոմի» հետ Հայաստանի ամոթալի պայմանագրի վերաբերյալ լրագրողների հարցին ի պատասխան հայտնել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ նշելով, թե դա կախված է կողմերի կամքից և հնարավորությունից:

Այլ կերպ ասած՝ Բաղրամյանը նշում է, որ Հայաստանի կամքից ու հնարավորությունից է կախված 2013 թվականին կնքված այդ պայմանագրի վերանայման հնարավորությունը, որովհետև հազիվ թե հնարավոր է ռացիոնալ դիտարկել տարբերակը, որ Ռուսաստանն ինքը կարող է հրաժարվել Հայաստանի հետ այդ պայմանագրից:

Գազային այդ պայմանագիրը Հայաստանը գցել է մի ցանցի մեջ, որը Մոսկվային տալիս է իր կամքը թելադրելու հնարավորություն: Ըստ այդմ՝ հարց է ծագում, թե ինչո՞ւ հրաժարվել այդ հնարավորությունից: Առավել ևս այժմ, երբ Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո դնում է հարաբերություններում ինքնիշխանության, փոխադարձ հարգանքի, միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունք:

Խոշոր հաշվով, «Գազպրոմի» հետ պայմանագիրը, որ Հայաստանին պարտադրվել է 2013 թվականին, ըստ էության Ռուսաստանին տալիս է Հայաստանի ներքին գործերին միջամտելու «օրինական» իրավունք: Խոսքն, իհարկե, համատարած միջամտության մասին չէ, խոսքը ուղիղ միջամտության մասին չէ, սակայն թելադրելով Հայաստանին իրավիճակ ու պայմաններ այնպիսի առանցքային, ռազմավարական նշանակության ոլորտում, ինչպիսին էներգետիկան է և մասնավորապես գազամատակարարումը, Մոսկվան ըստ էության կարող է թելադրել ներքին որոշակի զարգացումներ, տրամադրություն, մթնոլորտ:

Եվ ուրեմն գազի պայմանագրի վերանայման շարժառիթ ունի միայն Հայաստանը, ինչը, սակայն, Մոսկվայի շարժառիթի բացակայության դեպքում նշանակում է ուղղակի գազային արդեն հայտարարված պատերազմ: Իսկ ինչպես ցանկացած բնույթի պատերազմ, այս դեպքում էլ անշուշտ այն սկսելու վերաբերյալ քաղաքական որոշում կայացնելիս պետք է մանրակրկիտ կերպով հաշվի առնել բոլոր ռեսուրսները, հնարավոր ռիսկերը, հաջողության և անհաջողության տարբերակները, հավանականությունը և այլն: Միայն այդ գնահատումից հետո է հնարավոր կայացնել առավելագույն ճշգրիտ որոշումը, որպեսզի այն չբխի զգայականությունից և կառուցվի ռացիոնալ, պրագմատիկ հաշվարկի վրա: Քննարկո՞ւմ է Հայաստանն այդ հարցը ներկայումս, թե՞ ոչ:

Մի բան թերևս ակնառու է, որ այդպիսի որոշում կայացնելիս հույժ կարևոր է ունենալ վստահություն կամ, ավելի շուտ, համընդհանուր հանրային և անգամ համազգային կոնսենսուս: Կոնսենսուս ոչ թե Ռուսաստանի հետ գազային պատերազմի, այլ Հայաստանի ինքնիշխանությունը գազային գերությունից դուրս բերելու հարցի շուրջ, ըստ այդմ՝ նաև դրա քաղաքական հետևանքների արատավոր շրջագծից դուրս բերելու հարցի շուրջ: Մեծ հաշվով, Հայաստանի հետանկախական շրջանի, մեղմ ասած, անարդյունավետությունը եղել է նաև դրա հետևանք, երբ դիտարկում ենք, թե ինչ առանցքային փուլային ցիկլայնությամբ է Հայաստանի դեմ կիրառվել գազային մահակը: