Հայաստանի արտգործնախարարությունը հայտնում է հունիսի 29-ին նախարար Մնացականյանի եւ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հեռախոսազրույցի մասին:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների տեսահանդիպման շեմին: Սակայն, դատելով Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունից, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ռիքերի հետ զրույցի բովանդակությունը հագեցած է եղել այլ հարցերով:

Մասնավորապես, դրանց շարքում ուշադրության է արժանի անդրադարձը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի խնդրին: «Զրուցակիցները հանգամանալից մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված խնդիրների և դրանց հաղթահարման ուղղությամբ ազգային մակարդակով ձեռնարկվող քայլերի շուրջ՝ ընդգծելով համավարակի դեմ պայքարում միջազգային համերաշխության և համագործակցության կարևորությունը։ Այդ համատեքստում նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ կառավարությանը՝ Հայաստանին ցուցաբերվող ֆինանսական աջակցության համար», նշվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Դիտարկման է արժանի ձեւակերպումը «ազգային մակարդակով ձեռնարկվող քայլերի» վերաբերյալ: Ինչպես հայտնի է, Միացյալ Նահանգները կորոնավիրուսի համավարակի շրջանակում դրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության պատասխանատվության հարցը. ԱՄՆ-ն մեղադրում է այդ կառույցին համավարակի հարցերում թերանալու համար, տեսնելով դրանում հնարավոր դիտավորություն եւ մեծ քաղաքականություն, հայտարարելով քննություն իրականացնելու մասին եւ խզելով հարաբերությունն այդ կառույցի հետ: ԱՄՆ նախագահ Թրամփը հայտնել էր, որ ԱՄՆ փորձելու է ձեւավորել նոր եւ առավել արդյունավետ ու վստահելի կազմակերպություն:

ԱՀԿ-ն գործնականում ոչ միայն ժամանակին չի իրազեկել վտանգի մասին, այլ առայսօր զբաղված է ապակողմնորոշելով՝ իր հակասական հայտարարություններով:

Ֆիլիպ Ռիքերն ու Հայաստանի արտգործնախարարը համավարակի հարցը քննարկելով, կարեւոր են համարել միջազգային համերաշխությունն ու գործակցությունը: Արդյոք Վաշինգտոնը Երեւանի հետ քննարկում է «այլընտրանքային» ԱՀԿ ստեղծման հարցը:

ԱՀԿ պատվիրակության հայաստանյան այցի համատեքստում էլ հարցադրում էի արել, թե արդյո՞ք կառույցը Հայաստանից ակնկալում է աջակցություն ԱՄՆ մեղադրանքների դիմակայության հարցում:

Խոշոր հաշվով, խնդիրը առնչվելով առողջապահության ոլորտին, գործնականում պարունակում է աշխարհակարգային ասպեկտներ, որոնք Երեւանից պահանջելու են քաղաքական կարեւոր որոշումներ: Անկասկած է, որ դրանք պետք է կայացվեն՝ դիտարկվելով անվտանգային լայն համատեքստում: Կամ-կամ ընտրությունը Երեւանի համար մշտապես դիտվել է խնդրահարույց, սակայն խորքային առումով բուն հարցը այլեւս կամ-կամ-ի տիրույթում չէ, քանի որ փոխվում է աշխարհակարգ: Այդ աշխարհակարգում ի վերջո լինելու են բոլորը, եւ ամբողջ հարցն այն է, թե ով՝ որտեղ, եւ ով է լինելու սուբյեկտ կամ օբյեկտ: Եթե կամ-կամ, ապա Հայաստանի առաջ հարցը հենց այդ կտրվածքով է՝ ոչ թե կամ Արեւմուտք կամ Արեւելք, Հյուսիս կամ Հարավ, այլ կամ սուբյեկտ, կամ օբյեկտ:

Spread the love