Կձևավորվի՞ կառավարության դեմ միասնական քաղաքական «ճակատ», որը կդնի վարչապետի և կառավարության անվստահության հարց: Անցնող օրերին վարչապետի և կառավարության հրաժարականի մասին տարբեր ուժերի հայտարարությունների շղթան առաջացնում է այդ հարցը:

Դրա պատասխանը գտնելու համար, սակայն, նախ անհրաժեշտ է հասկանալ, թե տվյալ դեպքում ինչ ենք հասկանում ասելով «ճակատ»: Եթե, օրինակ, հավաքվում են մի խումբ ուժեր՝ հրաժարականի կամ անվստահության պահանջի շուրջ, դա արդեն ճակա՞տ է, թե՞ ճակատը ենթադրելու է գործողությունների որոշակի պլան, դրա հանրայնացում:

Հնարավոր է, իհարկե, որ պլանը կարող է ներառել ավելի շատ ոչ հանրային քայլեր, այսպես ասած՝ «պարտիզանություն», ինչպես մի շրջափուլում ոչ իշխանական բևեռ կոչված ընդդիմությունը փորձում էր կիրառել Սերժ Սարգսյանի դեմ: Իհարկե, այդ մարտավարությունը տապալվեց փառավորապես, որի փլատակների տակ, ի դեպ, մնալու էր Գագիկ Ծառուկյանը, որն այժմ էլ կարծես թե ակնարկում է «բարիկադներ բարձրանալու» պատրաստակամության մասին, բայց այդուհանդերձ ոչ լեգիտիմ, հանրային վստահություն չունցող իշխանության հանդեպ այդօրինակ մարտավարությունը տրամաբանություն ունենալ կարող է:

Բայց ինչպե՞ս կարող է ոչ հանրային պայքարի մեթոդաբանությունը կամ մարտավարությունը տրամաբանություն ունենալ մի պարագայում, երբ ուղղված է լինելու հանրային վստահության շոշափելի պաշար ունեցող կառավարության և վարչապետի դեմ: Ինչքան է այդ պաշարն այժմ իրականում՝ բարդ է ասել, հատկապես, երբ սոցիոլոգիան այդպես էլ ձեռք չի բերում հանրային վստահություն, բայց համենայնդեպս հնարավոր է հաստատապես նկատել, որ կառավարությունն ունի հանրային հենարան, և ավելին՝ կարծես թե հենց միայն հանրային հենարանն է, որ պահում է կառավարությանն ավելի կոշտ հարվածներից:

Հետևաբար «ընդդիմադիր» դաշտում կամ պետք է սպասեն, որ կառավարությունը կորցնի այդ հենարանը՝ իհարկե նաև աշխատելով այդ ուղղությամբ, կամ հրաժարական և միասնական ճակատ հասկացությունները ստանում են քաղաքական բուտաֆորիայի իմաստ, իսկ բուն խնդիրն ընդամենը դիրքային պայքարն է քաղաքական դաշտում ընդդիմադիր գերակա դիրքի համար:

Այո, այդ դիրքային պայքարը կարող է ենթադրել որոշակի «միասնականացում» այն ուժերի միջև, որոնք իրականում միմյանց հետ ունեն ավելի շատ խնդիրներ, քան խնդիրներ կառավարության կամ Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչպես ասվում է հայտնի խոսքում՝ եթե չես կարող հաղթել, ընկերացիր: