Երկուշաբթին տվեց շատ հարցերի պատասխաններ, որոնք ծագել են անցած շաբաթ՝ ինչու է իշխանությանը շատ անհրաժեշտ փոխել Սահմանադրությունը խորհրդարանում, ինչու է գործ բացվել Ծառուկանի դեմ, ի՞նչ է մտադիր անել Սահմանադրական դատարանը Քոչարյանի գործով ՄԻԵԴ եւ Վենետիկի հանձնաժողովի եզրակացություններն ստանալուց հետո։

Այսօր խորհրդարանն ընդունել է Սահմանադրական փոփոխությունները, որոնց ուժի մեջ մտնելուց հետո կդադարեն երեք դատավորների լիազորությունները, իսկ Հրայր Թովմասյանը կդադարի ՍԴ նախագահը լինելուց։ Օրենքի՝ հնարավորինս արագ ուժի մեջ մտնելու համար այն կստորագրի ոչ թե նախագահ Արմեն Սարգսյանը, այլ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը։

Մինչ խորհրդարանում քննարկում էր ընթանում, Սահմանադրական դատարանն աշխատանքային նիստ է հրավիրել ու որոշել վերսկսել Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը, քանի որ արդեն ստացել է ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունները։

Դեռ անցած շաբաթ, երբ դատարանը Ռոբերտ Քոչարյանին 4 միլիոն դոլար գրավի դիմաց ազատ արձակեց, Քոչարյանի փաստաբանները հայտարարեցին, որ Սահմանադրական դատարանին այլ բան չի մնում, քան որոշում կայացնել Քոչարյանի գործով, եւ գործը կկարճվի։

Այսօր Սահմանադրական դատարանը Քոչարյանի գործի քննության օր է նշանակել հուլիսի 7-ը։ Դա նշանակում է, որ ՍԴ-ն դեռ հնարավորություն է տեսնում երկու շաբաթ այս կազմով աշխատելու։ Ի՞նչի վրա է հույս դրել ՍԴ-ն։

Բանն այն է, որ այսօր ընդունված օրենքն ուժի մեջ չի մտնի, եթե ընդդիմադիր կուսակցությունները դիմեն Սահմանադրական դատարան ընդունված որոշման սահմանադրականությունը ստուգելու համար։ ՍԴ-ը, օրինակ, կարող է գործի քննությունը նշանակել սեպտեմբերին։

ԲՀԿ-ն ստորագրահավաք է սկսել ՍԴ դիմելու համար։ Դա հնարավոր կլինի, եթե Լուսավոր Հայաստանի պատգամավորները միանան դրան։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •