siria

Վրաստանի անվտանգության ծառայությունը հայտնել է Բաթումիում Թուրքիայի 9 քաղաքացիների ձերբակալման մասին: Նրանք Վրաստան են մուտք գործել անօրինական ճանապարհով:

Ձերբակալվածների մոտ հայտնաբերվել է 4 միավոր անօրինական հրազեն: Գործը քննում է Վրաստանի անվտանգության ծառայության հակահետախուզության բաժինը:

Դրանում կար արձանագրում, որ տարբեր խմբեր Կախեթիում հրահրում են վրաց-ադրբեջանական բախումներ: Թեեւ զեկույցի առնվազն հրապարակային մասում չէր նշվում, թե ինչ խմբեր են դրանք, այդուհանդերձ ինքզինքը միանգամից մատնեց Ադրբեջանը, պաշտոնական պրոպագանդայի էջերում անմիջապես արձանագրելով, թե խոսքը հայկական խմբերի մասին է:

Բաքուն արդեն մոտ երկու տարի ուժգնացնում է իր ռազմական ներկայությունը Վրաստանի հետ սահմանին, եւ անգամ տեղակայում դիրքեր Վրաստանի վարչական տարածք համարվող բարձունքներում: Վրաց-ադրբեջանական բախումը Ադրբեջանի համար լինելու է արդեն Վրաստանի տարածք մտնելու հիմնավոր պատճառ: Ավելին, չի բացառվում, որ ըստ սցենարի՝ իրավիճակը հասցվի այնպիսի անկառավարելիության, որ Վրաստանն ինքը օգնություն խնդրի Ադրբեջանից:

Հայերը այդտեղ կարող են լինել Ադրբեջանի հիանալի «ալիբի», ինչն էլ անմիջապես փորձում է շրջանառության մեջ դնել Բաքուն: Իսկ անկառավարելիության հարցում էական դեր կարող է ունենալ Բաթումին, որը հանգամանքների բերումով բավականին մեծ թուրք-ադրբեջանական ներկայությամբ քաղաք է, Թուրքիային սահմանակից Աջարիայում: Բավական է բացել անկայունության եւ բախումների երկրորդ ճակատը այնտեղ, եւ Վրաստանն անկասկած հայտնվելու է աքցանի մեջ:

Այդ առումով, Բաթումիում Վրաստանի հատուկ ծառայության բացահայտումը եւ այն էլ կարանտինի պայմաններում Թուրքիայի զինված քաղաքացիների Վրաստանի տարածք ապօրինի մուտք գործելու հանգամանքը  խոսուն է:

Ի դեպ, այդ հանգամանքը առավել հատկանշական է տարիներ առաջ Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցած առեւանգման ֆոնին, երբ պարզվեց, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունը Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնից առեւանգում եւ Բաքու է տեղափոխում ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողին:

Վրաստանի հատուկ ծառայությունն անշուշտ ունի կենսական խնդիր՝ ապացուցել, որ ինքն է ինքնիշխան Վրաստանի տարածքում դրության տերը: Խնդիրը սակայն առավել քան լայն է եւ առնչվում է թե Վրաստանի, թե ռեգիոնալ անվտանգության համակարգին: Որքան էլ պաշտոնական Թբիլիսին հասկանալիորեն խուսափում է Բաքվի կամ Անկարայի հետ սուր անկյուններից, դրանք այդուհանդերձ կան եւ ծակելու են պարբերաբար: Ընդ որում, ժամանակի ընթացքում այդ ծակոցները կարող են ուժգնանալ:

Եթե Վրաստանում որեւէ մեկը կարծում է, թե Թուրքիայի եւ Ադրբեջանի ռեգիոնալ թիրախը միայն Հայաստանն է, ապա այդ կարծիքը ուղիղ սպառնալիք է նաեւ Վրաստանի ազգային անվտանգությանը: Վրաստանի, Հայաստանի եւ ռեգիոնալ անվտանգությունից է բխում լոկ կարծիքը, որ Վրաստանի ռեգիոնալ դաշնակիցը միայն Հայաստանն է:

Spread the love