ԵԺԿ նախագահ, Եվրոպայի Խորհրդի նախկին նախագահ Դոնալդ Տուսկը Հայաստանի կառավարությանը կոչ է արել չճնշել ընդդիմությանը: Դոնալդ Տուսկը այդ հայտարարությունն արել է ԵԺԿ տեսավեհաժողովից հետո, որին, ի դեպ, մասնակցել է նաեւ Սերժ Սարգսյանը՝ որպես ՀՀԿ նախագահ: ՀՀԿ-ն ԵԺԿ անդամ է դեռեւս կառավարող ուժ եղած տարիներից:

Սերժ Սարգսյանը ԵԺԿ տեսավեհաժողովի իր ելույթում քննադատել է Հայաստանի կառավարությանը, ոչ ժողովրդավարական քայլերը: Տուսկի հայտարարությունը ստացվում է Սարգսյանի ելույթի օրգանական շարունակություն: Մյուս կողմից, սակայն, ԵԺԿ նախագահի հայտարարությունը թերեւս այդքան էլ միարժեք չէ, հատկապես հաշվի առնելով այն, որ ԵԺԿ Վեհաժողովին զուգահեռ, Երեւանում տեղի է ունեցել ԲՀԿ հանդիպումը ՌԴ դեսպանի հետ:

Հայաստանի նախկին կառավարող համակարգի երկու թեւերը փաստորեն հունիսի 17-ին «կիսվել» են՝ Ռուսաստան, Եվրոպա: Ըստ էության այնպես, ինչպես հեղափոխությունից առաջ Հայաստանի համար բախտորոշ ժամանակաշրջանում, երբ տապալվեց Եվրասոցացման գործընթացը, այդ թվում ԲՀԿ օժանդակությամբ:

Արդյոք արժե Դոնալդ Տուսկի հայտարարության մեջ դիտարկել այդ տողատակը, հաշվի առնելով նաեւ այն հետաքրքիր հանգամանքը, որ, երբ ՀՀԿ-ն ԵԺԿ-ին անդամակցելու հայտ էր ներկայացրել, նույնպիսի հայտ էր ներկայացրել նաեւ ԲՀԿ-ն, գրեթե միաժամանակ: Բայց ԵԺԿ-ն այն ժամանակ մերժեց ԲՀԿ անդամության հայտը, իսկ ՀՀԿ հայտը բավարարեց:

Ի՞նչ կամ ո՞ւմ նկատի ունի ԵԺԿ նախագահն ընդդիմություն ասելով, որին չճնշելու կոչով դիմում է Նիկոլ Փաշինյանին, որին համավարակից առաջ ընդունելով՝ Բրյուսելում հայտնել էր իր աջակցությունն ու նշել, թե կարող է հույս դնել իր վրա: Արդյոք Դոնալդ Տուսկը կառավարությանը հորդորելով չճնշել ընդդիմությանը, նկատի ունի ՀՀԿ-ն, այն դիտարկելով Հայաստանի հանդեպ Ռուսաստանից ակնհայտորեն ուժգնացած քաղաքական ճնշումներին դիմակայելու ռեսուրս:

Այդ տեսանկյունից հատկանշական էր ԲՀԿ շուրջ ստեղծված իրավիճակում ՀՀԿ անդրադարձը, որով ֆորմալ իմաստով հայտնելով աջակցություն, իրական քաղաքականության ռեժիմում Հանրապետականը փաստացի անում էր քայլ, որն ավելի շուտ ունի արգելակի, քան աջակցության խորքային պաշար՝ ՀՀԿ-ն շտապեց կիսել շարժումը. հետաքրքիր հայտարարություն: