Դենիս Պրոցենկոն, որը Կոմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժիշկն է, գործուղվում է Դաղստան՝ կորոնավիրուսի դեմ պայքարին միանալու համար: Այդ մասին հայտնել է ՌԴ օպերատիվ շտաբը:

Դենիս Պրոցենկոն հայտնի դարձավ ոչ այնքան կորոնավիրուսի դեմ պայքարից, որքան կորոնավիրուսով վարակվելուց հետո: Բանն այն է, որ նրա վարակակիր լինելու մասին հայտնի դարձավ մարտին, երբ համաճարակը հասել էր Ռուսաստան: Հայտնի դարձավ այն բանից հետո, երբ վարակակիր հիվանդներին Կոմունարկայի հիվանդանոց այցի գնաց ՌԴ նախագահ Պուտինը: Պուտինն այդ այցի ընթացքում ձեռքսեղմում էր ունեցել գլխավոր բժշկի հետ: Դրանից մեկ-երկու օր անց հայտնի դարձավ, որ նա վարակակիր է:

Ինչ կար Պուտինի առումով, այդքան էլ պարզ չէր, հայտնի էր միայն, որ նա մտավ «բունկեր» եւ սկսեց աշխատել մեկուսացած: Պուտինի վարակված լինելու մասին հայտնի չէր ոչինչ: Հետո վարակակիր դարձավ վարչապետ Միշուստինը, որոշ ժամանակ անց էլ՝ Պուտինի խոսնակ Պեսկովը:

Այդպիսով, «հայտնի» բժիշկը մեկնում է Դաղստան, որը համարվում է Ռուսաստանի կորոնավիրուսային թեժ կետը: Պաշտոնապես, 3 միլիոնից մի փոքր ավելի բնակչություն ունեցող այդ հանրապետությունում կա 6000-ից ավելի վարակված եւ մի քանի տասնյակ մահ: Սակայն, տարբեր աղբյուրներ խոսում են ուղղակի աղետի մասին, վկայելով, որ պատկերը շատ ավելի ծանր է, քան պաշտոնական վիճակագրությունը:

Ծանր պատկերի մասին է խոսում նաեւ Դաղստանի հանդեպ առանձնահատուկ մոտեցումը, այդ թվում Կոմունարկայի բժշկի գործուղումը: Միաժամանակ հետաքրքիր է մեկ այլ հանգամանք: ՌԴ նախագահը Պուտինը մոտ երկու շաբաթ առաջ զանգահարել էր Ալիեւին եւ նրա հետ քննարկել դաղստանյան սահմանին հավաքված ադրբեջանցիների հարցը, որոնք Ռուսաստանից ուզում են վերադառնալ Ադրբեջան: Պուտինի զանգից հետո արտգործնախարար Մամեդյարովին էր զանգահարել Սերգեյ Լավրովը: Այդ երկու հեռախոսազրույցը վկայում է, որ Դաղստանում իրավիճակն իսկապես բարդ է: Ընդ որում, հետաքրքիր է, որ Ալիեւը այդուհանդերձ չի ընդունում բոլորին:

Սահմանակից ադբեջանական Դերբենտ համայնքի ղեկավարը հայտնել է, որ ռուսական տարբեր ռեգիոններից ադրբեջանցիները շարունակվում են կուտակվել սահմանին, բայց հարցը գտնվում է համապետական իշխանությունների մակարդակում: Ինչու՞ Ալիեւը չի կարողանում լուծել սահմանին հավաքված մոտ 1000 ադրբեջանցիների հարցը: Ինչու՞ նրանց չեն ընդունում: Եվ ինչու՞ էր բանը հասել անգամ Պուտինի եւ Լավրովի զանգերի անհրաժեշտությանը:

Ընդ որում, հատկանշական է Բաքվի պաշտոնական պրոպագանդայում արձանագրված մի հանգամանք: Բաքվում Դաղստանի կորոնավիրուսային վիճակի վերաբերյալ Պուտինի հայտարարությունը դիտարկել էին այդ հանրապետությունում հայկական հատուկ ծառայությունների գործունեությունը փակելու համատեքստում:

Ինչու՞ էր Բաքուն Դաղստանում հայկական հատուկ ծառայություն տեսել, ինչի՞ց ելնելով, եւ ի՞նչ դիմակայության մեջ է Ալիեւը Պուտինի հետ Դաղստանի հարցում: Հատկանշական է նաեւ, որ Թուրքիան մարդասիրական օգնության օդանավ ուղարկեց Դաղստան: Իսկ կորոնավիրուսային համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ այդ ձեւաչափը արդեն ստացել է քաղաքական, անգամ ռազմա-քաղաքական բնույթ՝ մարդասիրական մասնագետների քողի տակ:

Ռուսաստանը Դաղստանում կորոնավիրուսի՞ դեմ է պայքարում, թե՞ արդեն նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •