Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն օրերս հայտարարություն է տարածել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագծի մասին, որն ԱԺ-ում ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Դրանով նախատեսվում է, որ օտարալեզու հեռուստաալիքները հանրային մուլտիպլեքսում կարող են հեռարձակվել միայն միջպետական պայմանագրի հիման վրա, իսկ եթե չկա այդպիսի պայմանագիր, ապա նրանք կարող են հեռարձակվել միայն կաբելային ցանցերով:

Դեսպանատունը որքան էլ արձանագրում է, որ օրենքը Հայաստանի ներքին գործն է, սակայն առաջ է բերում ոչ միայն ռուսական հեռուստաալիքների հեռարձակման, այլ նաև ռուսերեն լեզվի հարցը: Տարածված հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Գաղտնիք չէ, որ դեռևս հայկական պետության ստեղծման շրջանից, ռուսերենը ֆորմալ առումով կորցրել է իր հատուկ կարգավիճակը։ Նոր պահանջներն, ըստ էության, շարունակում են այդ գործընթացը։ Սակայն փաստացի մինչ այսօր Հայաստանում ռուսերենը ավելի՛ մեծ դեր է խաղում, քան պարզապես օտար լեզուն։ Մենք ձեզ հետ գիտենք, որ Հայաստանի քաղաքացիների մեծ մասը անմիջականորեն կապված են Ռուսաստանի հետ, ինչ-որ մեկն այնտեղ աշխատում է, ինչ-որ մեկի հարազատներն են ապրում, որոնց հաճախ են այցելում և այլն։ Մեր երկրներին միավորում են Եվրասիական տնտեսական միությունը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը»,- հիշեցնում է Հայաստանում ՌԴ դեսպանատունը և, ըստ էության, ակնարկում ռուսաց լեզվին հատուկ կարգավիճակ տալու մասին:

Մոսկվայաբնակ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը ՌԴ դեսպանին նմանատիպ առաջարկ է հղում. «Հայաստանի բնակչության 90 տոկոսից ավելին հայեր են, ուստի ռուսաց լեզվին հատուկ կարգավիճակ տալու իմաստ չեմ տեսնում: Եթե այստեղ 40 տոկոս ռուս ապրեր, այլ հարց է։ Իսկ ահա Ռուսաստանում, տարբեր հաշվարկներով, 2.5-3 միլիոն հայ է ապրում: Կարող ենք Ռուսաստանում հայոց լեզվին հատուկ կարգավիճակ տալ և ռուսական հեռուստաեթերում հայկական հաղորդումներ հեռարձակել»:

Ստեղծված իրավիճակի պատճառներն, ըստ մեր զրուցակցի, աշխարհաքաղաքական են. «Սխալ արտաքին քաղաքականությունն իր պտուղներն է ցույց տալիս: Անշուշտ, այդ հարցում օգնում են նաև ներքին խաղացողները, որոնք ոգևորվում, ինչու չէ նաև հող են նախապատրաստում նմանատիպ հայտարարությունների համար: Գուցե եթե չգրգռեինք, ոչ ոք այդ մասին չէր էլ մտածի: Օրինակ` Ռոբերտը սիրում էր իր տան հարստությունը տալ ուրիշին ու հզոր երևալ: Բայց ես հզոր լինելու այլ ճանապարհ եմ տեսնում, լինել այնքան հզոր, այնպիսի քաղաքականություն վարել, որ ոչ ոք չասի՝ ռուսերենին կամ այլ լեզվին այսպիսի հատուկ կարգավիճակ տուր կամ այս օրենքն ընդունի»:

Արբակ Խաչատրյանի կարծիքով. «Փոքր երկիր ենք, երեք միլիոն բնակչություն էլ չկա, բայց կորոնավիրուսի թվով առաջինն ենք: Կամ Սահմանադրական դատարանի հարցը ինչո՞ւ պետք է այսքան երկարեր: Ռուսաստանի բանկերը խորտակվում են, տնտեսությունը փլվում է, բայց Հայաստանից պահանջում են, որ ռուսաց լեզվին հատուկ կարգավիճակ տան: Ինչո՞ւ: Ինձ չի հետաքրքրում՝ ինչ է ասում ՌԴ դեսպանը, նա աշխատավարձ է ստանում, պետք է մի բան խոսա: Բայց հարց եմ տալիս՝ ինչու, որովհետև ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ ենք, հետո ի՞նչ: Շատ այլ կառույցների անդամ կարող ենք լինել, բերենք բոլորին կարգավիճա՞կ տանք»։

Միևնույն ժամանակ Արբակ Խաչատրյանն ընդգծեց. «Ճիշտ մոտեցումներ են պետք, չպետք է եվրոպական օրենքներ ընդունենք ու գրգռենք Ռուսաստանին: Բա խելքն ինչի՞ համար է, քայլերն այնպես պետք է կատարել, որ ոչ մի երկիր չգրգռվի: Հիմա բոլոր ջանքերը պետք է ուղղվեն առողջապահությանն ու կորոնավիրուսի դեմ պայքարին: Ինչի՞ ենք հայերս մտածում, որ ամենախելոքն ենք, բայց ամենահիմար մոտեցումն ենք ցույց տալիս»:

Մեր զրուցակցի դիտարկմամբ` 30 տարի հայ ազգը մեկ բանի է սովոր եղել` գնալ, աշխատել ու փող ուղարկել. «Դա փակվեց, իսկ երկու տարում ի՞նչ արվեց: Բայց այս վատ վիճակում, կորոնավիրուսի այս պայմաններում բաժանվել, Ռուսաստանին մեր դեմ լարելը վատ հետևանքներ կունենա:

Կորոնավիրուսի պայմաններում են բոլոր եվրոպական օրենքներն ընդունում, Ղարաբաղում ընտրություններ անում: Ամեն ինչ իր ժամանակն ունի»:

Ավարտելով իր միտքը՝ մեր զրուցակիցը կրկին դիմեց ՌԴ դեսպանին. «Ի՞նչն է ձեզ հատուկ դարձնում, իսկ մյուսներին՝ երկրորդական»։

Spread the love