Hayastan EM

Հայաստանյան կորոնավիրուսային վիճակագրության և ներքաղաքական աշխուժության ֆոնին ուշադրությունից դուրս մնաց, բայց թերևս անարժանիորեն՝ Ավստրիայի խորհրդարանում Հայաստան-ԵՄ համապարփակ համաձայնագրի վավերացման փաստը: Այստեղ կա երկու հատկանշական հանգամանք:

Նախ, առանձնահատուկ ուշադրության է արժանի այն, որ չնայած Եվրոպայում շարունակվող կորոնավիրուսային ճարակին, որը չի շրջանցել նաև Ավստրիան, այդ երկրի խորհրդարանը փաստորեն ժամանակ է գտնում իր օրակարգ ներառել Հայաստան-ԵՄ համաձայնագիրն ու վավերացնել այն: Սա անշուշտ խոսում է այն քաղաքական նշանակության մասին, որ մասնավորապես Ավստրիան տալիս է համաձայնագրին, այլ կերպ ասած հայաստանյան ուղղությանը, և ինչն էլ իր հերթին անշուշտ եվրոպական քաղաքականության համատեքստում նշանակալի ուղղություն է, որն արտահայտվում է մասնավորապես Ավստրիայի ուշադրությամբ: Ամենևին պետք չէ գերագնահատել վավերացման փաստը, սակայն ակնառու է, որ այն տեղ է գտնում եվրոպական նշանակալի դերակատար երկրներից մեկի խորհրդարանում մի ժամանակաշրջանում, երբ թվում է կորոնավիրուսից, դրանով պայմանավորված իրավիճակից բխող եվրոպական քաղաքականության ապագայից բացի չկա ավելի կարևոր խնդիր:

Մյուս կողմից, այստեղ է նաև, որ արտացոլվում է եվրոպական ապագայի համար Հայաստանի հետ հարաբերության կարևոր նշանակությունը: Նշանակություն, որն ունի մի քանի ասպեկտ, սկսած հանգամանքից, որ Հայաստանը փաստացի եվրոպական անվտանգության համար կարևորագույն ռեգիոնի՝ Կովկասի ըստ էության կայունության և անվտանգության, ըստ այդմ եվրոպական անվտանգության առանցքային դերակատար է: Միևնույն ժամանակ, Հայաստանը պետություն է, որը չնայած աշխարհաքաղաքական ընթացիկ անցուդարձում մեծ մասնակցության բացակայությանը, այդուհանդերձ էական գործոն է Եվրոպայի համար երկու կարևոր ուղղությունների առումով՝ Թուրքիա և Ռուսաստան: Ի վերջո, հարկավոր է արձանագրել, որ Ավստրիան փաստորեն ԵՄ 28 անդամներից 25-րդն էր, որ վավերացրել է համաձայնագիրը:

Մնացել են միայն Իսպանիան, Հունաստանն ու Պորտուգալիան: Ահա այդ համատեքստում էլ ընդգծվում և ուշադրության է արժանանում մեկ այլ բան: Հայաստանը թերևս պետք է բովանդակային և դինամիկ առումով աշխուժացնի Եվրոպայի հետ քաղաքական երկխոսությունը: Մի բան, որը հայաստանյան ներքաղաքական դաշտում բացակայում է իսպառ, առնվազն այս փուլում, թե իշխանական, թե այսպես ասած ընդդիմադիր տիրույթում:

Spread the love