Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է Սահմանադրության փոփոխությունները եւ հրապարակել պաշտոնական տեղեկագրում։

Խորհրդարանի մեծամասնության ընդունած սահմանադրական փոփոխություններով վաղվանից դադարեցվում են ՍԴ 3 դատավորների լիազորությունները, ինչպես նաև Հրայր Թովմասյանի լիազորությունները՝ որպես ՍԴ նախագահ։

ԲՀԿ-ն ստորագրահավաք էր սկսել խորհրդարանի այդ ակտը ՍԴ-ում վիճարկելու համար: Պակասում էր 1 ստորագրություն, եւ բոլորի ուշադրության կենտրոնում էր Լուսավոր Հայաստան խմբակցությունը: Սակայն ԼՀԿ-ն հայտարարեց, որ ՍԴ-ն հուլիսի 7-ին քննելու է Ռոբերտ Քոչարյանի դիմումը, եւ իրանք ստորագրահավաքին կմիանան միայն դրանից հետո: Քոչարյանի փաստաբանները ՍԴ-ից հետ վերցրին դիմումը, հայտարարելով, որ այդպիսով չեն խանգարի պառլամենտական գործընթացին, նկատի առնելով, որ Լուսավոր Հայաստանի համար հանում են այդ պատճառաբանությունը: Սակայն ԼՀԿ-ն հայտարարեց, թե փաստաբանների արածն աճպարարություն է, եւ դիմումը հետ վերցնելը դեռ չի նշանակում, որ գործը չի քննվելու հուլիսի 7-ին: Ավելին, ԼՀԿ-ն ասում էր, որ օրվա ընթացքում ՍԴ-ն կարող է չեղարկել հուլիսի 7-ի նիստում այդ հարցի քննարկումը, եւ իրենց պայմանն ուժի մեջ է:

Քոչարյանի փաստաբանների խնդիրը պարզ է՝ ՍԴ-ն ներկայիս կազմով կարող է ընդունել իրենց ձեռնտու որոշում: Սակայն վաղվանից, ըստ ԱԺ ընդունած փոփոխությունների, երեք դատավոր «պակասում է», միեւնույն ժամանակ դադարեցվում է Հրայր Թովմասյանի լիազորությունը որպես ՍԴ նախագահ: Այս 4 դատավորներն այսօր հայտարարություն են տարածել, որում ըստ էության անհնազանդություն են հայտնել ԱԺ որոշմանը: Մինչ այդ էլ նրանք հայտարարել էին, որ շարունակելու են աշխատանքի գնալ, եւ գտնում են, որ իրենց լիազորությունների դադարեցումը հակասահմանադրական է:

Ի՞նչ է սպասվում հունիսի 26-ին Սահմանադրական դատարանում: Եթե նրանք գնան աշխատանքի, դա կարո՞ղ է ունենալ հետեւանքներ: Օրինակ, որակվել որպես իշխանության յուրացում: Թե՞ ոստիկաններն առավոտից հսկողություն կսահմանեն մուտքի մոտ եւ թույլ չեն տա նրանց մտնել շենք:

Սահմանադրական դատարանի շուրջ այս ողջ իրարանցումը մի կողմից թվում է մոտ է հանգուցալուծման, մյուս կողմից այն հնարավոր է դառնա ներքին որոշակի զարգացումների խթան: Սա ի սկզբանե էլ միայն մասնակի էր իրավական վեճ ու գործընթաց, խորքում ունի լայն ներքին ու արտաքին խնդիրների շրջանակ:

Վարչապետն այսօր ԱԺ ամբիոնից արեց հայտարարություններ, որոնք կարծես թե այլեւս նահանջի տեղ չեն թողնում, եւ ներքին զարգացումներն ընթանալու են սուր դիմակայության ու վերախմբավորումների տրամաբանությամբ:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •