Armen Martirosyan

Այսօր պատերազմ է։ Պատերազմ վարակի դեմ, որի արդյունքում կորցնում ենք մեր քաղաքացիներին։

Մարդկության պատմության ամբողջ ընթացքում պատերազմների ժամանակ ժողովուրդը համախմբվում է և թիկունք կանգնում իր իշխանությանը։ Դառնում է մեկ միասնական հզոր ուժ։

Մեր անկախության շրջանում նույնպես ունեցել ենք նման պահեր, երբ իշխանության ընդդիմախոսները ժողովրդի հետ նեցուկ են կանգնել իշխանությանը։

Լևոն Տեր-Պետրոսյանը մասնակցեց Ռոբերտ Քոչարյանի առաջին «ընտրության» երդմնակալությանը՝ ամրապնդելով իշխանությունը։

Հոկտեմբերի 27-ից հետո ստեղծված պայթյունավտանգ իրավիճակում ընդդիմությունը հանդես եկավ իշխանության կողքին կանգնելու կոչով։

Հայ-թուրքական բանակցությունների պահին սառեցվեցին անգամ ոչ լեգիտիմ իշխանության դեմ զանգվածային միջոցառումները։

Քառօրյա պատերազմի ժամանակ ամբողջ ժողովուրդը և ընդդիմությունը կանգնեցին իշխանության թիկունքին։

Այսօր նույնպես պետք է մեկ մարդու պես նեցուկ լինել իշխանությանը և բոլոր հակաիշխանական արարքները պետք է ընկալվեն սաբոտաժ, Հայրենիքի դավաճանություն, աջակցություն վիրուսի տարածմանը։

Գործող ընտրված իշխանությունը չի կարող լինել անսխալ։ Եվ ցանկացած առողջ քննադատություն խրախուսելի է։ Սակայն իշխանափոխության որևէ կոչ անընդունելի է և կասկածի տակ է դնում ժողովրդի բարձր քվեն, նրա կամքը։

Անձամբ ես և իմ ղեկավարած կառույցները կատարել և կատարում ենք Պարետատան բոլոր որոշումներն ու հանձնարարականները՝ անկախ դրանց հետ մեծ ու փոքր անհամաձայնություններից։ Համոզված եմ, որ միայն համընդհանուր կարգապահությամբ է հնարավոր հաղթահարել ճգնաժամը։

Ընդդիմադիր հայացքներով պարտադրված քննադատությունները և որոշ պաշտոնյաների վրիպումների ինքաբավ քննադատությունը պետք է ստորադասվեն մեր պետության և մեր ժողովրդի շահերին։ Դեռ բազմաթիվ առիթներ կլինեն դրսևորվելու քաղաքական դաշտում։ Բայց այսօր եկեք միաբան լինենք։

Ես իմ աջակցությունն եմ հայտնում վարչապետին։

Spread the love