Turky

2020 թ․ փետրվարի 13-ին «Հրեական մամուլ» (The Jewish Press) շաբաթաթերթի հոդվածը բացահայտել է Թուրքիայի կառավարության գործունեությունը՝ Երուսաղեմի հայկական և քրիստոնեական թաղամասերին տիրանալու մասին։

Այս մասին գրում է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը և նշում, որ լրագրող Բարուխ Յեդիդի հոդվածը կրում է՝ «Թուրքիան աշխատում է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասին տիրանալու համար» խորագիրը:

«Երուսաղեմի հայ «բնակիչները TPS-ին (Իսրայելի լրատվական գործակալություն) պատմել են թուրք պաշտոնյաների ջանքերի մասին, որոնք վերջին տարիներին փորձում են նրանց համոզել ժխտել թուրքերի կողմից մեկ դար առաջ իրականացված Հայոց հոլոքոստը և տեղի քրիստոնյաներին պատկանող անշարժ գույքը ձեռք բերելու այլ գործողությունների մասին»,- գրել է Յեդիդը։

Հեղինակը պատմել է, որ Երուսաղեմի հայ բնակիչներից մեկը, որի պապը վերապրել է Հայոց ցեղասպանությունը, TPS-ին հայտնել է, որ մի թուրք կին դիվանագետի հետ հանդիպումից 40 րոպե անց վերջինս փորձել է համոզել իրեն կասեցնել իր գործունեությունը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ․

«Ես հասկացա, որ նա ուզում է համոզել ինձ դադարեցնել հայերի կոտորածի թեմայով իմ գործունեությունը»։ Հայն ասել է, որ նա թուրք դիվանագետին անմիջապես ցույց է տվել դռան կողմը, և նա հասկացել է՝ հայ համայնքը երբեք չի հրաժարվի Ցեղասպանության ճանաչման համար պայքարից։ «Մենք ևս հարյուր տարի կսպասենք, բայց չենք հրաժարվի փոխհատուցման մեր պահանջից, քանի դեռ չենք հասել մի այնպիսի վճարման համաձայնագրի, որ կնքվել է Իսրայելի և Գերմանիայի միջև»,-ասել է հայ զրուցակիցը։

Երուսաղեմում անշարժ գույքի այլ հայ սեփականատերեր հայտնել են TPS-ին, որ թուրքական կառավարության ներկայացուցիչներն իրենց առաջարկել են 3000 դոլար դրամաշնորհներ՝ տարբեր կարիքների համար։ Սակայն հայերը մերժել են թուրքերի կաշառքները՝ դրանք անվանելով «լռեցման դրամաշնորհներ, որոնք կոչված են ապահովել, որպեսզի Թուրքիայի կառավարությունը չդատապարտվի 1915-1917 թթ․ կոտորածների համար»։

Յեդիդը շարունակել է իր հոդվածը՝ բերելով Երուսաղեմում հայկական կալվածքներ գնելու թուրքական փորձերի այլ օրինակներ.

«Թուրքական ճնշումները նաև դրսևորվել են հայկական կալվածքներ ձեռք բերելու գործում: TPS-ին հայտնի է դարձել, որ մի քանի ամիս առաջ հայկական թաղամասի բնակիչները ցնցվել են՝ հայտնաբերելով, որ իրենց տներից մեկն իր իրական արժեքը երեք անգամ գերազանցող գնով վաճառվել է մի մահմեդականի։ Հետաքննությամբ պարզվել է, որ հայկական անշարժ գույքի գնման ֆինանսավորումը ստացվել է Թուրքիայից։ Այս միջադեպից հետո համայնքի որոշ ղեկավարներ հանդիպել են, որպեսզի քննարկեն իրադարձությունների շղթան և միջոցներ ձեռնարկեն կանխելու համայնքի կալվածքների անցումը թուրքերի ձեռքը: Հայերի շրջանում դեռ վախի զգացում կա՝ թուրքերի կողմից ավելի շատ կալվածքներին տիրանալու կամ գնելու վերաբերյալ»։

Յեդիդն իր հոդվածում նաև գրել է․ «Երուսաղեմում ընդլայնվող թուրքական գործունեությունը և «Մահմեդական եղբայրներին» տրամադրվող նրա աջակցությունն անհանգստացնում են Իսրայելին։ Իսրայելի պաշտպանական ուժերի հետախուզական բաժինն իր վերջին տարեկան զեկույցում, առաջին անգամ, Թուրքիան ներկայացրել է որպես սպառնալիք»։

Յեդիդն այնուհետև նկարագրել է Իսրայելի դժկամությունը՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը․ «Իսրայելի պաշտոնյաները հաճախ են բարձրացրել Հայկական հոլոքոստի ճանաչման հնարավորությունը որպես հակազդեցություն Իսրայելի դեմ վարվող թուրքական գործունեության, այդ թվում՝ Թուրքիայում Համասի ահաբեկչական շտաբի տեղակայման: Տարիներ շարունակ Իսրայելը ձեռնպահ է մնացել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելուց՝ վախենալով, որ նման ճանաչումը կվնասի Իսրայելի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններին»: Սա անհեթեթ փաստարկ է, քանի որ Իսրայելի հարաբերությունները Թուրքիայի հետ արդեն իսկ խաթարված են, և նրա կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հավելյալ վնաս չի պատճառի, ինչպես ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում և Սենատում անցյալ տարվա աշնանը Հայոց ցեղասպանության ճանաչումը բացասաբար չի ազդել ամերիկա-թուրքական հարաբերությունների վրա։

Spread the love