arthur-davtyan

Հայաստանում 2019-ին քննված քրեական գործերով, որոնց ճնշող մեծամասնությունը կոռուպցիոն բնույթի է, պետությանը կամ համայնքներին պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմել է շուրջ 105.7 մլրդ դրամ, տարվա ընթացքում վերականգնվել է 12,4 մլրդ դրամի վնաս:

Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝  «Հայաստանի Հանրապետության դատախազության 2019 թվականի գործունեության մասին» հաղորդումն ԱԺ նիստում ներկայացնելիս:

«Կոռուպցիայի դեմ քրեաիրավական համակարգված պայքարը շարունակում է մնալ դատախազության ավերապահ ռազմավարական առաջնահերթություններից: 2019-ին առերևույթ կոռուպցիոն հանցագործության դեպքերի առթիվ քրեական վարույթների հարուցման դինամիկան շարունակել է մնալ բարձր: Վարույթում քննված կոռուպցիոն գործերի քանակը 2018-ի համեմատ ավելացել է 26.6 տոկոսով: Նման զգալի աճի և դրանով պայմանավորված` քրեական հետապնդման մարմինների ծանրաբեռնվածության ավելացման պայմաններում հաջողվել է 2019-ին ավարտել կոռուպցիոն բնույթի 34 տոկոսով ավելի քրեական գործի վարույթ: Դատարան ուղարկված կոռուպցիոն բնույթի գործերի քանակը նախորդ տարվա համեմատ ավել է շուրջ 60 տոկոսով, իսկ դատի տված անձանց թիվը՝ շուրջ 35 տոկոսով: Ընդ որում, կոռուպցիոն բնույթի հանցանք կատարած և ազատազրկման ձևով պատժի դատապարտված անձանց թիվը նախորդ տարվա համեմատ ավելի է եղել շուրջ 120 տոկոսով»,- ասաց դատախազը:

ՀՀ զինված ուժերում և ԱՀ պաշտպանության բանակում 2019-ին արձանագրվել է  49 զինծառայողի մահվան դեպք. զինծառայության հետ անմիջականորեն կապված մահվան դեպքերը նվազել են 47 տոկոսով:

«Հայաստանի Հանրապետության դատախազության 2019 թվականի գործունեության մասին» հաղորդումն ԱԺ նիստում ներկայացնելիս այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«2019-ին շարունակվել է Զինված ուժերում հանցագործությունների նվազման դինամիկան, հանցագործությունները նվազել են 18.5 տոկոսով, բացահայտման ցուցանիշը կրկին կազմել է 97 տոկոս: Զինված ուժերում և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում 2019-ին արձանագրվել է 49 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 20-ը կապված  է եղել զինվորական ծառայություն անցնելու հետ, 29-ը տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում: Համեմատության համար նշենք, որ 2018-ին Զինված ուժերում և Պաշտպանության բանակում արձանագրվել է 63 զինծառայողի մահվան դեպք, որոնցից զինվորական ծառայության անցնելու հետ կապված՝ 38:  Փաստորեն կտրուկ, 47 տոկոսով նվազել են զինծառայության հետ անմիջականորեն կապված մահվան դեպքերը»,-ասաց Դավթյանը:

2018-ի համեմատ 2019-ին գրեթե կիսով չափ նվազել են հրադադարի ռեժիմի խախտմամբ հակառակորդի կրակոցներից զինծառայողների զոհվելու դեպքերը, 36.4 տոկոսով՝ զինվորական ծառայության հետ կապված ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 11.2 տոկոսով՝  ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածք ստանալու դեպքերը:  Դատախազը շեշտեց՝ չնայած հանցագործությունների նվազման դրական միտումներին, 2020-ի հիմնական առաջնահերթություններից է բանակում անողոք պայքարը քրեական ենթամշակույթն բնորոշ դրսևորումների դեմ: Շուրջ 33 տոկոսով նվազել է սպաների շրջանում հանցավորության մակարդակը:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վստահեցնում է, որ կալանավորումը որպես խափանման միջոցի կիրառումը հետապնդում է բացառապես վարույթի ընթացքում քրեական հետապնդման ենթարկվող անձի պատշաճ վարքագիծն ապահովելու, քննության բնականոն ընթացքը երաշխավորելու նպատակ:

Դավթյանն այս մասին ասաց  «Հայաստանի Հանրապետության դատախազության 2019 թվականի գործունեության մասին» հաղորդումն ԱԺ նիստում ներկայացնելիս՝ անդրադառնալով նախնական կալանքի պրակտիկային:

«2019-ին ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ են ներկայացվել մեղադրյալ նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին 870 միջնորդություն, որոնցից բավարարվել է 804-ը կամ 92.4 տոկոսը:  Ներկայացված միջնորդություններից 26.2 տոկոսի դեպքում ընտրվել է կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ: 2019-ին նախորդ հաշվետու ժամանակաշրջանի հետ համեմատած առկա է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունների թվի աճ»,-ասաց դատախազը:

Նա շեշտեց՝ պետք է փաստել, որ գործնականում վերջին 2-3 տարում ձեռնարկված քայլերը ակնհայտորեն վկայությունն են իրավական հանրահայտ այն սկզբունքի կենսագործման, որ կալանավորումը որպես խափանման միջոցի կիրառումը մեղադրյալի նկատմամբ պատժի, քրեական պատասխանատվության ենթարկելու միջոց չէ և հետապնդում է բացառապես վարույթի ընթացքում քրեական հետապնդման ենթարկվող անձի պատշաճ վարքագիծն ապահովելու քննության բնականոն ընթացքը երաշխավորելու նպատակ: «Ասվածի ապացույցն է նաև այն, որ 2019-ին ազատազրկման դատապարտված 957 անձանցից 609-ը կամ 63.6 տոկոսը չեն գտնվել նախնական կալանքի տակ»,-ասաց Դավթյանը:

2019-ին արձանագրվել է 9 դեպք, երբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու դատական ակտի հիման վրա՝ մնալով ազատության մեջ, մեղադրյալը դրսևորել է ոչ պատշաճ  վարքագիծ, այն է՝ դիմել է փախուստի, կամ կատարել է նոր հանցանք:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •