Makron France

Թուրքիան խաղում է վտանգավոր խաղ Լիբիայում. հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Թուրքիան Լիբիայում խաղում է վտանգավոր խաղ․ այս մասին ես ասել եմ նախագահ Էրդողանին»,- հայտարարել է Մակրոնը Թունիսի նախագահ Քաիս Սայիդի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Ֆրանսիայի նախագահի խոսքերը մեջբերում է ՌԻԱ-ն։

Ֆրանսիայի ղեկավարը շեշտել է, որ Լիբիայում Թուրքիայի գործողությունները հակասում են Բեռլինում կայացած միջազգային համաժողովում ստանձնած պարտավորություններին: «Այս մասին ես նաև ասել եմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում»,- հավելել է Մակրոնը։

Նա հիշեցրել է Ֆրանսիայի դիրքորոշուման մասին, որը Լիբիայի բոլոր հակամարտող կողմերին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները:

«Մենք Թունիսի նախագահի հետ միասին քննարկել ենք տարածաշրջանային իրավիճակը և ռիսկերը, որոնք կապված են Լիբիայի ճգնաժամի վերջին զարգացումների հետ: Ֆրանսիան և Թունիսը միասին պահանջում են, որ հակամարտող կողմերը դադարեցնեն ռազմական գործողությունները և կատարեն ՄԱԿ-ի շրջանակներում ընդունված բանակցությունները վերսկսելու պարտավորությունները»,- նշել է Մակրոնը։

Նա նաև ընդգծել է Լիբիայի ներքին իրավիճակին արտաքին միջամտությունը կանխելու անհրաժեշտությունը։