Serj Sargsyan

Ապրիլյան քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը հայտարարել է եզրակացության փուլին անցնելու մասին: Այսինքն՝ հանձնաժողովը, լսելով պատերազմի ժամանակ բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած քաղաքական և ռազմական գործիչներին, այժմ կազմելու է իր եզրակացությունը:

Ինչպես հայտնի է, հանձնաժողովի հարցերին պատասխանելուց հրաժարվել է ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը: Անգամ Սերժ Սարգսյանը մասնակցեց աշխատանքին և ավելին՝ հայտարարեց, որ արտակարգ դրության ավարտից հետո ունենալու է մեծ ասուլիս, որի ընթացքում անդրադառնալու է բացառապես ապրիլյանի թեմային և պատասխանելու է բոլոր հարցերին: Սարգսյանի այդ հայտարարությունը անկասկած ստեղծում է հետաքրքիր վիճակ թե՛ ընդհանրապես թեմայի, թե՛ մասնավորապես հանձնաժողովի եզրակացության իմաստով:

Սպասվում է, որ եզրակացությունը կներկայացվի սեպտեմբերին: Սերժ Սարգսյանի մեծ ասուլիսը, որ նա խոստացել է, կլինի ավելի շո՞ւտ, թե՞ հանձնաժողովի եզրակացությունից հետո: Այդ հանգամանքը հետաքրքիր է նրանով, որ Սերժ Սարգսյանը, ազդարարելով ասուլիսը, նշել է, որ այդ որոշումը կայացրել է ապրիլյանի թեմայի վերաբերյալ բոլոր հարցերին պատասխանելու և թեման ու շահարկումները փակելու համար: Մեծ հաշվով նույն նպատակը պետք է որ հետապնդի նաև ապրիլյան քառօրյա հանձնաժողովի զեկույց-եզրակացությունը:

Այդ իմաստով հետաքրքիր է՝ եզրակացությունն ու Սերժ Սարգսյանի ասուլիսը, այսպես ասած, կրկնելու են, լրացնելո՞ւ, թե՞ հակասելու են միմյանց: Այդ համատեքստում է հետաքրքիր, թե որն է լինելու ավելի շուտ: Բանն այն է, որ այդ ժամանակագրությունը կարող է իր ազդեցությունն ունենալ կա՛մ զեկույցի, կա՛մ ասուլիսի բովանդակության և շեշտադրումների վրա, նաև հանրային ընկալումների վրա: Սարգսյանը հայտարարել է, որ արտակարգ դրությունից հետո է հրավիրելու ասուլիսը:

Առայժմ համաճարակը խոսում է այն մասին, որ արտակարգ դրության չեղարկումը մոտ չէ: Կձգվի մինչև սեպտեմբեր, թե ոչ՝ բարդ է ասել: Մյուս կողմից՝ իհարկե, թե՛ զեկույցը, թե՛ ասուլիսը կարող են ոչ միայն չփակել թեման, այլև բացել նոր թեմաներ: Առավել ևս, որ խորքային առումով իհարկե հնարավոր չէ ապրիլյանի թեման փակել՝ չբացելով տեղի ունեցածը իր ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական ամբողջ ընդգրկումով:

Spread the love