ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ելույթում պնդեց՝ անցած շաբաթ տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, թե ինչ դավադիր կառույցի հետ գործ ունեինք մենք՝ ի դեմս Սահմանադրական դատարանի՝ արդեն նախորդ կազմի:

«Այդ իրադարձություններից ամենաուշագրավը հենց սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելու օրը Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների՝ Սահմանադրական դատարան մուտք արած հայտնի դիմումը հետ վերցնելու քայլն էր, որը բացահայտեց, թե իրականում ինչ ստվերային ու հանցավոր համաձայնությունների մեջ են եղել ՍԴ նախկին անդամները եւ սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը»,- ընդգծեց Բաբաջանյանը:

Պատգամավորն այնուհետեւ անդրադարձավ ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի այն հայտարարությանը, թե վարկեր ունի, ո՞վ է դրանք փակելու: Թոխյանն իր այս դժգոհությունն արտահայտել էր իրեն թոշակի ուղարկելու որոշման կապակցությամբ:

«Այսօր վարկային բեռից բողոքող մարդիկ, որոնք դեռ նախորդ տարեվերջին եւ այս տարեսկզբին հրաժարվեցին վաղ կենսաթոշակի մասին օրենքի ընձեռած հնարավորություններից, իրականում ստվերային գործարքի էին գնացել ծանրագույն հանցագործությունների մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի հետ, ումից ակնկալում էին ստանալ ավելին, քան այն արտոնություններն էին, նյութական միջոցներն էին, որ կարող էին ստանալ»,- հայտարարեց Բաբաջանյանը:

Ըստ նրա՝ այս դրվագով բացահայտվեց Սահմանադրական դատարանի բնույթը, այն, որ մենք ունեցել ենք ոչ թե ՍԴ, այլ հանցավոր խումբ:

«Այսօր այդ նույն խմբակը Երեւանի կենտրոնում փորել է խրամատ, Սահմանադրական դատարանը վերածել է բաստիոնի ու պատերազմ է մղում իշխանության եւ ժողովրդի դեմ»,- շարունակեց պատգամավորը՝ հավելելով, որ նրանք տարիներ շարունակ զբաղված են եղել Սահմանադրության բռնաբարությամբ եւ դրա համար աշխատավարձ են ստացել հարկատուներիս հաշվին:

Spread the love