Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ՍԴ ներկայացված ԲՀԿ դիմումը, դեռևս վարույթ չընդունված, փաստորեն վերածվեց զավեշտի՝  հայտնի թվաբանական մեխանիկայի բերումով:

Կընդունվի դիմումը վարույթ, թե ոչ՝ մեծ հաշվով թերևս արդեն կարևոր չէ, թեև զուտ իրավական ու տրամաբանական տեսանկյունից այն չի կարող լինել վարույթ ընդունվելու ենթակա, որովհետև 26 պատգամավորը ներկայումս չի կարող լինել խորհրդարանի 1/5, դրա համար պետք է առնվազն ևս մեկ լիարժեք մարդ՝ պատգամավոր:

Ինչո՞ւ ԲՀԿ-ն գնաց այդ քայլին՝ հայտնվելով զավեշտի ռիսկի ներքո: Առավել ևս, որ կուսակցությունը փաստորեն ուներ դրանից խուսափելու հիմնավոր պատճառ և պատասխանատվությունը հանգիստ կարող էր դնել «Լուսավոր Հայաստանի» վրա՝ ասելով, որ ԼՀԿ-ն չմիացավ, և իրենք չկարողացան հավաքել անհրաժեշտ քանակի ստորագրություն, ըստ այդմ՝ դիմելը դարձավ ավելորդ ու անհնար:
ԼՀԿ-ն իհարկե ունի ստորագրությանը չմիանալու իր արդեն հայտնի բացատրությունը: Ով է ընդունում այն, ով՝ ոչ, դա այլ հարց է, տվյալ պահին էական չէ: Փաստն այն է, որ «Բարգավաճ Հայաստանն» ուներ զավեշտի թիրախում կամ ծուղակում չհայտնվելու հիմնավոր պատճառ-հղում՝ «Լուսավոր Հայաստանը»: Ընդ որում, անկախ ԼՀԿ դիրքորոշման մասին կարծիքից, այդ պատճառը ամենևին «ալիբի» չէր, այլ միանգամայն հիմնավոր բացատրություն: Ըստ այդմ՝ դա, այսպես ասած, անհարգալից չէր լինի ԼՀԿ հանդեպ, որը շատ հստակ հայտարարել է չմիանալու և դրա պատճառների մասին:

Եվ ուրեմն՝ ինչո՞ւ գնաց այդ քայլին ԲՀԿ-ն՝ հանրությանը ներկայացնելով 26-26,4-27 արդեն հայտնի, անեկդոտների և համացանցային կատակների առիթ դարձած բանաձևը: Իհարկե, այդ իմաստով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խթանեց համացանցային հումորը, բայց դա՞ էր նպատակը: Եթե այո, նպատակն արդարացված է, բայց մյուս կողմից՝ արդարացված է քաղաքական այդ միավորին զավեշտի շրջանակ վերցնելու գնով: Եվ հենց այդ պատճառով էլ առաջանում է հարց՝ ո՞ւմ էր դա պետք, որովհետև չի գտնվում որևէ տրամաբանական բացատրություն, թե դա կարող էր պետք լինել կուսակցությանը, և ընդհանրապես որևէ կուսակցության կարող է պետք լինել այդպիսի հանրային ընկալումն ու արձագանքը:

Դա նշանակում է, որ «Բարգավաճ Հայաստանն» այդ բավականին տհաճ գնով լուծել է մեկ այլ խնդիր, կամ ԲՀԿ համար այդ գնով խնդիր են լուծել շրջանակներ, որոնք կարող են վարքագիծ թելադրել կուսակցությանը և կուսակցության վարկի հաշվին լուծել ինչ-ինչ խնդիրներ: Ի դեպ, այդ համատեքստում հատկանշական է այսօր մամուլում հրապարակված տեղեկությունը, որ ՀՅԴ-ն ու Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունները հիասթափված են համախմբման ջանքերի հանդեպ Գագիկ Ծառուկյանի վարքագծից:

Spread the love