Հունիսի 2-ին Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի վարակի տարածման ռեկորդային բարձր օրական ցուցանիշ՝ 517 վարակակիր: Բարձր է նաև մահացածների օրական ցուցանիշը՝ 20 մարդ:

Արդյո՞ք դա նշանակում է, որ Հայաստանում արդյունավետ չէ հակահամաճարակային քաղաքականությունը, թե՞ հանրությունն է ցուցաբերում անձնական ցածր պատասխանատվություն: Այն, որ կան այդպիսի հանրային շերտեր և դրանք քիչ չեն, կասկածից վեր է: Բայց անհնար է պատկերացնել, որ հանրությունը մեկ մարդու նման պետք է ցուցաբերի հակահամաճարակային պատասխանատվություն: Ըստ այդմ, խնդիրը լոկ այս դաշտում տեսնելը կնշանակի իրականում փակել տեսադաշտն ու անել սխալ եզրահանգումներ, եթե իհարկե չկա պատասխանատվությունը հենց միայն հանրության վրա դնելու, կամ առավելապես հանրության վրա թողնելու խնդիր:

Միևնույն ժամանակ, երբ Հայաստանում մայիսի 4-ից աստիճանաբար թուլացվում էին սահմանափակումները, օրական վարակի դինամիկան ամենևին նվազող չէր, այլ հակառակը՝ աճող էր: Ըստ այդմ կասկածից վեր է, որ սահմանափակումները թուլացնելը բերելու էր ավելի մեծ աճի: Եթե կարանտինի ընթացքում օրական թիվն աճել է, իսկ առողջապահության նախարարն էլ հենց այդ ընթացքում հայտարարել, որ վարակը դուրս է եկել վերահսկողությունից, ուրեմն սահմանափակումները թուլացնելը աներկբա բերելու էր վիճակագրության աճի՝ որքան էլ քաղաքացիներին հղվեր անվտանգության կամ պաշտպանության կանոնները պահելու հորդոր:

Ըստ այդմ, այն, ինչ տեղի է ունենում այժմ, թերևս պետք է լիներ սպասելի, կանխատեսելիի շրջանակում, հետևաբար պետք է լինեին դրան արձագանքելու պատրաստ քայլեր: Քայլեր արվում են , իհարկե, և հարցն արդյունավետությունն է, օրինակ բուժման գործընթացի, մահերի կանխարգելման, միաժամանակ հանրության հետ աշխատանքի և անվտանգության կանոնների վերահսկման: Որքան էլ դժգոհություն լինի հանրային վարքագծից, այդուհանդերձ վիզուալ առումով նկատելի է, որ դիմակների և ձեռնոցների կրումը համենայն դեպս բավականին տեսանելի է:

Կրկնենք, բացարձակության սպասումը, որևէ երկրում, կլինի ինքնախաբեություն:

Ներկայումս գերխնդիրը առողջապահական կարողությունների հնարավորինս արագ ավելացումն է, հնարավորինս շատ կյանքեր փրկելու տեսանկյունից: Մեծ հաշվով, թող չհնչի տարօրինակ, սակայն հակահամաճարակային պայքարի ցուցանիշը գնահատելու համար դեռ պահանջվելու են ամիսներ, համենայն դեպս քանի դեռ չկա պատվաստանյութ և չի առաջացել այսպես ասած ամփոփելու զրոյական վիճակ:

Ակնառու է, որ ներկայումս կա համընդհանուր պատկեր, որը հեռու է իրականությունից: Ըստ այդմ, այսօր գերխնդիրն է կենտրոնացնել ամբողջ ռեսուրսը առողջապահական կարողությունների ընդլայնման և մահերի կանխարգելման վրա, իհարկե շարունակելով անվտանգության միջոցառումների հսկողությունն ու դրանք կիրառելու հանրային, սոցիալական քարոզչությունը:

Spread the love