Հայաստանի ներքաղաքական դիմակայությունը Սահմանադրական դատարանի շուրջ «Իմ քայլը» խմբակցության կայացրած որոշումից հետո մտնում է նոր փուլ:

Ընդ որում՝ անկախ, թե ինչ սցենարով կընթանան հետագա զարգացումները: Ակնառու է, որ ինչքան թեժ և սուր են զարգացումները, այնքան տեղի է ունենում ուժերի խմբավորում: Այդ հանգամանքը մարտավարական և ռազմավարական առումով բավականին բարդություն է առաջացնում նախկին իշխող համակարգի համար, նկատի ունենալով հանգամանքը, որ այդ համակարգը գործում էր այսպես ասած՝ ապակենտրոն պայքարի տրամաբանությամբ:

Այսինքն՝ ակնառու էր, որ նախկին համակարգը ներկայացնող խմբերը, ունենալով քարոզչական մեկ նպատակ, այդուհանդերձ գործում էին թե՛ ոճական, թե՛ բովանդակային, թե՛ թիրախային տարբեր դիրքերում և նպատակադրումներով, ներկայանում թե՛ հին, թե՛ նոր դեմքերով կամ փաթեթավորումներով: Երբ ներքաղաքական դիմակայությունը սրվում է, ապակենտրոն պայքարի տրամաբանությունը սկսում է խափանվել, դադարում է լինել էֆեկտիվ:

Իսկ ո՞րն է ապակենտրոնության առանցքային շարժառիթներից մեկը: Առանցքային շարժառիթներից մեկը նախկին համակարգի հանդեպ հանրային բացասական վերաբերմունքի հնարավորինս չեզոքացումը կամ լիցքաթափումն է:

Տարրալուծվելով քաղաքական տարածության մեջ, նախկին իշխող համակարգը, մեծ հաշվով, փորձում է ստեղծել կերպարանափոխության իմիտացիա: Ընդ որում, այն տեղի է ունենում հետաքրքիր տեխնոլոգիայով: Նկատելի է, որ կան խմբեր, որոնք իրենց առավել արմատական դիրքավորումներով իրենց վրա են վերցնում հարվածի մի մեծ մաս, ըստ այդմ՝ գործելու առավել անկաշկանդ կամ թեթև միջավայր ապահովելով մյուս խմբերի համար, որոնց առումով խաղադրույքը հիմնականում նոր փաթեթավորման վրա է: Տեխնոլոգիան բավականին հասկանալի է, առկա իրողությունների, ինչպես նաև անցյալի բեռի տեսանկյունից միանգամայն հասկանալի: Ի վերջո, նախկին համակարգը չունի առանձնապես մեծ ընտրության հնարավորություն:

Մյուս տարբերակը, թերևս, քաղաքականությամբ ընդհանրապես չզբաղվելն է, կամ զբաղվել, բայց նախապես հանրության առաջ լիովին ընդունելով այն համակարգային արատի պատասխանատվությունը, որ մինչ հեղափոխությունը պատել է Հայաստանն ու որի մետաստազները էապես զգացնել են տալիս նաև հեղափոխությունից հետո: Ներքաղաքական սուր դիմակայությունը օրակարգային, հրատապ է դարձնում կենտրոնացումը, խմբավորումն ու կոնսոլիդացիան: Որքան մեծ է կենտրոնացումն ու խմբավորումը, այնքան մեծ է հանրության բացասական լիցքերի և գնահատականների կուտակումը: Ապակենտրոնացման և բազմադեմության տեխնոլոգիան սկսում է չաշխատել: Նախկին համակարգը կանգնում է մեկ դեմքով ներկայանալու հրամայականի առաջ: Իսկ այդտեղ արդեն, ըստ էության, կարևոր չէ, թե ում դեմքով է ներկայանում այդ համակարգը, քանի որ հանրությանն այդ համակարգը ծանոթ է այլևս ոչ միայն դեմքով, այլ բջիջներով անգամ:

Խմբավորելով նախկին համակարգը, քաղաքական մեծամասնության համար առերևույթ առավել թեժ ներքին իրավիճակում առավել էֆեկտիվ և ռացիոնալ է դառնում այդ համակարգի դեմ պայքարը: Նաև այդ տրամաբանությունը պետք է փնտրել ընթացիկ ներքաղաքական զարգացումների պարագայում՝ ի թիվս, իհարկե, մի շարք այլ շարժառիթների, որոնց մասին մենք առիթ ենք ունեցել խոսել մեր տարբեր հրապարակումներում: Դրանց շարքում, անշուշտ, առանցքային տեղ ունեն նաև արտաքին ազդակները, որ եկել են Հայաստանի ենթակայության հարցում կենսական շահագրգռություն տեսնող Ռուսաստանից: Այդուհանդերձ, վերջին հաշվով, նույնիսկ այդ հանգամանքների պարագայում քաղաքական դիմակայության էֆեկտիվությունը կառավարող մեծամասնության համար կախված է հենց նախկին համակարգի տարալուծում ու ապակենտրոնացում թույլ չտալուց, ինչպես որ նախկին համակարգն իր էֆեկտիվությունն է տեսնում հնարավորինս ապակենտրոն դիմակայության մեջ: Այլ կերպ ասած, այդ իմաստով կառավարող մեծամասնությունը գործում է «բաժանիր, որ տիրես» հայտնի խոսքի հակառակ տրամաբանությամբ՝ թույլ մի տուր որ բաժանվեն, որպեսզի առավել արդյունավետ վերահսկես:
Spread the love