Tun

Պետությունը գույքահարկի, եկամուտների համընդհանուր հայտարարագրման և հարկային մի շարք այլ փոփոխություններով լուծում է ոչ թե ֆիսկալ կամ ոչ ֆիսկալ հարց, այլ՝ քաղաքական և փիլիսոփայական հարց:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց տեսակապով միացմամբ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը՝ անդադառնալով գույքահարկի սպասվող փոփոխություններին:

«2019-ին մենք շատ զգույշ էինք, կենտրոնացած էինք աճ, ակտիվություն, եկամուտներ ունենալու վրա: Սակայն հիմա մենք մի վիճակում ենք, որ կորցնելու բան չունենք, ավելի ճիշտ մեր այսօրը կորսված է, մենք պետք է մտածենք վաղվա մասին: Այս առումով մեր պետականություն ունենալու կամքի արտահայտություն պետք է դառնա ան բարեփոխումների նկատմամբ վերաբերմունքը, որ կառավարությունն այսօր ձեռնարկում է: Խոսքը մասնավորապես գույքահարկի համակարգի փոփոխության մասին է, խոսքը համատարած եկամտահարկի փոփոխության մասին է, խոսքը առաջիկայում կլինի կանխիկի կրճատման փոփոխության մասին: Գույքահարկի հետ կապված կա շատ կարևոր փիլիսոփայական փոփոխություն: ՀՀ-ում կար կարգավորում, որ 3 մլն դրամից պակաս արժեք ունեցող գույքը չի հարկվում գույքահարկով: Մենք առաջարկում ենք փոխել այս համակարգը, այն քաղաքացին, որը նույնիսկ 3 մլն դրամից պակաս արժեքով գույք ունի, միևնույն է պետք է արտահայտի պետություն ունենալու իր կամքը, թող դրա համար ինքը վճարի տարին 100, 200 կամ 300 դրամ, գործնականում էլ այդպես է լինելու»,- ասաց Փաշինյանը:

Նա նկատեց՝ պետությունը մարդուն 30 տարի ազատել է դրանից և հարց բարձրացրեց՝ այդ մարդու կյանքում որևէ բան փոխե՞լ է այդ 300 դրամը: «Չի փոխել, բայց պետության կյանքում այդ 300 դրամը շատ բան է փոխում: Պետություն ունենալու քաղաքացիների կամքը արտահայտելու առումով շատ կարևոր բան է փոխվում: Եվ հիմա ես շրջադարձային եմ համարում այդ հարկային համակարգերի փոփոխությունների հետ կապված քննարկումները»,-նշեց նա:

Փաշինյանի խոսքով՝ լուծում են մի հարց՝ արդյոք 20 տարի հետո ՀՀ-ն գոյություն է ունենալու որպես ինքնիշխան ազատ ժողովրդավարական պետություն: Նա վստահեցրեց՝ պետությունը գույքահարկի, եկամուտների  հաըմընդհանուր հայտարարագրման և հարկային մի շարք այլ փոփոխություններով ֆիսկալ կամ ոչ ֆիսկալ հարց չի լուծում, լուծում է քաղաքական և փիլիսոփայական հարց: «Այն 300 դրամը, որ պետք է վճարի 3 մլն դրամից պակաս արժեքով գույք ունեցող քաղաքացին, անգամներով ուժեղացնելու է ՀՀ անվտանգությունը՝ ոչ միայն ֆիզիկական առումով, այլև հոգեբանական առումով, պետականության ուժեղության առումով»,- նշեց նա:

Spread the love