ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հորդորում է իրենց շփումներում մարդկանց վերաբերվել որպես կորոնավիրուսի պոտենցիալ աղբյուր, իր պատմությունը չկրկնել:

Փաշինյանն այս մասին ասաց պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում՝ անդրադառնալով իր և իր ընտանիքի անդամների վարակմանը:

«Ակնհայտորեն ես եմ վարակվել և վարակել եմ մյուսներին: Ինձ համար միանշանակ է, որ ինչ-որ տեղ հակահամաճարակային կանոնների հետ կապված սխալ եմ թույլ տվել, կամ որևէ մեկն է այդ սխալը թույլ տվել: Ուստի, ուզում եմ ևս մեկ անգամ բոլորիդ խնդրել, կոչ անել, որ իմ պատմությունը չկրկնեք: Կարծում եմ, որ մեր դեպքը վկայում է նաև, որ ընդհանրապես մեր բոլոր շփումներում, շրջապատի բոլոր մարդկանց պետք է վերաբերվենք որպես կորոնավիրուսի պոտենցիալ աղբյուր, որովհետև ես և մեր ընտանիքի  որևէ անդամ որևէ ախտանիշ չի ունեցել: Եվ իմ ախտորոշումը տեղի է ունեցել ընդամենը այն բանի շնորհիվ, որ ես պարբերաբար թեստ եմ հանձնում: Վաղը չէ մյուս օրը Արցախի Հանրապետություն մեկնելու ծրագրեր կար, և քանի որ կարող էր այնտեղ պատահել այնպես, որ զինվորների հետ շփում լիներ, որոշեցի ախտորոշվել, նոր մեկնել, և տեղի ունեցավ դրական ախտորոշումը»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ, ըստ էության, հանրապետությունում մոտավորապես 18-20 հազար մարդ կարող են ասիմպտոմ լինել, այսինքն՝ չախտորոշված դեպքեր լինել: Վարչապետը կրկին բոլորին կոչ արեց պահել հակահամաճարակային կանոնները: «Մեր ընտանիքն ամբողջ կազմով մեկուսացած է վարչապետի կեցավայրում: Այս պահի դրության ախտանիշներ չունենք»,-ասաց Փաշինյանն ու նշեց՝ ճեպազրույցից առաջ ջերմությունը չափել է, այն 36.5 է եղել:

Վարչապետը շարունակում է աշխատել: Հունիսի 1-ի պարետատան նիստը վարչապետը հեռավար է վարել: Նա վստահեցրեց՝ վաղվանից ավելի շատ կինտեգրվի աշխատանքներին, այսինքն՝ ավելի շատ կփորձի վերադառնալ սովորական աշխատանքային գրաֆիկին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ պետությունն արել է հնարավոր ամեն ինչ, որ կորոնավիրուսով վարակված անձանց մեկուսացման պայմանները լինեն մաքսիմալ արժանապատիվ և հարմարավետ, սակայն դեպքերի ավելացման պարագայում նման պայմաններում պահելու հնարավորություն այլևս չկա:

Փաշինյանն այս մասին ասաց պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ասիմպտոմ դեպքերով վարակակիրների դուրս գրումը և նրանց վերադարձն ընտանիք, որտեղ մյուսներն առողջ են, չի նպաստում արդյոք վարակի տարածմանը:

«Մեկուսացման քաղաքականությունը վարեցինք այնքան ժամանակ, քանի դեռ  մեր հյուրանոցային և  մեկուսացման վայրերի հնարավորությունները ներում էր: Ընդ որում, կարծում եմ, որ ՀՀ քաղաքացիները վկա են, որ կառավարությունը, պարետատունը, Առողջապահության նախարարությունն ամեն ինչ արել են, որ մեկուսացման պայմանները լինեն մաքսիմալ արժանապատիվ և հարմարավետ: Բայց եկավ մի պահ, որ այնքան շատ էին մեկուսացվածները և այնքան շատ էին դրական դեպքերը, որ այլևս նրանց նման պայմաններում պահելու հնարավորություն չկար: Եվ, ըստ էության, լուծման այլ տարբերակ ուղղակի գոյություն չուներ»,-ասաց Փաշինյանը:

Նա շեշտեց, որ  շատ դեպքերում չախտորոշված դեպքերը, որոնց վարակված լինելու մասին իրենք էլ, շրջապատն էլ չգիտեն, վարակի տարածման առումով ավելի վտանգավոր են, քան ախտորոշվածը: Վարչապետը նշեց՝ այս պայմաններում դրական ախտորոշված դեպքերի հետ կապված զգոնությունը պետք է կրկնակի ավել լինի, այլ տարբերակ պարզապես չկար: Նա նաև հիշեցրեց, որ շատ երկրներ ի սկզբանե են ասիմպտոմ դեպքերը տնային պայմաններում բուժել:

Spread the love