Հունիսի 4-ին Բարձրագույն դատական խորհրդի նիստում քննվելու է երկու դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Իր կազմավորումից մինչ օրս ԲԴԽ-ն արդեն իսկ կարգապահական պատասխանատվության ենթարկելու թվով 18 վարույթների վերաբերյալ որոշումներ է կայացրել, որոնցից 13-ի դեպքում որոշել է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկել։

Կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կայացված որոշումների գրեթե  50 տոկոսի դեպքում կիրառվել է նկատողությունը, միայն մի քանի դեպքերում է, որ տրվել է խիստ նկատողություն՝ ելնելով թույլ տված խախտման պարբերական բնույթից և կոպտությունից:

Իսկ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթներից 2-ի մերժման հիմք է հանդիսացել պարզապես Բարձրագույն դատական խորհրդում հարցի քննության օրենքով սահմանված ժամկետը լրացած լինելը: Տվյալ վարույթներում Բարձրագույն դատական խորհրդի կողմից հրավիրված նիստերը չեն կայացել՝ քվորումի բացակայության պատճառով, և փաստացի գործի քննությունը չի սկսվել:

Իսկ քվորումը չի կայանում, քանի որ ԲԴԽ-ն պետք է կազմված լինի 10 անդամներից, սակայն այսօր միայն 8 անդամների կազմով է այն իրականացնում իր իրավասությունները, առկա է 2 անդամի թափուր հաստիք, որը մինչ օրս լրացված չէ։

Դատավորների կարգապահական վարույթների վերաբերյալ այս և մի շարք այլ խնդիրների է անդրադարձել «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունը՝ ԲԴԽ կազմավորումից մինչև 2020 թվականի մայիսի 26-ը ընկած ժամանակահատվածը ներառող իր ուսումնասիրության մեջ, որին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Spread the love