Erdoghan

Թուրքիայի նախագահ Էրդողանի հրամանով ստեղծվում է հատուկ կառույց, որը զբաղվելու է Հայոց ցեղասպանության հանդեպ թուրքական ժխտողականության գործով:

Այդ գործով հատուկ կառույցի ստեղծումը լավագույնս վկայում է, թե ինչպիսի մեծ նշանակություն է տալիս դրան Թուրքիայի նախագահ Էրդողանն ու ինչպիսի տագնապով է մոտենում այդ մարտահրավերին: Դա էլ, իր հերթին, թերևս պետք է որոշակի «ուղեցույց» լինի այն մարդկանց համար, հիմնականում հայաստանյան հանրության շրջանակներից, որոնք հեգնանքով կամ հաճախ անգամ քամահրանքով կամ ծաղրով են վերաբերում հայկական քաղաքականության մեջ հայկական հարցի և պահանջատիրական իրավունքի շեշտադրումների ներգրավմանը:

Անշուշտ, Էրդողանը լոկ Հայաստանի պահանջների հանգամանքից չէ, որ տագնապում է: Նա տագնապում է այն հանգամանքից, որ աշխարհում ստեղծվում է միջավայր, աշխարհաքաղաքական մթնոլորտ, եղանակ, որտեղ հայկական պահանջների համար առաջանում են գեներատիվ պայմաններ: Այլ կերպ ասած, Էրդողանը մտածում է թե այն մասին, որ հայկական հարցն ավելի ինտենսիվ են օգտագործելու աշխարհաքաղաքական հարաբերություններում և Թուրքիային առնչվող հարցերում, և թե տագնապում, որ Հայաստանն էլ իր հերթին ավելի արդյունավետ է օգտագործելու այն հնարավորությունը, որ ստեղծվում է նպաստավոր միջավայրի շնորհիվ:

Աշխարհը թևակոխել է աշխարհակարգային վերափոխման վճռորոշ փուլ, որն, ըստ ամենայնի, ունենալու է բավականին տևական ընթացք: Այդպիսի փուլերում համաշխարհային քաղաքականության մեջ առավել պահանջված են դառնում պատմա-քաղաքական իրավունքները, որոնց վրա է, մեծ հաշվով, հենվում ցանկացած աշխարհակարգ՝ դրանց կա՛մ ոտնահարման, կա՛մ, այսպես ասած, արձանագրման վրա: Խոշոր հաշվով, նախկին աշխարհակարգերը կառուցվել են, այդ թվում՝ հայկական պատմա-քաղաքական իրավունքների ոտնահարման վրա: Միևնույն ժամանակ, նախկին աշխարհակարգի փլուզումը գործնականում սկսվել է հայկական իրավունքների հաստատմամբ՝ արցախյան ուղղությամբ: Այդ հանգամանքի հերթական տասնամյակի շեմին Անկարան պատկերացնում է, որ հայկական իրավունքները լինելու են նոր աշխարհակարգի, այսպես ասած, տրենդային հիմնասյուներից, իսկ Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունը Հայաստանին օժտել է այդ իրավունքներն առավել ինքնիշխան սպասարկելու կարողությամբ, ինչի մի վկայություն էլ, թերևս, ԱՄՆ այն նախաձեռնությունն էր, որին միացավ Հայաստանը՝ Կրոնական ազատությունների դաշինք: Դա հարթակ է, որտեղ Երևանը ստանում է հայկական պատմա-քաղաքական ժառանգության հարցերը բարձրացնելու մեծ հնարավորություն, այն դեպքում, երբ Թուրքիան ու Ադրբեջանը հենց դրանք են դարձրել ու դարձնում թե՛ քաղաքական, թե՛ ընդհուպ ֆիզիկական ժխտողականության թիրախ: Հատուկ կառույցի ստեղծման Էրդողանի որոշումը, ըստ էության, «մատնում է հայերի իրավունքի ուժի գիտակցումը: Այդ ուժի ամբողջական գիտակցումն, անկասկած, հույժ կարևոր է նաև Հայաստանի ու հայության համար, դրանից բխող քաղաքականությունը մշակելու և առաջ տանելու համար, առաջին հերթին՝ որպես հայկական պետականության անվտանգության կարևոր երաշխիքներից մեկը: