Ilham Aliev

Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների հերթական՝ արդեն չորրորդ համատեղ նիստը, որը Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո հաստատված ավանդույթ-ձևաչափ է:

Նիստի ընթացքում ելույթ է ունեցել Հայաստանի վարչապետը՝ անդրադառնալով Արցախում նոր իշխանության ձևավորմանն ու արցախյան կարգավորման գործընթացին: Թեև նիստի առնվազն արարողակարգային մասում անդրադարձ չի եղել Հայաստանի ներքին իրողություններին, այդուհանդերձ կասկածից վեր է, որ դրանք լինելու են նիստի ուշադրության կենտրոնում: Հենց այդ առումով իսկ հատկանշական է համատեղ չորրորդ նիստի անցկացումը մի ժամանակահատվածում, երբ Հայաստանում տեղի են ունենում ներքին բուռն զարգացումներ:

Մյուս կողմից՝ պետք է նկատել, որ, անկախ ներքին զարգացումներից, արտաքին միջավայրն իր մարտահրավերներով ու դինամիկայով ոչ միայն չի սպասում, կանգնած չէ, այլև ընթանում է թերևս ներհայաստանյանից ավելի մեծ արագությամբ և, բնականաբար, առավել մեծ մասշտաբով: Եվ այդ համատեքստում ԱԽ համատեղ նիստում Նիկոլ Փաշինյանի ելույթը թույլ է տալիս դիտարկել բավականին հետաքրքիր ուրվագծեր:

Վարչապետը հերթական անգամ հայտարարել է, որ առանց Արցախի ընտրված իշխանության լիարժեք մասնակցության չի կարող լինել որևէ բանակցություն: Միաժամանակ նա հայտարարել է, որ չի կարող լինել Հայաստանի և Արցախի հետ ուժի դիրքից խոսելու որևէ հնարավորություն: Դրանով հանդերձ՝ նա արել է ուշագրավ ակնարկ, որ ռազմաշունչ այն հռետորաբանությունը, որով Ալիևը ինքն իրեն մտցրել է փակուղի, չի բխում ոչ միայն Հայաստանի և միջազգային հանրության, այլև Ադրբեջանի ժողովրդի շահից: Այդ իմաստով Երևանը այս օրերին հերթական անգամ փաստացի ընդգծում է Ադրբեջանի իշխանության և ժողովրդի, այսպես ասած, անջրպետը, նրանց շահերի տարբերությունը կամ, այլ կերծ ասած, պարզապես լեգիտիմության բացակայությունը: Արդյոք Երևանի այդ պնդումը հիմնվա՞ծ է որոշակի միջազգային մթնոլորտի վրա, որին համահունչ էլ Հայաստանը փորձում է ավելացնել այդտեղ շեշտադրումներն ու ճնշումը իր հերթին:

Բանն այն է, որ սոցցանցային ուշագրավ գրառում է արել Եվրամիությունում Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Շահմարլին՝ նշելով, որ Վաշինգտոնն ու Մոսկվան Կովկասում ռեգիոնալ կայունության գրավական են դիտարկում Իլհամ Ալիևի պաշտոնանկությունը: Այդ հայտարարությունը ոչ միայն կարծիք, այլև իրապես հետաքրքիր քաղաքական պատկերի արձանագրում է թվում հայտնի իրողության ֆոնին, երբ նախորդ տարեվերջին Մոսկվա այցելեց Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան՝ Պուտինին շնորհակալություն հայտնելով հրավերի համար: Բաքու նրա վերադարձից անմիջապես հետո լուծարվեց խորհրդարանը, իսկ փետրվարին անցկացվեց խորհրդարանի արտահերթ ընտրություն:

Այն փակուղին, որի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը Ալիևի քաղաքականության առումով, աստիճանաբար դառնալու է ոչ միայն Ալիևի ներքին խնդիրը, այլ նաև ռեգիոնալ անվտանգության շահառու ուժային կենտրոնների, որոնցից առաջինն անշուշտ Վաշինգտոնն է ու Մոսկվան: Եվ այդ իմաստով հատկանշական է, որ Ալիևը Ադրբեջանի Անկախության տոնի առիթով ստանալով շնորհավորանքներ Թրամփից և Պուտինից՝ դրանցում գործնականում որևէ հուսադրող խոսք չլսեց արցախյան հարցի առնչությամբ:

Ալիևի իշխանությունն Ադրբեջանում այժմ պահում է թերևս կորոնավիրուսը, և պատահական չէ, որ, չնայած վիճակագրորեն ցածր թվերին կամ համեմատաբար ցածր թվերին՝ Ադրբեջանում անհամեմատ խիստ է կարանտինային ռեժիմը, որը թերևս այս պահին այլ բան չէ, քան իր անձնական իշխանության պաշտպանության ռեժիմ, ոչ թե Ադրբեջանի ժողովրդի առողջության: